ՌԴ ԱԳՆ. «ՆԱՏՕ-ի երկրների մասնակցութեամբ Ուկրաինայում ռազմական քանակակազմի յայտնւելը կտրականապէս անընդունելի է»

«ԱԼԻՔ» – «Մենք վերահաստատում ենք մեր բազմիցս հնչեցւած դիրքորոշումը՝ կտրականապէս մերժելու ցանկացած սցենար, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցութեամբ Ուկրաինայում ռազմական քանակակազմի ներկայութիւն, ինչը յղի է հակամարտութեան անվերահսկելի սրմամբ՝ անկանխատեսելի հետեւանքներով»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասւած է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութեան մէջ։
«Այս հարցի վերաբերեալ առանձին եւրոպական երկրների, դրանց թւում՝ Մեծ Բրիտանիայի յայտարարութիւններն, ըստ էութեան, արձանագրում են նրանց բացայայտ սադրիչ եւ գիշատչական ձգտումները ուկրաինական ուղղութեամբ։ Իրենց քաղաքականութեամբ բրիտանացիները պարզապէս հնարաւորութիւն չեն թողնում Կիեւին բանակցութիւնների միջոցով դուրս գալ հակամարտութիւնից՝ սովորութիւնից դրդւած, ամբարտաւանօրէն եւ ինքնավստահօրէն երկարաձգելով ուկրաինացի ժողովրդի տառապանքները»,- նշել է գերատեսչութիւնը։