ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կէս ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին
«ԱԼԻՔ» – Ռուսաստանը նորագոյն միջին հեռահարութեան «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կէս ժամ առաջ Միջուկային ռիսկի նւազեցման կենտրոնի միջոցով այդ մասին աւտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին: Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմն ամերիկացիներին «Օրեշնիկ»-ի գործարկման մասին նախազգուշացրել է Միջուկային ռիսկի նւազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է աւտոմատ կերպով եւ մշտական կապ է պահպանում Միացեալ Նահանգներում նմանատիպ համակարգի հետ: Նախազգուշացումն ուղարկւել է աւտոմատ ռեժիմով՝ մեկնարկից 30 րոպե առաջ»,- ասել է Պեսկովը։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ նոյն օրը Ռուսաստանը հարւած է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդիւնաբերական համալիրներից մէկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խօսքով, յարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինւած ուժերը նոյեմբերի 19-ին եւ 21-ին կիրառել են արեւմտեան արտադրութեան հեռահար զէնքեր (ATACMS եւ Storm Shadow)՝ Բրիանսկի եւ Կուրսկի մարզերի ռազմական օբիեկտներին հարւածելու համար։
Հինգշաբթի Պենտագոնը հաստատել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջին հեռահարութեան նոր «Օրեշնիկ» հրթիռի արձակման պլանների մասին, ասել է գերատեսչութեան խօսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Միացեալ Նահանգները նախապէս ծանուցւել է արձակումից անմիջապէս առաջ միջուկային ռիսկի նւազեցման ուղիներով»,- լրագրողներին ասել է Սինգհը։
Մինչդեռ Սպիտակ տունը յայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային եւ նրա մերձաւոր դաշնակիցներին նախապէս տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջին հեռահարութեան հրթիռի առաջիկայ արձակման մասին՝ դրան նախապատրաստւելու նպատակով. այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Վերջին օրերին մենք յայտել ենք Ուկրաինային եւ մեր ամենամօտ դաշնակիցներին ու գործընկերներին՝ նրանց նախապատրաստելու համար»,- ասել է նա լրագրողներին ճեպազրոյցում՝ մեկնաբանելով միջին հեռահարութեան հրթիռային հարւածը։