Հայ Դատ

Արգելւած սերենադ. Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած համերգ Տիգրանակերտում

Այս տարւայ ապրիլի 24-ին, ժամը 20։00-ին Տիգրանակերտում (թուրք․ պաշտօնական անւանումը՝ Դիարբեքիր) մենահամերգով հանդէս կը գայ յայտնի արեւմտահայ երգիչ Ստեփան Եփրեմեանը։ «Արգելւած սերենադ» խորագիրը կրող համերգը նւիրւած կը լինի Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին։

Այդ մասին յայտնում է www.akunq.net-ը՝ հիմնւելով Ստեփան Եփրեմեանից ստացւած տեղեկութեան վրայ։

Աղբիւրի համաձայն՝ Ստեփան Եփրեմեանը հետեւեալ կերպ է մեկնաբանում համերգի խորհուրդը եւ ընտրւած խորագիրը․ «Արգելւած սերենադը, որը ներշնչւել է դարեր շարունակ բազմաթիւ ժողովուրդների օրրանը եղած այս հինաւուրց հողերի մշակոյթից եւ հայկական աւանդոյթից, այդպէս է կոչւել, որպէսզի շեշտւի՝ արգելքները չեն կարող խոչընդոտ դառնալ զգացմունքների համար։ Այսինքն՝ խորագիրը առանց նոտաների մի երգի անւանումն է, որի խօսքերն ինչ-որ առումով պատկանում են պատմութեանը, իսկ մեղեդին՝ քարերին…

Այլ կերպ ասած՝ եթէ մինչեւ իսկ այդ երգի վրայ փոշի էլ նստած լինի, որոշ ժամանակ անց նրա մեղեդու հնչիւնները նոյն հողում ծլարձակելով՝ ակամայ վերագտնում են ձեր հոգին… Անկախ այն բանից, թէ որքան շատ են փորձել մարդկանց միմեանցից հեռացնել, նոյն երկնքի տակ հնչած մեղեդիները միշտ յաղթանակել են մինչեւ իսկ այն դէպքում, երբ այլ լեզուներով են գրւել խօսքերը, եւ ինչ-որ կերպ յաջողել են հաղորդակից դառնալ հոգիներին եւ միասնական պահել ժողովուրդներին։

Ինչպէս յայտնի է՝ սերենադը սիրոյ ամենամեղեդային եւ ռոմանտիկ ճիչն է… Միայն ձեր սիրտը գիտի եւ կարող է ասել՝ սիրահարւած էք, թէ ոչ։ Արտայայտելու վրայ կողպէք դնելը արգելք կը դառնա՞յ զգացմունքների համար։ Ահա եւ սեփական լեզւով, սեփական մշակոյթով ապրելու ցանկութիւնն էլ է այդպիսին․․․»։

Յիշեցնենք, որ Ստեփան Եփրեմեանը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած համերգով հանդէս էր եկել նաեւ Երեւանում՝ 2019 թւականին, իսկ անցեալ տարի եւս Դիարբեքրում ներկայացրել էր «Արգելւած սերենադ» խորագրով համերգը։

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

www.akunq.net

Related Articles

Back to top button