Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի հանդէպ ադրբեջանական ագրեսիայի նւազ հնչեղ, բայց առաւել վտանգաւոր տեսակը

Ապրիլի 8-ին հայաստանեան լրահոսում տեղ գտաւ մի տեղեկութիւն, որը, իհարկէ, բոլորովին «մրցունակ» չէր այն ներքաղաքական թոհուբոհի համատեքստում, որ ծաւալւում է Հայաստանի տեղեկատւական միջավայրում:

Մինչդեռ տեղեկութիւնն առնչւում էր Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող հարցի, մի շարք առումներով: Տեղեկութիւնն այն մասին էր, որ տարածքային կառավարման ու ենթակառուցւածքների նախարարութիւնում տեղի է ունեցել հանդիպում հանքարդիւնաբերութեան ոլորտում ներգրաււած ընկերութիւնների եւ հանքարդիւնաբերողների միութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ: Նրանք հանդիպել են ՏԿԵՆ փոխնախարարին:

«Նախարարի տեղակալը ողջունել է հիւրերին՝ շեշտելով, որ հանքարդիւնաբերութիւնը տնտեսութեան կարեւոր ճիւղն ու շարժիչ ուժն է, եւ ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխութիւններ են նախատեսւում, այդ թւում՝ օրէնսդրական»,- ասւած է հանդիպման մասին տարածւած հաղորդագրութեան մէջ:

Քննարկման մանրամասները յայտնի չեն, սակայն պէտք է յուսալ, որ նախատեսւող փոփոխութիւնները Հայաստանի տնտեսութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեցող ճիւղը կը դարձնեն առաւել պաշտպանւած՝ այդպիսով առաւել պաշտպանւած դարձնելով Հայաստանը:

Իսկ պաշտպանութիւն հասկացութիւնն այստեղ կիրառելի է բառի բուն եւ պատկերաւոր իմաստներով:

Ընդամէնն օրեր առաջ Ադրբեջանում ձեւաւորւած, այսպէս ասած, բնապահպանական կոալիցիան անգլերէն լեզւով կազմել է տեղեկութիւններն ու, այսպէս կոչւած, քարտէզ այն մասին, թէ «ինչպէս եւ ինչքան է Հայաստանի հանքարդիւնաբերութիւնը աղտոտում Կովկասի շրջակայ միջավայրը»:

Սա, իհարկէ, նոր երեւոյթ չէ, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով, յօրինւած, նենգափոխւած տեղեկութիւններով թիրախաւորում է Հայաստանի տնտեսական կարողունակութեան առանցքային սեկտորը՝ հանքարդիւնաբերութիւնը: Բայց այն հանգամանքը, որ դա նոր չէ, բոլորովին չի նւազեցնում մտահոգութիւնը: Որովհետեւ Ադրբեջանի համար դա հետեւողական քաղաքական, անգամ ռազմաքաղաքական գիծ է:

Հայաստանի հանդէպ Ադրբեջանի առաւելապաշտութեան քաղաքականութիւնը չի չափւում միայն ռազմական շանտաժով, քաղաքական նախապայմաններով: Ոչ պակաս ագրեսիւ քաղաքականութիւն է վարւում Հայաստանի տնտեսութեան, մասնաւորապէս՝ դրա արդիւնաբերական ներուժի դէմ, որի առանցքը կազմում է հանքարդիւնաբերութիւնը: Այդ ագրեսիւ քաղաքականութեամբ Ադրբեջանը փորձում է լուծել միանգամից մի քանի խնդիր:

Ցանկացած պետութիւն կարողանում է պաշտպանական համակարգ կառուցել այնքան, որքան թոյլ է տալիս տնտեսութիւնը: Իսկ տնտեսութիւնն իրեն շատ բան կարող է թոյլ տալ միայն արդիւնաբերական շօշափելի ներուժ ունենալու դէպքում: Թիրախաւորելով Հայաստանի արդիւնաբերական ներուժի «կորիզը»՝ հանքարդիւնաբերութիւնը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանը զրկել թէ՛ տնտեսական արդիւնքի մի հսկայ մասից, թէ՛ նաեւ պաշտպանական կայուն ծախսերի շօշափելի հնարաւորութիւններից:

Միեւնոյն ժամանակ, կան այլ թիրախային խնդիրներ:

Օրինակ, Հայաստանի տնտեսութեան հսկան, թիւ մէկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդեննային կոմբինատը, ըստ էութեան, ապահովում է Սիւնիքի դեմոգրաֆիական կայունութիւնը: Թիրախաւորելով Հայաստանի հանքարդիւնաբերութիւնը, Ադրբեջանն ունի Սիւնիքը դատարկելու նպատակ: Թէ ինչո՞ւ է հետապնդում այդպիսի նպատակ, աւելորդ է խօսել:

Բաքւի պրոպագանդան լծւել է նաեւ Հայաստանում ներդրումային մէկ այլ խոշոր հանքարդյունաբերական ծրագրի դէմ արշաւի՝ Ամուլսար:

Շաբաթներ առաջ այս առնչութեամբ եղաւ դրական որոշում, որ ծրագիրը վերջապէս կարող է աշխատել եւ ապահովել տնտեսական էֆեկտ, նաեւ մուլտիպլիկատիւ էֆեկտ՝ դարձեալ ռազմավարական նշանակութիւն ունեցող ռեգիոնում՝ Վայոց ձորում: Ադրբեջանական պրոպագանդայի միջոցներից մէկը տեղեկատւա-քարոզչական նենգափոխումների միջոցով կազմել է Ամուլսարի ծրագրի վերաբերեալ մի հանգամանալից պրոպագանդիստական տեղեկանք, որն անկասկած փորձելու են առաջ մղել առաւելագոյն թափով, Հայաստանում առանց այդ էլ 2018-ից ի վեր արգելափակւած այդ խոշոր ներդրումային ծրագրի իրագործման խափանումը շարունակելու համար:

Այդ ագրեսիւ քաղաքականութեամբ, ինչպէս առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, Ադրբեջանն ունի նպատակ նաեւ առաջացնել Հայաստանի հանդէպ ներդրումային խոր անվստահութիւն:

Եւ այդ ամէնն այն դէպքում, որ Ադրբեջանն ինքը բազմաթիւ հանքարդիւնաբերական պայմանագրեր է կնքում օտարերկրեայ խոշոր ներդրողների հետ, ըստ էութեան, առանց որեւէ բնապահպանական բծախնդրութեան շահագործելով իր տարածքում, ինչպէս նաեւ օկուպացւած Արցախում եղած հանածոները:

Ահա այդ ֆոնին չափազանց կարեւոր է, որպէսզի Հայաստանում գործի իրապէս բովանդակային եւ համակարգւած մեխանիզմ՝ պետական կառոյցների եւ հանքարդիւնաբերական սեկտորի ներկայացուցիչների միջեւ, որը պատրաստ կը լինի ընդհուպ միջազգային մակարդակում ապահովել Հայաստանի համար ռազմավարական նշանակութեան սեկտորի համապարփակ եւ կայուն պաշտպանութիւնը:

Ըստ անհրաժեշտութեան, այդ մեխանիզմը, թերեւս, պէտք է ներառի նաեւ հասարակական սեկտորին: Սա եւս կարեւոր է, որպէսզի այդ դաշտը չմնայ ազատ, եւ այդ տեղը չլրացնեն կասկածելի յետագիծ ունեցող եւ Հայաստանում «հիւրախաղեր» անցկացնող «բնապահպաններ», որոնք շրջակայ միջավայրի եւ հանրային առողջութեան պաշտպանութեան հռչակագրերի ներքոյ՝ իրականում ոչ մի այլ բան չեն պաշտպանում, քան Հայաստանի տնտեսական կենսունակութեան հանդէպ ադրբեջանական ագրեսիայի նարատիւները:

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

Related Articles

Back to top button