Իրանական պատւիրակութեան հանդիպումը Երեւանի պետական համալսարանի ղեկավարութեան հետ

Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ գիտամշակութային, համալսարանական եւ կրօնագիտական համագործակցութեան ընդլայնման շրջանակում Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցաւ հանդիպում Մորթեզա Ջաւադի Ամոլիի, Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան մշակոյթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդի եւ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր տիկին Էլինա Ասրիեանի, իրանագիտութեան ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարդան Ոսկանեանի, ինչպէս նաեւ համալսարանի ղեկավար-դասախօսական կազմի մասնակցութեամբ։ Այս մասին տեղեկացնում է Parstoday.ir/hy-ը:
Հանդիպման ընթացքում Երեւանի պետական համալսարանի պրոռեկտորը ողջունեց իրանական պատւիրակութեանը եւ ընդգծեց Հայաստանի ու Իրանի միջեւ պատմամշակութային եւ գիտական կապերի կարեւորութիւնը։
Նշւեց, որ երկու երկրների համալսարանների միջեւ համագործակցութեան զարգացումը կարող է նպաստել փոխադարձ ճանաչողութեան խորացմանը եւ գիտական ու մշակութային երկխօսութեան ընդլայնմանը։

Մոհամմադ Ասադի Մովահեդն իր խօսքում ներկայացրեց այաթ. Ջաւադի Ամոլիի գիտական եւ մտաւոր ժառանգութեան կարեւորութիւնը եւ հոջ. Մորթեզա Ջաւադի Ամոլիի այցը Հայաստան գնահատեց որպէս արժեքաւոր հնարաւորութիւն՝ երկու երկրների համալսարանական եւ կրօնագիտական կենտրոնների միջեւ գիտական ու մշակութային կապերի ամրապնդման համար։ Նա կարեւորեց մշակութային կապերը գործնական եւ շարունակական ծրագրերի վերածելու անհրաժեշտութիւնը՝ մասնաւորապէս համատեղ մասնագիտական քննարկումների, դասախօսների եւ ուսանողների փոխանակման, գիտական աղբիւրների ներկայացման եւ համատեղ ուսումնասիրութիւնների միջոցով։
Մորթեզա Ջաւադի Ամոլին իր ելոյթում անդրադարձաւ մարդաբանութեան կարեւորութեանը հումանիտար գիտութիւնների համակարգում՝ ընդգծելով, որ մարդու ճիշտ ճանաչումը հիմք է գիտութեան, մշակոյթի, տնտեսութեան, քաղաքականութեան եւ կառավարման ոլորտների ճիշտ կազմակերպման համար։ Նա, ներկայացնելով մարդու վերաբերեալ Սուրբ Ղուրանի մօտեցումը, նշեց, որ իսլամական մտածողութեան մէջ մարդը սահմանափակւած չէ միայն նիւթական եւ երկրային կեանքով, այլ ունի յաւիտենական գոյութեան հեռանկար, ինչը կարող է նոր հորիզոններ բացել հումանիտար գիտութիւնների ուսումնասիրութեան մէջ։
Այնուհետեւ պրոֆեսոր Վարդան Ոսկանեանը խօսեց Երեւանի պետական համալսարանում իրանագիտութեան նշանակութեան մասին՝ նշելով, որ այստեղ իրանագիտութիւնը չի սահմանափակւում Իրանի՝ որպէս քաղաքական միաւորի ուսումնասիրութեամբ, այլ ընդգրկում է նաեւ մշակութային, պատմական եւ քաղաքակրթական Իրանը։ Նա յայտնեց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի պատրաստակամութիւնը՝ զարգացնելու համագործակցութիւնը Իրանի գիտական եւ հետազօտական կենտրոնների հետ։
Հանդիպման աւարտին կողմերը կարեւորեցին գիտական կապերի շարունակականութիւնը, համատեղ քննարկումների կազմակերպումը, պարսից լեզւի ուսուցման ամրապնդումը, իրանագիտական ուսումնասիրութիւնների զարգացումը եւ գիտական աղբիւրների փոխանակումը։ Պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց նաեւ այաթ. Ջաւադի Ամոլիի մի շարք աշխատութիւններ, մասնաւորապէս Ղուրանի տեսանկիւնից մարդաբանութեանը վերաբերող գրքերը, նւիրաբերել ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնին՝ դասախօսների, հետազօտողների եւ ուսանողների օգտագործման համար։



