Վարդավառի տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան Տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում նշւեց Վարդավառի տօնը, հանդիսաւոր Սուրբ Պատարագի մատուցմամբ կիրակի, յուլիսի 27-ին եւ եկեղեցական արարողութեան աւարտին կատարւեց իրարու վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը:
Թաւրիզի Մարալան թաղամասի Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց եւ քարոզեց Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:
Իր քարոզում, Սրբազան Հայրը յատկապէս անդրադարձաւ Յիսուսի Պայծառակերպութեան դրւագին՝ Թափօր լեռան վրայ, երբ աշակերտներից երեքի դիմաց պայծառակերրպւեց, երկնային փայլքով յայտնւելով նրանց:
Սրբազանը ասաց, որ իւրաքանչիւր անձ կարող է սրտալից աղօթքի միջոցով հասնել Աստծու տեսութեան փառքին եւ վայելել նրա զօրութիւնը, ինչպէս պատահեց այն երեք աշակերտներին Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին:
Սրբազան Հայրը իր քարոզում անդրադարձաւ նաեւ Վարդավառի ջրցանի հեթանոսական աւանդութեանը, որը Սբ. Լուսաւորիչը քրիստոնէացրել էր եւ եկեղեցական օրացոյցի կարգ անցկացրել:
Պայծառակերպութեան տօնի առիթով, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Տէր Հայրը իր քարոզում Տիրոջ Այլակերպութիւնը բացատրեց աւետարանական դրւագի միջոցով:
Թաւրիզի Մարալան քաղաքամասի ազգային կալւածի այգում, եկեղեցու Կանանց Խնամակալ մարմինը կէսօրւան ճաշով պատւեց հոգեւոր դասին եւ հիւրերին, որոնք եկեղեցու կողքի տաղաւարում հիւրընկալւեցին եւ մինչեւ երեկոյեան ժամերը հաճելի ժամանց անցկացրին:
Այս առիթով առաջնորդ Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց Թաւրիզի եւ Ուրմիոյ Խնամակալ մարմիններին, որոնք եկեղեցու հանդէպ իրենց բծախնդիր ու հոգատար աշխատանքով նպաստում են դրա պայծառութեան: Սրբազանը աղօթք բարձրացրեց առ Աստւած, որ Պայծառակերպութեան տօնը լինի բոլորի համար եկեղեցու առաւել պայծառութեան առիթ:
Տիրոջ Պայծառակերպութեան խորհրդով լցւած, եւ Վարդավառի աւանդութեամբ խանդավառւած, հաւատացեալներ վերադարձան իրենց տները, ջուրի լւացումով հոգեպէս նաեւ մաքրւած ու սրբւած:
Յաջորդ օրը, Երկուշաբթի, Մեռելոց Յիշատակի համար հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն կատարւեց Թաւրիզի գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում: Ապա, Տ. Մարտիրոս քահանայի միջոցով կատարւեց գերեզմանօրհնէք, հին թէ նոր հանգուցեալների շիրիմների վրայ: