Դեսպան Սոբհանի. «Հայաստանում արտատարածքային միջանցք ստեղծելու մասին խօսող երկրները պատրա՞ստ են նոյնն անել իրենց տարածքում»
Մեր դիրքորոշումը չի փոխւել՝ դէմ ենք տարածաշրջանում սահմանների եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւններին։ Սահմանների փոփոխութիւնը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագոյն իշխանութիւնների մակարդակով է յայտարարւել, եւ ոչ ոք չի կարող յետ կանգնել դրանից։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա ընդգծել է, որ այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծելու որեւէ իմաստ չկայ, եւ որ ամէն երկրի հաղորդակցման ուղիները գտնւում են իր ինքնիշխանութիւնն այդ տարածքում իրացնող պետութեան ձեռքում։
«Կարծում եմ՝ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որեւէ աղերս չունի միջազգային իրաւունքի, երկրների տարածքային ամբողջականութեան եւ ազգային ինքնիշխանութեան հետ։ Ինչպէս նշւած է Հայաստանի վարչապետի «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի տարածքում տարածքային ցանկացած կապ պէտք է գործի այդ երկրի ազգային ինքնիշխանութեան ներքոյ։ Այն երկրները, որոնք խօսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են արդեօք իրենց տարածքում ստեղծել նման արտատարածքային միջանցքներ։ Կարծում եմ՝ պատասխանը բացասական է։ Ուստի, այն, ինչն իրենք իրենց համար չեն ցանկանում, ուրիշների համար եւս չպէտք է ցանկանան»,- յայտարարել է դեսպան Սոբհանին։
News.am