Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի դիւանագիտական ակտիւութիւնը՝ ԱԷՄԳ խորհրդի նիստից առաջ

«ԱԼԻՔ» – Վիեննայում Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպանները հանդիպել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիի հետ՝ քննարկելու Գործադիր խորհրդի առաջիկայ նիստի օրակարգը։
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել գործակալութեան խորհրդի առաջիկայ նիստին վերաբերող թեմաների շուրջ։ Նախորդ շաբաթ երեք երկրների ներկայացուցիչներն անց էին կացրել հերթական եռակողմ խորհրդակցութիւնը՝ Իրանի միջուկային հարցի վերաբերեալ դիրքորոշումների համակարգման նպատակով։
Ըստ ծրագրի՝ ԱԷՄԳ Գործադիր խորհրդի նիստը տեղի կունենայ նոյեմբերի 19-21-ին Վիեննայի միջազգային կենտրոնում։ Այս անգամ Իրանի թեման կը քննարկւի բացառապէս «Համապարփակ երաշխիքների համաձայնագրի» շրջանակում՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւով հաստատւած՝ ԱԷՄԳ-ի առաքելութեան աւարտից յետոյ։
Իսլ. Հանրապետութիւնը շեշտում է, որ գործակալութեան հետ համագործակցութեան իրաւական հիմքը Իսլ. Խորհրդարանի ընդունած օրէնքն է։
ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նախօրօք յիշեցրել էր, որ Իրանը շարունակում է մնալ «Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի» անդամ եւ հաւատարիմ է երաշխիքային պարտաւորութիւններին։
Բաղային ընդգծել է նաեւ, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը մշտապէս եղել է Արեւմուտքի անհիմն մեղադրանքների եւ քաղաքական ճնշումների թիրախ, սակայն Թեհրանը յայտարարում է իր պատրաստակամութիւնը՝ հասնելու կայուն եւ վստահելի համաձայնութեան, որով երաշխաւորւած կը լինեն պատժամիջոցների վերացումը։



