Հայ Դատ

Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ նոյեմբերի 29-ին եւ 30-ին Ալմելոյում գումարւել է Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարւում է երկու տարին մէկ։ Աւելի քան երկու տասնեակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ Դատի Եւրոպայի ամենաակտիւ եւ քաղաքականապէս ներգրաււած յանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատւածի գործունէութիւնը, վերահաստատել հաւաքական պատասխանատւութիւնը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցութիւն՝ Հայաստանի Հանրապետութեանը ներկայիս մարտահրաւէրները յաղթահարելու գործում։

Խորհրդաժողովի օրակարգը ներառում էր Բաքւում պահւող հայ պատանդների ազատման ուղղութեամբ իրականացւող շարունակական ջանքերը, էթնիկ զտման ենթարկւած Արցախի հայերի պաշտպանութիւնը եւ Հայրենիք հաւաքական վերադարձի արցախահայութեան անօտարելի իրաւունքը, Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։ Շեշտւել է համայնքներում Հայ Դատի ծաւալած ոլորտներում երիտասարդների ներգրաււածութիւնը բարձրացնելու անհրաժեշտութիւնը։

Քննարկւել եւ դատապարտւել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների յետընթացը, ինչն էապէս թուլացնում է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի ընթացիկ աշխատանքների արդիւնաւէտութիւնը Հայաստանի նկատմամբ միջազգային աջակցութիւն ապահովելու տեսանկիւնից։

Այս առիթով ՀՅԴ Հայ Դատի միջազգային յանձնախմբի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է. «Եւրոպան շատ կարեւոր եւ իւրայատուկ տեղ ունի Հայ Դատի ցանցում։ Շատ կարեւոր է ցանկացած գնով աւելի ամրապնդել Բրիւսէլում գտնւող կենտրոնական գրասենեակի եւ տարբեր երկրներում գտնւող տարածաշրջանային յանձնախմբերի արդէն իսկ ակտիւ աշխատանքը եւ ապահովել, որ նրանք ստանան մեր համահայկական ցանցի աջակցութիւնը եւ հոգածութիւնը։ Հայաստանի պետականութեան ուժեղացմանը, Արցախի իրաւունքների պաշտպանութեանը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դրանից բխող պահանջների առաջմղմանը, սփիւռքում ապրող հայերի իրաւունքների պաշտպանութեանը, ինչպէս նաեւ հայ երիտասարդութեան միասնութիւնն ու քաղաքական ներգրաււածութեան խթանմանը միտւած ձեռնարկների իրականացման գործում բոլորս կրում ենք այս խորհրդաժողովում ընդունւած որոշումների իրականացման պատասխանատւութիւնը»։

Յատուկ ուշադրութիւն է դարձւել օտարալեզու լրատւամիջոցների հետ աշխատանքի բարելաւմանը, քննարկւել տարբերակներ՝ լրացնելու տեղեկատւական այն բացը, որ առկայ է հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջեւ ծառացած իրականութիւնների եւ մարտահրաւէրների ու եւրոպական կառոյցների միջեւ։

Խորհրդաժողովի աւարտին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, շնորհակալութիւն յայտնելով մասնակիցներին նրանց անխոնջ աշխատանքի համար, նշել է․ «Հայ ազգն անցնում է իր պատմութեան ամենավտանգաւոր շրջաններից մէկով, երբ հիմնարար կարեւոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են։ Այնուամենայնիւ, մեր այս հաւաքը եւ այն հաւաքական պատասխանատւութեան զգացումը, որն այն ներկայացնում է, կրկին ընդգծում եւ վերահաստատում է մեր անսասան յանձնառութիւնը՝ մարտահրաւէրներին դիմակայելու եւ դրանք յաղթահարելու ուղղութեամբ։ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի եւ առանձին երկրների յանձնախմբերի գործողութիւնների միջոցով կարեւոր քայլեր են ձեռնարկւել արցախահայութեան վերադարձի իրաւունքի առաջմղման եւ Բաքւում պատանդառւած հայ գերիների ազատման գործում»։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

1 դեկտեմբեր 2025 թ.

Related Articles

Back to top button