Հայաստան - ԱրցախՔաղաքական

Որքանո՞վ է հնարաւոր առաջիկայ ամիսներին Հայաստանի դէմ ադրբեջանական յարձակումը կամ էսկալացիան

«ԱԼԻՔ» – 2019 թ. Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր սպառազինութեան աննախադէպ գնումների, 2020 թ. ռազմական բիւջէի աճի մասին՝ միաժամանակ շեշտելով՝ «սպառազինութիւնը մեզ պէտք է ոչ թէ պատերազմի, այլ՝ խաղաղութեան համար»:

Մէկ տարի յետոյ սկսւեց 44-օրեայ պատերազմը, որի ժամանակ, ինչպէս Ադրբեջանի նախագահն էր յայտարարել, Հայաստանը կրել է 5 մլրդ. դոլարի զինտեխնիկայի կորուստ, մի մասը ոչնչացւել է, մի մասը տարել են՝ որպէս աւար:

Վերջին 2 տարիներին ՀՀ իշխանութիւնները խօսում են միլիարդների սպառազինութիւն ձեռք բերելու մասին, զուգահեռաբար անցած տարւանից առաջարկելով սպառազինութեան վերահսկման երկկողմ համաձայնագիր Ադրբեջանի հետ, սպառազինութեան քւոտաւորում՝ ընդգծելով, որ ձեռք բերւած սպառազինութիւնն այլ երկրի դէմ օգտագործելու մտադրութիւն չկայ:

Այս մասին հերթական անգամ յայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը՝ հնդկական առաջատար WION լրատւամիջոցի հետ զրոյցում. «Հնդկաստանում արտադրւած որոշ յատուկ սարքաւորումների ձեռքբերումը Հայաստանի կողմից նախատեսւած չէ օգտագործւելու կամ, այնուամենայնիւ, որեւէ այլ իմաստով, այն ուղղւած չէ որեւէ այլ՝ երրորդ կողմի դէմ»:

Այն, որ Հայաստանը զէնք է գնում՝ ամրապնդելու իր պաշտպանունակութիւնը, դա յայտնի է: Բայց եթէ ադրբեջանական կողմը սադրանքի փորձերի դիմի՞, արդեօք այն չի՞ կիրառւելու, էլ չենք ասում, որ ցանկացած զէնք եւ սպառազինութիւն իր կիրառման ժամանակն ունի:

Նշենք, որ Հայաստանը երբեք նախայարձակ չի եղել ՀՀ որեւէ իշխանութեան օրօք, չի ունեցել տարածքներ նւաճելու մտադրութիւն, բայց ի տարբերութիւն Նիկոլ Փաշինեանի՝ նախկին իշխանութիւնները կարողացել են պահպանել ՀՀ ինքնիշխան տարածքները, նաեւ՝ Արցախը:

Նրանք նաեւ միջազգային կառոյցներին փորձել են հասկացնել՝ ադրբեջանական սադրանքներն ու դիւերսիոն ներթափանցման փորձերն անպատասխան չեն մնալու, եւ, որ այս կամ այն սպառազինութիւնը ձեռք է բերւում՝ զսպելու ադրբեջանական ռազմական քայլերը:

Որեւէ անօրինական բան կա՞յ այստեղ, հիմա ինչպէ՞ս է, որ, ըստ Նիկոլ Փաշինեանի, այսօր միջազգային հանրութիւնը, աշխարհը սա չի հասկանում, եւ պէտք է երբեմնի զսպման/սանձահարման համակարգը կամ հայեցակարգը վերափոխել պաշտպանւելու հայեցակարգի, եւ դեռ հարց է՝ ինչպէս է պաշտպանւելու, քանի որ ՀՀ իշխանութիւնները, ըստ էութեան, ռազմական տեսանկիւնից չեն պատկերացնում՝ ինչ ասել է՝ պաշտպանութեան անցնել:

Իսկ Ադրբեջանին այս բոլոր վստահեցումները կարծես չեն հետաքրքրում, աւելի ճիշտ՝ անտեսւում են, այլապէս ժամանակ առ ժամանակ Հայաստանի դէմ քարոզչական-տեղեկատւական յարձակում չի լինի՝ մեղադրանքով, թէ Հայաստանը պատրաստւում է պատերազմի:

Մարտի 11-ին caliber.az-ը հերթական նմանօրինակ յօդւածն էր հրապարակել՝ իբր Հայաստանը «վերջին նախապատրաստութիւններն է տեսնում պատերազմի»:

Եւ այս անհիմն պնդումն ադրբեջանական լրատւամիջոցը հիմնաւորում է Հնդկաստանից «Akash» զենիթահրթիռային համալիրների եւ Ֆրանսիայից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերմամբ, Հայաստան-Ադրբեջան սահմանագօտում կամ 2-րդ գծում ամրացման շրջանների կառուցմամբ, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, ամէն ինչ մտածւած է՝ ապահովելու կրակային վերահսկողութիւն ռազմավարական նշանակութեան տարածքների նկատմամբ, եւ, որ բոլոր դիրքերը միմեանց հետ կապւում են թունելներով, որոնք «կարող են օգտագործւել Ադրբեջանի դէմ յարձակման դէպքում»:

Այս համատեքստում ադրբեջանական լրատւամիջոցն ուշադրութիւն է հրաւիրել նաեւ ՀՀ-ում ապրիլի 1-ից յունիսի 13-ը ներառեալ պահեստազօրայինների վարժական հաւաքների անցկացման վրայ, ԵՄ դիտորդների «հետախուզական» քայլերի եւ անգամ Լոռու մարզի յունական կողմի աջակցութեամբ Քարկոփ բնակավայրի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսւած կամուրջի տեղադրման վրայ:

Աւելին, յղում անելով իր «վստահելի» աղբիւրներին, caliber.az-ն աւելի հեռուն է գնացել եւ «հայկական կողմի նախաձեռնութեամբ պատերազմի սկսման» ժամկէտ նշել է ապրիլը: Այսինքն, Ադրբեջանը շատ յստակ պատրաստւում է պատերազմի, եւ սրանք զուտ խօսքեր չեն, եւ ոչ էլ սովորութեան համաձայն՝ Ադրբեջանի մեղադրանքները հակառակ կողմից դիտարկելու փորձ:

Յաւելենք, որ 168.am-ի հետ զրոյցում դեռ 2024 թւականի հոկտեմբերին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լէյտենանտ Արտակ Դաւթեանը՝ անդրադառնալով այդ օրերին ԳՇ գործող պետ Էդւարդ Ասրեանի յայտարարութեանը, թէ՝ «այս պահին էսկալացիայի վտանգ չկայ», նշել էր.

«Ես կարող եմ եզրակացութիւն անել բացարձակապէս միայն բաց տւեալներից ելնելով: Եւ դրանց հիման վրայ իմ գնահատականն այս պահի դրութեամբ հետեւեալն է՝ տարածաշրջանում իրավիճակը բաւականին կամ շատ լարւած է, եթէ ընդհանուր վերցնենք: Եւ սա յատկապէս կապւած է Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակով, ինչի ազդեցութիւնը կը զգացւի նաեւ Հայաստանի վրայ: Բաւականին խնդրայարոյց է նաեւ Վրաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնները: Բայց, իմ գնահատմամբ, մինչեւ Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան գագաթնաժողովը (COP 29) լուրջ դէպքերը քիչ հաւանական են, դրանից յետոյ սարերում կամ լեռնային տեղանքում եղանակային պայմաններից ելնելով՝ որեւէ գործողութիւն իրականացնելը բաւականին դժւար կը լինի: Ուստի կարող եմ կանխատեսել, որ որոշակի զարգացումներ կը լինեն 2025 թւականի ապրիլի կէսերից յետոյ (կախւած նաեւ եղանակային պայմաններից) մինչեւ մայիսի վերջ կամ յունիսի կէսեր:

Սա պայմանաւորւած կը լինի ոչ միայն եղանակային պայմաններով, այլեւ մեր երկրում ներքաղաքական վիճակով: Եւ այդ ընթացքում որեւէ փաստաթուղթ կը ստորագրւի՞, թէ՞ ոչ, դա նոյնպէս ազդեցութիւն կունենայ էսկալացիա լինել-չլինելու վրայ: Կրկնում եմ՝ եթէ զարգացումներ ընթանան տարածաշրջանում, համապատասխան իրավիճակ ստեղծւի, 2025 թւականի գարուն-ամռան սկիզբ էսկալացիա հնարաւոր է, կանխատեսելի է»:

Դիտարկմանը՝ «Դուք եղել էք Գլխաւոր շտաբի պետ, պատերազմ, էսկալացիա լինել-չլինելու գնահատական ինչի՞ հիման վրայ էք տւել, ի՞նչ գործօններ էք հաշւի առել», Արտակ Դաւթեանը պատասխանել էր.

«Գործօնները բազմազան են, բայց սովորաբար նման գնահատական մշակւում է՝ առաջին հերթին հաշւի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը եւ նրա զարգացման միտումները:

Ընդորում, ինչպէս արդէն նշեցի, կարեւոր են ոչ միայն ՀՀ-ում, այլեւ հարեւան երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ նրանց շուրջ զարգացումները՝ Իրան, Վրաստան: Իհարկէ, եթէ Ադրբեջանում եւ Թուրքիայում զարգացումներ լինեն, դրանք եւս կազդեն տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրայ: Այս իրավիճակի վերլուծութիւնը պէտք է կատարւի եւ կատարւում է:

Երկրորդ՝ ԳՇ-ն իր գնահատականում հաշւի է առնում բաց աղբիւրներից ստացւող տւեալները, որոնք փորձում է համադրել վերլուծութիւն անելիս, եւ երրորդ, էսկալացիա լինել-չլինելու գնահատականը հիմնւում է հետախուզական տւեալների հիման վրայ՝ դա կը լինի անմիջապէս ստացւող ԳՇ հետախուզական մարմիններից, դա կը լինի ՀՀ անվտանգային միւս կառոյցներից ձեռք բերւած, մասնաւորապէս՝ ԱԱԾ-ից, կամ այլ մարմիններից: Եւ այս ամէնի համադրումն իրականացւում է Գլխաւոր շտաբում, որի հիման վրայ կանխատեսումներ են իրականացւում եւ ներկայացւում առաջարկութիւններ»:

Իսկ 2024 թ. հոկտեմբերից յետոյ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այլ զարգացումներ են եղել, որոնք եւս կարող են Հարաւային Կովկասի վրայ ազդեցութիւն ունենալ:

Դեռ չենք ասում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար գլխաւոր խնդիրն է՝ ցամաքային կապ ունենալ իրար հետ, եւ, իհարկէ, այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը:

Այնպէս որ՝ տարածաշրջանում եւ Հայաստանի շուրջ լուրջ զարգացումներ են սպասւում, Ադրբեջանը չի հրաժարւել ռազմական սցենարով հարցերի կարգաւորման իր ձեռագրից, իսկ Նիկոլ Փաշինեանը զբաղւած է ներքաղաքական, ներկուսակցական հարցերով՝ փորձելով նախկինների դէմ գործեր յարուցելով ցոյց տալ, որ կատարում է «թաւշեայ յեղափոխութեան» ժամանակ տւած խոստումները։

Related Articles

Back to top button