Իրանցի փորձագէտների հաւաստմամբ՝ Թուրքիան ծրագրում է կլանել Արաքսի ջրային պաշարների 83%-ը
«ԱԼԻՔ»- Թուրքիան DAP գերնախագծի աւարտով հնարաւորութիւն կունենայ իր տարածքներից վերահսկել Արաքսի անդրսահմանային ջրբաժանի ջրայիններ ուժի շուրջ 83%-ը։
Այս կապակցութեամբ գիտահետազօտական յօդւած է հրապարակւել Թեհրանի Պետական համալսարանի «Աբուրէյհան» կոլէջի հանդէսում, որտեղ Սաիդ Նասթարանի-Ամուքիի, Զահրա Քուրեշիի, Հոջաթ Միանաբադիի եւ Աթէֆէ Փարւարեշ-ռիսիի համատեղ ուսումնասիրութեան արդիւնքում վերլուծւել են խնդրի բնապահպանական, շրջակայ միջավայրի, սննդային անվտանգութեան, եւ աշխարհաքաղաքական հաւասարումների հնարաւոր փոփոխութեան խնդիրները:
Յօդւածում գիտաշխատողների այս խումբը կարեւորել է Արաքսի ջրային ռեսուրսների աւազանի նշանակութիւնը տարածաշրջանի երկրների համար, որպէս անդրսահմանային գետաւազան, յատկապէս, Կովկասեան տարածաշրջանում, որը բաժանւած է չորս ափամերձերկրներ՝ Թուրքիայի, Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ:
Յօդւածի ներածութեան մէջ հեղինակները յիշեցրել են, որ թէեւ միջոցներ են ձեռնարկւել այս գետաւազանի երկրների միջեւ ջրային համագործակցութիւնը զարգացնելու ուղղութեամբ, այնուամենայնիւ Արեւելեան Անատոլիայի նախագիծը (DAP) եւ Թուրքիայի վարած հիդրոպոլիտիկ ուղղւածութիւնը թիրախաւորելով հարեւան երկրներին դառնալու են այն հիմնական գործօնները, որոնք շրջելու են աւազանի համագործակցային մթնոլորտը վտանգելով տարածաշրջանի տեւական կայունութիւնը:
Վերջին տասնամեակների ընթացքում Թուրքիան օգտագործել է անդրսահմանային ջրային ռեսուրսները՝ ամրապնդելու համար իր տնտեսական զարգացումը, միաժամանակ առաջ մղելով քաղաքական ռազմավարութիւնը հիդրոհեգեմոնիա ստեղծելով տարածաշրջանում:
Գիտաշխատողների այս խմբի համաձայն նախագծի իրականացումը տեւել է մի քանի տարի, եւ այդ ընթացքում բազմիցս հնչել են նախազգուշացնող կոչեր ու ահազանգեր, սակայն Արաքսի վերին հատւածի ջրային պաշարների կլանմանն ուղղւած Թուրքիայի նախագիծը համապատասխան ուշադրութեան չի արժանացել Իրանի հիդրոքաղաքական հաշւարկներում:
Ուսումնասիրութեան համար օգտագործւելեն բոլոր այն աղբիւրները, որոնցում տեղ են գտել տարածաշրջանում ամբարտակների կառուցման Թուրքիայի ծրագրերն ու այդ ուղղութեամբ կատարւած գիտական հետաքննութիւնները: Օգտագործւել են նաեւ Իրանի ջրային ռեսուրսների վրայ հնարաւոր ազդեցութիւնների մասին ուսումնասիրութիւններն ու աղբիւրները, ներառեալ ամբարտակների կառուցումից յետոյ գրանցւած իրավիճակը:
Յօդւածը յիշեցրել է, որ Թուրքիան իր շրջանների զարգացման նպատակով անցել է Արաքսի վրայ մի շարք ամբարտակներ կառուցմանը, եւ չի անդամակցում ջրի հետ կապւած կոնւենցիաներին, նոյնիսկ դէմ է արտայայտւել ՄԱԿ-ի 1997 թւականի կոնւենցիաներին (Համօգտագործւող ջրային ռեսուրսների շուրջ այս օրինակ վէճերը կառավարելու կամ լուծելու ուղիներից մէկը միջազգային օրէնքների եւ կոնւենցիաների օգտագործումն է, ներառեալ 1997 թւականի Միաւորւած ազգերի կազմակերպութեան միջազգային կոնւենցիան՝ ոչ-նաւային նպատակներով):
Ուշագրաւ են նաեւ Իրանի «ՄԱՔԱ» ուսումնասիրութիւնների կենտրոնի գիտաշխատող, շրջակայ միջավայրի հարցերի փորձագէտ դոկտ. Մոհամմադ Սաբեր Բաղխանիփուրի տեսակէտները։ Նրա արձանագրած փաստերի համաձայն, Թուրքիայի ջրամբարաշինութիւնը չի սահմանափակւում GAP-ով, այլ Թուրքիան 20 տարի առաջ է անցել ամբարտակաշինութեան իր 10 գերնախագծերի իրականացման աշխատանքներին, իսկ GAP-ի աւարտին կառուցւած ամբարտակներում Եփրատի ու Տիգրիսի տարողութիւնների 5 ապատիկը ջուր է կուտակւելու։ Հետեւաբար` կասկածից վեր է, որ յիշեալ գետերի աւազանիներքին երկրներում ջրային ռեսուրսների սղութեան հետ միասին առաջանայ փոշեհատիկների տարածման հետ կապւած ճգնաժամ։
Փորձագէտի հաւաստմամբ՝ Թուրքիան առանց թաքցնելու հետեւում է ջուրը, որպէս քաղաքական ու անվտանգային ճնշման միջոց օգտագործել հարեւան երկրների դէմ: