Ատրպատականի հայոց թեմում ընթերցւեց Արամ Ա Վեհափառ Հայրապետի «2024 – Մարդուժի պատրաստութեան տարի» հռչակող սրբատառ կոնդակը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Դեկտեմբերի 24-ին, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագը մատուցւեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Սբ. Շողակաթ եկեղեցում, որտեղ նաեւ հանդիսաւոր հոգեհանգիստ կատարւեց տարւայ ընթացքում մեզանից առյաւէտ հեռացած հանգուցեալների հոգու խաղաղութեան համար:
Մեր թեմի որդեգրած մէկ այլ աւանդութեան համաձայն, նոյն օր յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի առաջիկայ տարւայ նւիրւած հռչակագիր-Կոնդակը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն 2024 տարին հռչակել է «Մարդուժի պատրաստութեան տարի»:
Թաւրիզի Սբ. Շողակաթ եկեղեցում իր մատուցած եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընթերցեց Վեհափառ Հայրապետի պատգամը: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ երաժիշտ-խմբավար Վարդան Վահրամեանի: Ճաշու գրքի ընթերցումը կատարեց Քարմէն Աբրահամեանը: Խորանին սպասարկում էին բարեշնորհ սարկաւագներ՝ Առլէն սրկ. Բադալեանը եւ Սեւան սրկ. Ենովքեանը:
Փոխան քարոզի, Վեհափառ Հայրապետի սրբատառ Կոնդակը խնկարկութեամբ դուրս բերւեց հիւսիսային խորանի խորշից, եւ եկեղեցու սարկաւագների ձեռամբ վերաբերւեց դէպի խորան, յանձնւելով Սրբազան Հօրը: Թափօրը առաջնորդում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաուտներ՝ Թադէ Նազարբէգեանը, Իզաբէլ Սարգսեանը եւ Շարա Բաղդասարեանը:
Նորին Սրբութիւնը իր Կոնդակում, մեր ազգի ներկայ դժւարին պայմաններում յոյսի նոր մղում է տալիս, նոր շեշտադրումով կազմակերպւելու ուղեգիծ ճշտելով:
Ընտանիքը, հայ դպրոցը, եկեղեցին եւ մեր ազգային միութիւններն ու կազմակերպութիւնները մարդուժի պատրաստութեան կարեւոր հարթակներ իբրեւ ներկայացնելուց բացի, Նորին Սրբութիւնը շեշտը դնում է նաեւ, պարագաների բերմամբ մեր ազգային կեանքից հեռու մնացած հայերի ներգրաւման վրայ:
Ի վերջոյ, Արամ Ա Վեհափառ Հայրապետը գործնական թելադրութիւններ է կատարում, ներկայ բազմազան դժւարութիւնների բովից անցնող մեր ժողովրդի ուժերի հաւաքման եւ յատկապէս երիտասարդական շարքերի ազգի կեանքի շուրջ համախմբման համար:
Նոյն օրը, Վեհափառ Հայրապետի սոյն հռչակագիր-Կոնդակը ընթերցւեց նաեւ Ուրմիայի Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցում, Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցով, որը այդ օրը սուրբ պատարագը մատուցեց վերոյիշեալ եկեղեցում: Եկեղեցական երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ Օֆելիա Սայեադեանի: