Ահաեւ՝ «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 15-րդ խորհրդաժողովը, որն ամենամեայ կարգով կազմակերպել է Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն, արդէն աւելի քան մէկուկէս տասնամեակից ի վեր…։
Եւ իրաւամբ, գէթ մեզ՝ իրանահայերիս համար, պատմական նշանակութեան իրադարձութեան գնահատականը՝ տւեալ խորհրդաժողովին, ամենեւին էլ գերագնահատելու տեղիք չի կարող տալ, երբ միմիայն վերյիշենք, թէ ի՜նչ հեղինակաւոր դէմքեր են իրենց ծանրակշիռ մասնակցութիւնն բերել այս խորհրդաժողովին…։
Թւարկենք մի քանիսին միայն, ովքեր նորանկախ Հայաստանի որպէս պատմագիտութեան կաճառի ներկայացուցիչներ, մեծ աւանդ են ունեցել՝ խորհրդաժողովին բարձր որակ հաղորդելու գործում։
Ահաւասիկ. Ակադեմիկոս-պատմաբաններ հանգ. Բաբգէն Յարութիւնեան, Աշոտ Մելքոնեան, Էդիկ Մինասեան, Ռուբէն Սաֆրաստեան, ինչպէսեւ՝ վաստակաւոր դիւանագէտներ, ԻԻՀ-ում ՀՀ-ի լիազօր եւ արտակարգ բոլոր դեսպաններն, որոնք նոյնպէս թէ՛ որպէս զեկուցաբերներ, եւ թէ՛ որպէս քննարկումներին անմիջական մասնակցողներ, խորհրդաժողովումՀՀ ժամանակի իշխանութիւնների նկատմամբ նոյնիսկ սուր քննադատութիւններին վերաբերւել են ըմբռնումովեւ իրենց կոչմանըարժանավայել պահւածքով…
Գումարենք վերոնշեալներին նոյնինքն Յաղթական ԱՐՑԱԽԻ ինչպէս պետական, այնպէս էլ քաղաքական ներկայացուցիչներին, ովքեր իրենց խորքային մեկնաբանութիւններով երիցս ապացուցում էին Արծւաբոյն ԱՐՑԱԽԻ անուրանալի նշանակութիւնը՝ Հայաստան աշխարհի անվտանգութեան ու զօրեղացման հարցում։ Խորհրդաժողովների մասնակիցների շարքում յիշենք նաեւՍփիւռքի զանազան գաղթօջախ-համայնքների քաղաքական-հասարակական ու մանաւանդ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, մասնաւորապէս Եւրոկառոյցներում Հայ Դատն ու Հայոց Պահանջատիրութիւնն ամենօրեայ ու մշտարծարծ պահող նւիրեալներին։
Անմոռանալի է յատկապէս ամենաուշագրաւ խորհրդաժողովներից մէկը՝ կազմակերպւած՝ 2006-ի նոյեմբերին, որին իր ծանրակշիռ, ներգործուն եւ աւաղ՝ վերջին մասնակցութիւնն էր ունենում Հրանտ Դինքը…
Լրացուցիչ՝ յիշարժան են նաեւ մի քանի անհատականութիւններ, որոնք որպէս Հայ Դատի անխոնջ ու մեծահամբաւ նւիրեալներ՝ դարձեալ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի ձեռնարկած այլեւայլ միջոցառումներին բարձր որակ են հաղորդել եւ Հայրենի հոգեհարազատ շնչով իրանահայ լսարանին հաղորդակից դարձրել Հայոց Պահանջատիրական պայքարի ու Հայ Դատի արդարացիութեանը։
Ահաւասիկ՝ երջանկայիշատակ պատմաբաններ՝ Լենդրուշ Խուրշուդեան, Ռիչարդ Յովհաննիսեան եւ Հայ Դատի անընկրկելի նւիրեալ, գիտնական ու քաղաքական գործիչ՝ Էդւարդ Յովհաննիսեան եւնրա ամուր ոտնահետքերով ընթացող ու իր հարազատ զաւակ՝ Վահան Յովհաննիսեան…
* * *
Յարգելի ընթերցող, վերջին տասնամեակում պարսիկ լսարանի համար եւս կազմակերպւելեն գրեթէ նոյն բնաբանով ու թեմաներով խորհրդաժողովներ։
Մասնակիցները, որպէս բանախօս-զեկուցաբերներ եղել են ինչպէս մեր նշած Հայրենի հեղինակները, նոյնպէսեւ՝ պարսիկ բարեկամների քաղաքական, պետական-դիւանագիտական ու այլ կարգի հեղինակաւոր վերլուծաբաններ։
Այստեղ կը ցանկանայի յարգելի ընթերցողի ուշադրութիւնն սեւեռել կարեւոր հանգամանքի վրայ։
«Հայ Դատն այսօր»-ի թէ՛ հայկական, եւ թէ՛ պարսկական խորհրդաժողովներում (յար եւ նման հայաստանեան, թէ՛ սփիւռքեան նմանօրինակ խորհրդաժողովների), մինչեւ 2018-ի Սորոսական յեղաշրջումն ու մասնաւորապէս մինչեւ 2020 թւականի Արցախի դէմ Անգլոսաքսոնական ու ադրբեջանա-թուրքական սադրած պատերազմը, անխտիր բոլոր բնաբաններն ու համապատասխան թեմաները, որոնք ձեւակերպւած էին Հայ Դատի ու Հայոց Պահանջատիրութեան համատեքստում, ըստ էութեան քննարկման առարկայ էին դարձնում ապագայի հաշւին ուրւագծւող հնարաւորձեռքբերումները։ Ուղղակի՝ քննարկւում ու եզրայանգման իրատեսական դրոյթներ էին բանաձեււում՝ նոր յաղթանակների եւ հայանպաստ նոր ձեռքբերումների համար։
Յատկանշական է այն, որ արդէն խորհրդաժողովներում իրատեսօրէն առաջադրանք-ծրագիր էր ներկայացւում զեկուցաբերների կողմից առ այն, որ Հայոց Պահանջատիրական ու Հայ Դատի մերօրեայ պայքարի մարտավարական ու ռազմավարական նկատառումների առանցքում հարկաւոր է վերարծարծել ու դեռ աւելին՝ վերագործարկել 1920 թ. Սեւրի պայմանագիրը։ Ընդորում՝ փաստագրւում էր այն հանգամանքը, որ հայկական թէ՛ պետական-դիւանագիտական, թէ՛ ժողովրդական, եւ թէ՛ Սփիւռքեան լաբբինգի կարելիութիւններն ի սպաս դնել՝ եւրոպական եւ միջազգային այլ կառոյցներում, յօգուտ Սեւրի իրաւա-քաղաքական դրոյթների կեանքի կոչմանը…։
… Այսօր, սակայն, ինչպէսեւ վերջին 2-3 տարիների «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովների բնաբան-թեմաները ընդգրկում են ոչ թէ Հայոց համազգային Պահանջատիրութեան պայքարում նորանոր ձեռքբերումներով ազգովի հպարտանալու, այլեւ՝ անընդհատ պարտութիւնների, նահանջների, պետական ու ազգային անվտանգային յաջորդական մարտահրաւէրների եւ ահա, այս տարի իսկ, հայրենական ու մասնաւորապէս Արցախի կորստի ծանրակշիռ հետեւանքներիդիմագրաւմանվտանգալից հանգամանքները։
Կորուստներ, համազգային ճգնաժամ,համընդհանուր հիասթափութիւն՝ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում, ներազգային պառակտում, Հայոց Առաքելական Եկեղեցու դէմ աղանդաւորական, ապազգային ու անբարոյ յարձակում, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականութեան ու պետականութեան դէմ ներուժ ու ներգործուն սպառնալիքներ…, որոնք ըստ ամենայնի անպատասխան են մնում ազգադաւ իշխանախմբի կողմից։
Ահա՛ այն բոլոր մարտահրաւէրները, որոնց դիմագրաւմանկարելիութիւնները փորձելու է վեր հանել «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 15-րդ խորհրդաժողովը։
Խորհրդաժողով, որն կայանալով ամենահայաստանամերձ համայնքում, մշտապէս ներդրել է իր բաժին-մասնակցութիւնը՝ Հայոց համազգային Պահանջատիրութեան ու յարատեւ պայքարի յաղթական աւարտի ճամբին…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու