Սննդակարգում երկաթի անբաւարարութիւնը մեծացնում է շնչառական վիրուսներով վարակւելու ռիսկը

Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երկաթի ցածր պարունակութեամբ դիետան խախտում է թոքերում T-բջիջների աշխատանքը եւ թուլացնում է պաշտպանութիւնը շնչառական վիրուսներից։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են The Journal of Immunology (JI) ամսագրում։
Փորձի ընթացքում մկներին դրել են ցածր երկաթով սննդակարգի վրայ եւ վարակել գրիպի վիրուսով: Գիտնականները հետեւել են, թէ ինչպէս են կրծողների իմունային T բջիջները ձեւաւորում յիշողութեան բջիջները:
Յիշողութեան բջիջներ են կոչւում լիմֆոցիտների պոպուլիացիաները, որոնք պահպանում են նախկինում գործած անտիգէնների մասին տեղեկատւութիւնը եւ ձեւաւորում երկրորդային իմունային պատասխան։ Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ երկաթի դեֆիցիտի դէպքում դրանք գրեթէ չէին արտադրում ինտերֆերոն-գամմա՝ առանցքային հակավիրուսային ազդանշանը։ Խախտումը պահպանւում էր նոյնիսկ սննդակարգը նորմալացնելուց յետոյ, ինչը վկայում է իմունային բջիջների ֆունկցիայի կայուն վնասման մասին։
Ազդեցութիւնը պարզւել է, որ տեղայնացւած է թոքային հիւսւածքում. թոքերի T-բջիջները կորցնում էին վիրուսին լիարժէք արձագանքելու ունակութիւնը, մինչդեռ իմունային համակարգի այլ օղակները նորմալ են աշխատել։ Սա կարող է բացատրել, թէ ինչու է երկաթի դեֆիցիտը կապւած շնչառական վարակների նկատմամբ բարձր խոցելիութեան եւ ասթմայի աւելի մեծ ռիսկի հետ։
Հեղինակների խօսքով՝ երկաթի դեֆիցիտը սնուցման առաւել տարածւած խախտումներից մէկն է։ Թոքերի իմունիտետի վրայ դրա ազդեցութեան աւելի խորը ըմբռնումը կարող է օգնել նոր դիետիկ եւ բժշկական ռազմավարութիւններ մշակելու հարցում՝ վիրուսային հիւանդութիւնների կանխարգելման համար։
News.am



