Հայաստան - Արցախ

Որեւէ մէկին գեղեցիկ աչքերի համար աջակցութիւն չեն տրամադրում, պէտք է հասկանալ՝ ինչը ինչի դիմաց է․ ընդդիմադիր պատգամաւորը՝ Բրիւսէլի առաջիկայ հանդիպման մասին

Արտաքին աջակցութիւնն արտաքին քաղաքականութեան գործիքներից մէկն է եւ որեւէ մէկին գեղեցիկ աչքերի համար աջակցութիւն չեն տրամադրում։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայէնի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի ապրիլի 5-ին Բրիւսէլում կայանալիք հանդիպմանը։
Հարցին՝ իշխանութիւններն այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեն եւ դա ներկայացնում են, որ տնտեսութեան համար բում կը լինի, Խաչատրեանը յիշեցրեց, որ տնտեսական բումի մասին իշխանութիւնները խօսում էին դեռեւս հինգ տարի առաջ, երբ եւրոպական փողերից 2.5 մլրդ դրամի օգնութեան հարցը կար։
«Տարիներ են անցել, սակայն, կարծեմ, տրամադրւել է միայն կէս մլրդը, այն էլ մաս-մաս։ Այսինքն եթէ նայենք, ապա այդ աջակցութիւնը ոչինչ չի փոխել։ Այնպէս որ մէկ բում մենք արդէն բաց ենք թողել»,- ասաց նա եւ յաւելեց․
«Միւս կողմից պէտք է հաշւի առնենք, որ արտաքին աջակցութիւնը դա արտաքին քաղաքականութեան գործիքներից մէկն է, իսկ որեւէ մէկին գեղեցիկ աչքերի համար աջակցութիւն չեն տրամադրում։ Խօսքը չի վերաբերում մարդասիրական աջակցութեանը, խօսքը գնում է լուրջ՝ «բումային» աջակցութեան մասին։ Այնպէս որ այստեղ էականը է հասկանալ ՝ ինչը ինչի դիմաց է»։
Պատգամաւորի կարծիքով՝ նախ պէտք է հասկանալ՝ ինչ են առաջարկում, ինչ են ակնկալում, դա ինչ հնարաւորութիւններ է ընձեռելու եւ ինչ ռիսկեր է պարունակելու։
«Ամենամեծ ռիսկը որ մենք այսօր ունենք դա անվտանգային խնդիրն է, իսկ ամսի 5-ի հանդիպման մասին յայտարարւած նպատակը Հայաստանի տնտեսութեան դիմակայութեան բարձրացումն է, այլ ոչ թէ անվտանգային խնդիրը։ Այնպէս որ սպասել ինչ-որ մի արագ, կենսական կարեւորութեան ճեղքման, օրինակ, յայտարարութեան, որ մենք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դէպքում ռազմական պատասխան կը տանք, կամ պատրաստ ենք թէկուզ պատժամիջոցներ կիրառել, նման բան ո՛չ այսօր, ո՛չ էլ ամսի 5-ին չենք տեսնի»,- նկատեց նա։
Դիտարկմանը՝ արդեօք այդ հանդիպումը նշանակում է, որ տնտեսական խնդիրերն իշխանութեան համար աւելի գերակայ են, քան անվտանգայինը, նա արձագանքեց․
«Դէ ասւում է՝ քննարկւելու է տնտեսական հարց, մնացածը յայտնի կը լինի այն ժամանակ, երբ ձեռք բերւած համաձայնութիւնը սեղանին կը դնենք, բայց իհարկէ, միւս կողմից էլ իրենք հասկանում են, որ Հայաստանի տնտեսութիւնը կոլափսի եզրին է կանգնած։ Թւերը որ տեսնում ենք պայմանաւորւած են բացառապէս Հայաստանի կառավարութեան քաղաքականութեամբ, կառավարութեան կողմից չվերահսկւող արտաքին գործօններով, իսկ դրական գործօնները գնալով նւազում են։ Հիմա եթէ յարաբերութիւնները շարունակւի սրւել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-Ի շրջանակներում ապա մենք ունենալու ենք շատ կոշտ վայրէջք տնտեսական եզրոյթն օգտագործելով, իսկ տնտեսական կոշտ վայրէջքը կը բերի սոցիալական մեծ ցնցումների, ինչին Փաշինեանի ռեժիմը կարող է չդիմանալ»։
Նա շեշտեց, որ տեղի է ունենում Ռուսաստան-կոլեկտիւ Արեւմուտքի միջեւ վերջին 100 տարւայ ընթացքում ամենամեծ բախումը․
«Բնականաբար, թէ՛ կոլեկտիւ Արեւմուտքը, թէ՛ Ռուսաստանը փորձում են դաշնակիցներ ձեռք բերել, փորձում են միւս կողմի դաշնակցիներին տանել իրենց կողմ եւ միմեանց համար փոքր գլխացաւանքներ ստեղծել։ Այստեղ խնդիրը պէտք է լինի՝ չդառնալ գործիք»,- շեշտեց Խաչատրեանը։

 

Յիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրիւսէլում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի,   Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայէնի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եռակողմ հանդիպումը։ Քննարկւելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցութեան ուղիները։

Related Articles

Back to top button