Հինգշաբթի՝ մայիսի 30-ին, Ս. Յովհաննէս Մկրտչի տօնի առիթով Դուլաբի հայոց գերեզմանատնում յիշատակւեց համանուն մատռան տօնը եւ Ս. եւ Անմահ Պատարագին յաջորդեց Հոգեհանգստեան կարգը՝ Դուլաբ գերեզմանատնում թաղւած ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:
Պատարագիչն էր Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը իսկ Կրօնական արարողութեանը ներկայ էին Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Թեմական խորհրդի անդամներ՝ Հայկազ Շիրւանեանը եւ Ռաֆիկ Մելիքսէթեանը, Քահանայ հայրեր՝ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը եւ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, դպրաց դասը եւ հաւատացեալ ժողովուրդ:
Հայր Սուրբը օրւան պատշաճ իր խօսքն սկսեց անդրադառնալով Ս. Յովհաննէս Մկրտչին՝ բնաբան ունենալով Սուրբի երկու անւանումները ասաց. «Ս. Յովհաննէս Մկրտիչը Նոր Կտակարանի մէջ Քրիստոսի մասին առաջին քարոզողն է եւ Հին կտակարանի մէջ միակ մարգարէն է, որի մասին մարգարէութիւնը յիշւած է: Սուրբն ունի երկու անւանումներ՝ Մկրտիչ անւամբ է կոչւած, որովհետեւ Աստծու կողմից ստացած է կոչում՝ ապաշխարութեամբ մկրտութիւն կատարելու եւ Կարապետ անւանումը, որը նշանակում է առաջնորդ կամ ճամբայ բացող եւ Ս. Յովհաննէսը այս անունով է կոչւած, քանի որ ինքը եղաւ Քրիստոսի աշխարհ գալուստի ճամբան պատրաստողը՝ ինչպէս Եսայի մարգարէն կասէ. «Անապատին մէջ աղաղակողին ձայնը կըսէ. Տիրոջ ճամբան պատրաստեցէք, հարթեցէ՛ք անոր շաւիղները»։ Հայր Սուրբն այս երկու անւանումներին աւելացրեց երրորդ անունը՝ խոստովանահայր: Նա ասաց. «Արդար է այս կոչումը, որովհետեւ Ս. Յովհաննէս նոր կտակարանի ժողովրդի առաջին խոստովանահայրն է»: Նա յաւելեց. «Ս. Յովհաննէս Մկրտիչը հրաշքով ծնւած էր: Նա ընտրել էր անապատական կեանք եւ չէր սիրում արտաքին զարդերը: Նա խստակրօն անապատական էր, օրէնքի բծախնդիր պաշտօնեայ եւ առաքինութիւններով զարդարւած մեծ մարգարէ: Սուրբ Յովհաննէսի գլխաւոր նիւթը, որի մասին կը քարոզէր ապաշխարութիւնն էր: Նա կասէր. «Ապաշխարեցէք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցած է»: Այս խօսքով սուրբը կուզէ ասել, որ մեր ապաշխարութեաբ մենք երկնքի արքայութիւնը չէ որ կը մօտեցնենք մեզի, այլ մենք է որ կը մօտենանք երկնքի արքայութեան»:
Հայր Սուրբն իր քարոզի աւարտին հաւատացեալ ժողովրդին ապաշխարութեան հրաւիրելով յայտնեց, որ ապաշխարութիւնը կեանքի ընթացք է: Ապաշխարել նշանակում է մեղքերը զղջալ, խոստովանել եւ մեր կեանքը փոխել եւ այսպէս մենք կարժանանանք Աստծու ողորմութեան, սիրոյն եւ գթութեան եւ կստանանք խոնարհութիւն եւ ներքին մաքրութիւն:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ