«Երիտասարդութիւնը ոչ միայն հաճոյքների մասին է, այլ նաեւ սխրանքների ու հերոսութեան»
Բագրատ Սրբազանը հանդիպել է երիտասարդների հետ
«ԱԼԻՔ» – Երէկ` երեկոյեան, Երեւանի Մանկական այգում «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել է երիտասարդների հետ։
Ջերմ մթնոլորտում ու բարձր տրամադրութեամբ անցած հանդիպման ընթացքում, Սրբազանը մտերիմ զրոյց է ունեցել երիտասարդների հետ։
Ստորեւ ներկայացնում ենք նրա խօսքերի կարեւոր հատւածները.
– Ուզում եմ ձեզ գնահատել առաջին րոպէից ձեր ինքնադրսեւորման համար, որը ոչ մի պայմանականութիւն չունի, այլ միայն մէկ պատճառ, որ մեր կեանքը կոչւած է փոփոխւելու։
Փոփոխութիւնը շատ դժւար է, բայց անհրաժեշտ։ Եթէ կեանքում փոփոխութիւն գոյութիւն չունի, կեանքը դառնում է ճահիճ, այսօրւայ տերմինաբանութեամբ` խաղաղ, բայց մեռած։ Հետեւաբար փոփոխութեան առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք էք։
– Ես ձեզ հետ ծանօթացել եմ, դուք շատերդ իրար հետ ծանօթացել էք որտե՞ղ, ի՞նչ միջավայրում, ի՞նչ արժէքներով, ի՞նչ հարցերի շուրջ։
Հրապարակներում էք անցկացրել, գիշեր էք լուսացրել, ոստիկանական տարբեր շարքերի առջեւ էք ընդվզում արտայայտել։ Ինչի՞ համար, որ ի՞նչ լինի։ Որ մեր կեանքը փոխւի, որ արժէքները փոխւեն։ Եթէ արժէքների փոփոխութիւն չունեցանք, մնացած բաները չեն գործելու մեր կեանքում։
Եւ ես շատ ուրախ եմ, որ դուք հէնց առաջին արձագանգողը եղաք ու ձեր նման շատ-շատերը։
– Մեզ օդի ու ջրի պէս հանրային լայն հաշտութիւն է պէտք։ Այս ուժերը մեզ այնպէս են թիրախաւորել, որ չունենանք այդ հաշտութիւնը։
– Մեր խնդիրը պատասխանատւութեան զգացողութեան բացակայութիւնն է։
– Երիտասարդութիւնը ոչ միայն հաճոյքների մասին է, այլ նաեւ սխրանքների ու հերոսութեան։
Յիսուսն ըմդամէնը 33 տարեկան էր, բայց յաւիտենական հերոս, օրինակ ու ուղղութիւն է։
Մեր հերոսութեան ընկալումը ռազմի դաշտում է՝ հայրենիք, պետութիւն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է։ Դա բարձրագոյն աստիճանն է։ Պետութիւնն այդպէս պէտք է կարողանայ սնւել, այդ բարձրագոյն զոհաբերութիւնից ու հերոսութիւնից։
Բայց հերոսութիւն է նաեւ պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչւած ես փոփոխութիւն բերելու, քո միջոցով, քո անձով, քո նկարագրով եւ քո գործերով։
– Ինձ միշտ ասել են՝ հնարավոր է այս մարդիկ գնան։ Արդէն պէտք է գնացած լինէին, եթէ բարոյականութիւն լինէր մեր կեանքում։ Այն արժէքների մասին, որ խօսում ենք, եթէ լինէին, մենք այսքան տառապանք չէինք ունենայ։ Այո՛ մենք կունենայինք հազար ու մի խնդիր, բայց նաեւ կունենայինք դրանք լուծելու հնարաւորութիւն, բայց այսօր այդ հնարաւորութիւնը չունենք։
Երբ ասել են՝ հնարաւո՞ր է, որ գնան, ես երեւի հազար անգամ ասել եմ, որ հարցը հնարաւոր լինել կամ չլինելը չէ, այլ հարցը անհրաժեշտ լինել կամ չլինելն է։ Անհրաժե՞շտ է, որ գնան, թէ՝ ոչ։ Մենք մեզ այսպէս պէտք է հարցնենք։
Այս ամբողջ պայքարի էութիւնը ո՛չ ատելութիւնն է, ո՛չ թշնամանքը, ո՛չ քաոսը, ո՛չ սուտն ու կեղծիքը, այլ անհրաժեշտութիւնն է, ինչպէս թթւածինն է անհրաժեշտ մարդու համար։
– Ինձ միշտ ասել են՝ հնարաւոր է այս մարդիկ գնան։ Արդէն պէտք է գնացած լինէին, եթէ բարոյականութիւն լինէր մեր կեանքում։ Այն արժէքների մասին, որ խօսում ենք, եթէ լինէին, մենք այսքան տառապանք չէինք ունենայ։ Այո՛ մենք կունենայինք հազար ու մի խնդիր, բայց նաեւ կունենայինք դրանք լուծելու հնարաւորութիւն, բայց այսօր այդ հնարաւորութիւնը չունենք։
Երբ ասել են՝ հնարաւո՞ր է, որ գնան, ես երեւի հազար անգամ ասել եմ, որ հարցը հնարաւոր լինել կամ չլինելը չէ, այլ հարցը անհրաժեշտ լինել կամ չլինելն է։ Անհրաժե՞շտ է, որ գնան, թէ՝ ոչ։ Մենք մեզ այսպէս պէտք է հարցնենք։
Այս ամբողջ պայքարի էութիւնը ո՛չ ատելութիւնն է, ո՛չ թշնամանքը, ո՛չ քաոսը, ո՛չ սուտն ու կեղծիքը, այլ` անհրաժեշտութիւնն է, ինչպէս թթւածինն է անհրաժեշտ մարդու համար։
– Ես Տաւուշում իմ երեխեքին միշտ ասում էի՝ ձեր ձեռքերն էլ կտրելու լինեն, ոտքերն էլ կտրելու լինեն, ամենածանր վիճակում էլ լինէք, չխաբէք, սուտ չխօսէք։
Ստի պատճառով ենք հասել այստեղ, ստի պատճառով էք դուք փողոցում։ Ճշմտարտութիւնը շատ դժւար, բայց շատ հաճելի բան է եւ դրա յաղթանակը բոլորինն է։
Այո՛, մենք միասին, ձեզ համար, ձեր միջոցով պէտք է նոր որակներով պետութիւն ստեղծենք, որպէսզի լինենք լաւագոյնն ազգերի շքերթում ու մեծ տեսիլքներում, չվախենանք, չխեղճանանք, չկծկւենք։
– Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարեւոր շրջան, հէնց այս փոփոխութիւնները կրելու շրջան։
Ցանկանում էի, որ այս ընթացքի մէջ առաջինը ձեզ հանդիպէի։
Պէտք է խնդրեմ, որ ձեր միջից խորհուրդ ձեւաւորւի, որպէսզի մենք կարողանանք էլ աւելի մեծ համախմբում ապահովենք։
Ձեր օրինակը պէտք է տարածւի ամբողջ Հայաստանով, ձեզանից ամէն մէկին պէտք է տեսնեն եւ ասեն՝ ուզում եմ իր նման լինեմ, ես մինչեւ այսօր այսպէս չեմ ապրել, հիմա ուզում եմ իր նման ապրել, որովհետեւ ինքը յաղթողի հոգեբանութիւն ունի, ճշմարտութեանը հաւատացող մարդ է։