ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը Հարիսից առաջ է անցնում տատանւող նահանգներում

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը ոչ մեծ առաւելութիւն ունի Քամալա Հարիսի հանդէպ ընտրողների թւաքանակով, որոնք ժամանակից շուտ են քւէարկում այսպէս կոչւած տատանւող նահանգներում: Հաղորդում է The Hill-ը։

Հարվարդի ամերիկեան քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի (Harvard CAPS/Harris) հարցումը ցոյց է տւել, որ ընտրողների 48 տոկոսը, որոնք ժամանակից շուտ քւէարկելու են կարեւոր նահանգներում, թեկնածու են ընտրել Թրամփին։

Միեւնոյն ժամանակ, 47 տոկոսը պաշտպանել է նրա մրցակցին՝ դեմոկրատ Հարիսին, եւս 5 տոկոսը յայտնել է, որ ընտրել է այլ տարբերակ կամ դեռ չի քւէարկել։

Հարցումը վկայում է, որ տատանւող նահանգների բոլոր ընտրողների 48 տոկոսը աջակցել է Թրամփին, Հարիսի 47 տոկոսի դիմաց։

Այնուամենայնիւ, փոխնախագահն առաջ է անցել 8 տոկոսով նրանց շրջանում, ովքեր մասնակցում են վաղաժամ ընտրութիւններին ողջ երկրում՝ ստանալով 51 տոկոս ձայն Թրամփի 43-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ, ընտրողների 45 տոկոսը յայտնել է, որ վաղաժամ է քւէարկելու, եւս 50 տոկոսը նախատեսում է քւէարկել հէնց ընտրութիւնների օրը՝ նոյեմբերի 5-ին։

Բացի այդ, հարցումները ցոյց են տւել, որ Սպիտակ տանն աթոռի համար պայքարում մրցակիցները գրեթէ հաւասար մրցակցում են Միչիգանում, Վիսքոնսինում, Արիզոնայում, Փենսիլւանիայում եւ այլ վայրերում։

Ազգային մասշտաբով The Hill/Decision HQ-ի հաւաքած տւեալներով՝ Հարիսը Թրամփից առաջ է 3 տոկոսով՝ մօտ 50 տոկոս աջակցութիւն ունենալով Թրամփի 47 տոկոսի դիմաց։

Իսկ Harvard CAPS/Harris-ի նոր հարցումը ցոյց է տալիս, որ ընտրարշաւն աւելի լարւած է դառնում, եւ Հարիսը հանրապետականի հանդէպ առաւելութիւն ունի 1 տոկոսով՝ գրանցւած ընտրողների շրջանում։

Հոկտեմբերի 11-13-ին անցկացւած հարցմանը մասնակցել է 3145 գրանցւած ընտրող, այդ թւում 2596 հաւանական ընտրող եւ 898 ընտրող տատանւող նահանգներից։ Վրիպանքը ամբողջ ընտրանքի համար կազմել է +-1.8 տոկոս։

Related Articles

Back to top button