ԹեհրանՀամայնք

80-ամեայ յոբելեար՝ Հ.Մ.Ա.Կ.-ի յոբելեանը նշող ծրագրերը

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը իր ազգային, հասարակական, մշակութային ու մարզական ոլորտի 80-ամեայ բազմաբեղուն աշխատանքներով, մինչ օրս իր յարկի տակ դաստիարակել է ազգային ոգով առլեցուն այնպիսի անհատների, որոնք թէ՛ Իրանում, եւ թէ՛ Իրանից դուրս ծաւալել ու ծաւալում են իրենց բազմաբեղուն աշխատանքները:

80-ամեայ երթը ոգեկոչելու նպատակով Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը կեանքի է կոչել 80-ամեայ յոբելեանը նշող յանձնախումբ, որը արդէն իրականացրել է եւ դեռ իրականացնելու է համայնքային մասշտաբով բազմազան աշխատանքներ ու միջոցառումներ: Այդ մասին համայնքին իրազեկ դարձնելու նպատակով «ԱԼԻՔ»-ի յարկի տակ հարցազրոյց ենք ունեցել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղաբէգեանի եւ 80-ամեակի յանձնախմբի նախագահ Համլետ Խալոյեանի հետ:

Սոֆի Ջաղարբէգեանը անդրադառնալով յանձնախմբին այսպէս ասաց. «Մէկ տարի առաջ կեանքի կոչւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակը նշող յանձնախումբը, նախագահութեամբ Համլետ Խալոյեանի, իսկ անդամներն են՝ Լիդա Վարդանեանը, Անի Յովսէփեանը, Ռուբիկ Ասատրեանը, Արմէն Այւազեանը, Դիանա Տէր-Յովսէփեանը եւ Վանէ Տէր-Ղազարեանը: Յանձնախումբը նախ ճշտեց 80-ամեակի աշխատանքների նպատակները եւ ապա դրանք իրագործելու նպատակով դասակարգեց ու ձեռնամուխ եղաւ ծրագրերի իրագործմանը:

Որպէս նպատակադրում, յանձնախումբը եւ Կենտրոնական վարչութիւնը համախորհուրդ էր, որ 80-ամեակի առիթը լաւագոյնն է աւելի աշխուժացնել կազմակերպութեան անդամներին եւ միութենականներին ու նրանց էլ աւելի մասնակից դարձնել աշխատանքներին, թէ՛ ներգրաւել երիտասարդութեանը, եւ թէ՛ աշխատելու առիթ ստեղծել այն երիտասարդների համար, որոնք շատ էլ մասնակից չեն կազմակերպութեան առօրեայ գործունէութեանը: Նպատակներից է կազմակերպութեան 80-ամեայ անցած ուղին եւ աշխատանքները արտացոլել նաեւ իրանական շրջանակում, Հայաստանում ու արտերկրում, որտեղ կան արարատականներ: Այս առիթով 80-ամեակի յանձնախումբը կեանքի կոչեց երկու յանձնախմբեր մէկը Հայաստանում եւ միւսը ԱՄՆ-ում: Հայաստանի յանձնախմբի պատասխանատւութիւնը ստանձնեց Կարինէ Ղարախանեանը եւ ԱՄՆ-ինը՝ Արմիկ Աբրահամեանը, որոնք համալրւեցին անդամներով եւ սկսեցին իրենց գործունէութիւնը»:

Զրոյցը շարունակեցինք 80-ամեակի յանձնախմբի նախագահ Համլետ Խալոյեանի հետ, ով նախ իր գնահատանքը յայտնեց «ԱԼԻՔ»-ին, որը իր տպագրած յօդւածներով եւ նիւթերով իր նեցուկն է բերել  եւ արտացոլել ու արտացոլում է աշխատանքները: Անդրադառնալով յանձնախմբի գործունէութեանը, Համլետ Խալոյեանը ընդգծեց. «Յանձնախումբը սկզբում շատ աւելի լայնամասշտաբ ծրագրեր էր նկատի առել, սակայն գործնականում երբեմն դէմ-յանդիման ես կանգնում մի շարք հանգամանքների, եւ երբ իրագործւում են նկատի առնւած աշխատանքների աւելի քան 50 տոկոսը, կարելի է գործը յաջողած համարել: Մեր հիմնական նպատակն էր, որպէս ժամանակաւոր յանձնախումբ հիմքը դնել մի շարք ծրագրերի, որոնք հտագայում շարունակեն կազմակերպութեան զանազան միութիւնները ինչպէս ժամանակին «Կասկադ» նախագիծը, որը եւ շարունակւում է, նաեւ նպատակն է՝ երիտասարդներին աշխատանքի լծել եւ կազմակերպել նաեւ այնպիսի միջոցառումներ, որոնք աւելի կը գրաւեն մեր սիրելի երիտասարդներին: Յանձնախմբի առաջին ծրագրերից էր՝ երաժշտական ու հաճոյական երեկոն նաեւ DJ հաւաքը, որը շատ լաւ ընդառաջւեց»:

Նա իր խօսքը այսպէս շարունակեց. «Այլ ծրագրերից է հաւաքագրել կազմակերպութեան 80-ամեայ անցած ուղու պատմութիւնը, իհարկէ արդէն իսկ կազմակերպութիւնը իր 60-ամեակի առիթով հրատարակել է գիրք, սակայն վերջին 20 տարիների աշխատանքները եւս հաւաքագրւում է եւ մտադիր ենք այս առումով գիրք հրատարակել: Հոկտեմբեր ամսւայ համար նկատի ենք առել մի շարք ծրագրեր, որոնցից մի քանիսը արդէն իրականացել են եւ կիրականանան: Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան  պարախմբի միջոցով նախաձեռնւած «Պարի փառատօն»-ը (տեղի ունեցաւ հոկտեմբերի 11-ին, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզասրահում):

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Պարոյր Սեւակի ծննդեան 100-ամեակը: Այդ առիթով նախաձեռնել ենք երկու ծրագրեր մէկը ներկայացնել Պարոյր Սեւակին ոչ հայկական լսարանի համար եւ շնորհանդէսը կատարել «Անլռելի զանգակատուն» գրքի պարսկերէն թարգմանութեան  (միջոցառումը կայացել է հոկտեմբերի 13-ին), իսկ միւսը՝ երիտասարդներին գրական ոլորտում ներգրաււելու նպատակով, կապ հաստատեցինք Հայաստանում արւեստագէտ Հրաչուհի Ութմազեանի հետ, ում հետ ժամանակին համագործակցել ենք եւ որոշել էինք որ նա Թեհրան ժամանելով գրական ոլորտում երիտասարդներին ուսուցանի եւ ներկայացւի Պարոյր Սեւակին նւիրւած երեկոյ երիտասարդների միջոցով, այս հարցով նոյնիսկ 14 երիտասարդներ համագործակցութեան համար պատրաստակամութիւն էին յայտնել, սակայն մեզանից անկախ պատճառներով առայժմ յետաձգւել է այս աշխատանքը: Նկատի առած այլ ծրագրերից է՝ «Ռալի»-ի մրցութիւն, որի նպատակն է դարձեալ խրախուսել մեր երիտասարդներին, մրցոյթը երկու օրւայ տեւողութեամբ է լինելու եւ Թեհրանից մասնակիցները մեկնելու են Քաշան քաղաքը, իհարկէ ոչ արագ վարելն է նպատակը եւ ոչ էլ սար ու ձոր բարձրանալը, այլ՝ նպատակը ընտանեկան հաւաքն է եւ քարտէզների միջոցով ժամանակին նշւած տեղերը հասնելու ռալի է: 60-ից աւելի արձանագրութիւններ կան եւ Ռալին մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին, իսկ մասնակիցները «Արարատ» մարզաւանից մեկնելու են Քաշան: Հոկտեմբերի 31-ին Սկաուտական միութեան երդման արարողութիւնն է լինելու, որը նւիրւած է 80-ամեակին:

Արդէն իսկ իրականացել են մի շարք աշխատանքներ, ինչպէս մարզաւանում ծառատունկ, մինի բասկետբոլի մրցութիւն չորս խմբերի մասնակցութեամբ, ներառեալ Նոր Ջուղայի մինի բասկետբոլի մեր պատանիները, ունեցել ենք ֆուտբոլի մրցութիւն որի ընթացքում «Արարատ»-ի վետերան ֆուտբոլիստները մրցել են ոչ հայկական մի խմբի հետ, խաղը կայացաւ Համահայկական խաղերի շրջագծում: Նաեւ կայացել են Համահայկական եւ Համադպրոցական մարզական խաղերը, որոնք նւիրւած են եղել 80- ամեակին:

Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակը նշող յանձնախումբը նախատեսել է դեկտեմբերի 6-ին իրականացնել կենտրոնական գլխաւոր ծրագիրը, գեղարւեստական ճոխ յայտագրով, որի գեղարւեստական բաժնի նախաձեռնողն է՝ Սեդրակ Գոջամանեանը եւ ծրագրի ընթացքում հնչելու են տարբեր խօսքեր:

Նշեմ նաեւ, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 17-ին կատարւելու  է միջոցառում տեղի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ անցեալի արարատականների մասնակցութեամբ: Հայաստանի յանձնախումբը եւս շատ աշխուժ աշխատանք է տանում եւ կազմակերպել է դաշտահանդէս, որին մասնակցել են Հայաստանում գտնւող արարատականներ, ունեն նաեւ պաշտօնական գեղարւեստական ծրագիր:

Անհրաժեշտ է նշեմ, որ այս տարի Հ.Մ.Ա.Կ.-ի տարեդարձը, որը տօնակատարւում է ամէն տարի յուլիսի 4-ին, ինչպէս ընկալեալ սովորութեան այս տարի չնշւեց համայնքային մասշտաբով, այլ ինչպէս իւրաքանչիւր ընտանիք իր ընտանեկան շրջանակում է նշում ծնունդը, այս տարի յուլիսի 4-ին հէնց արարատականների ու իրենց ընտանեկան պարագաների մասնակցութեամբ նշւեց կազմակերպութեան տարեդարձը»: 

  Զրոյցի աւարտին Սոֆի Ջաղարբէգեանը ընդգծեց, որ ցանկութիւն կայ հնարաւորութեան դէպքում իրականացել նաեւ մի քանի այլ ծրագրեր, ինչպէս՝ սեմինար, մասնակցութեամբ արտերկրի հայկական միութիւնների ներկայացուցիչների եւ յոյս յայտնեց, որ նախատեսւած բոլոր ծրագրերը կիրականան անարգել մինչեւ 2025 թւականի յուլիսի 4-ը:

Զրուցակիցները վերջում իրենց երախտագիտութիւնը յայտնեցին «ԱԼԻՔ»-ին եւ գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանին, որը առիթ է ընձեռնել Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակի միջոցառումների մասին իրազեկել համայնքին:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button