Հայաստան - Արցախ

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Վաղ թէ ուշ այդ մէկ օրւայ ճամբէն պէտք է անցնենք. այլ տարբերակ չունենք»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորցրածը յետ վերադարձնելու կամքն ու նպատակը հայ ժողովրդի մօտ վերականգնելու օրակարգային խնդրին:

«ՀՀ սահմանին կանգնած հայ զինւորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է։ Շուշի՝ 25 կիլոմետր։ Քարվաճառ՝ 7 կիլոմետր։ Հադրութ՝ 40 կիլոմետր…

Աւելին ասեմ՝ Գանձակը ՀՀ սահմանից ընդամէնը 55 կիլոմետր է հեռու։

Կասէք՝ ի՞նչ կապ ունեն հեռաւորութիւնները։ Ոչ մի։ Մանաւանդ մեր ժամանակներում այս «հեռաւորութիւններն» իսկապէս ոչ մի կապ չունեն։ Բոլոր ուղղութիւններով տուն գնալը մէկ օրւայ ճամփայ է։

Կամք ու նպատակ լինի։ Կամք ու նպատակ… ահա, թէ որ հարթութիւնում է կռիւ տարւում մեր ժողովրդի դէմ։ Ահա, թէ որտեղ ենք պարտւել մեր թշնամուն։ Ու հիմա մտածում եմ՝ ապշելիք է՝ ո՞նց են էլի մեզ ներշնչել, որ վերջ՝ ամէն ինչ կորցրած է։ Լո՞ւրջ։ Իսկ ես համոզւած եմ, որ ոչ։ Ու վերականգնումը պէտք է մեր նպատակը դառնայ։ Մեր իսկական ու միակ նպատակը։

Վաղ թէ ուշ այդ մէկ օրւայ ճամբէն պէտք է անցնենք։ Այլ տարբերակ չունենք։ Չանցնենք` կորած ենք։ Ու այդ որոշումը մենք պէտք է այսօր կայացնենք։ Անհատապէս եւ ազգովի։

Յ.Գ. Կեանքումս միայն մէկ նպատակ եմ ունեցել՝ մեր հարազատ Ոսկանապատում խորոված անել։ Այս պահին գոյութիւն ունեցող մեր սահմանից մինչ Ոսկանապատ ընդամէնը 35 կիլոմետր է։ Նոյնը, ինչ Երեւանից Հրազդան։ Ու ես պիտի հաւատամ, որ երազանքներս, նպատակներս, ուժն ու կարողութիւնս 35 կիլոմետրի էլ չեն բաւարարի՞»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button