Քրոնիկ ստրեսը նպաստում է քաղցկեղի մետաստազիզացմանը
Սենթ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի գիտնականները յայտնաբերել են, որ ստրեսը յանգեցնում է արեան բջիջների, որոնք կոչւում են նէյտրոֆիլներ, ձեւաւորել կպչուն, ցանցանման կառուցւածքներ, որոնք հիւսւածքներն աւելի զգայուն են դարձնում քաղցկեղի մետաստազների նկատմամբ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cancer Cell ամսագրում:
Հետազօտութեան ընթացքում գիտնականները կրծքագեղձի քաղցկեղով հիւանդ լաբորատոր մկների խմբին ենթարկել են յատուկ պայմանների՝ քրոնիկական ստրեսի նմանակման համար: Այնուհետեւ գիտնականները արեան նմուշներ են վերցրել կրծողներից՝ գնահատելու նրանց մարմնում տեղի ունեցող նիւթափոխանակութեան փոփոխութիւնները: Թեստերը ցոյց են տւել, որ ստրեսի ժամանակ արեան սպիտակ բջիջները, որոնք կոչւում են նէյտրոֆիլներ, սկսում են միաւորւել եւ ձեւաւորել կպչուն, ցանցանման կառուցւածքներ:
Գիտնականները պարզել են, որ հիւսւածքներում նման կառոյցների առաջացումը նրանց խոցելի է դարձնում քաղցկեղի մետաստազների նկատմամբ։ Այդ մասին վկայում էր քաղցկեղի բջիջների տեղափոխումը կրծքաւանդակի հատւածից դէպի կրծողների թոքերը։
Նշւում է, որ նէյտրոֆիլների կողմից ստեղծւած ցանցանման կառոյցները կոչւում են ցանցեր կամ նէյտրոֆիլ բջիջների արտաբջջային թակարդներ։ Նրանք հանդէս են գալիս որպէս մի տեսակ ցանց՝ ներխուժող պաթոգեն միկրոօրգանիզմներին «բռնելու» համար։ Սակայն քաղցկեղի դէպքում նման ցանցերը մետաստազների համար բարենպաստ միջավայր են ստեղծում։
Գիտնականները ենթադրել են, որ նոր դեղամիջոցների մշակումը, որոնք ուղղւած են նէյտրոֆիլ բջիջների թակարդներին, կարող են բարելաւել քաղցկեղի բուժման արդիւնաւէտութիւնը, երբ հիւանդութիւնը չի սկսել մետաստազներ տալ:
NEWS.am Medicine