ՀամայնքՆոր Ջուղա

Հայրենագիտութեան եւ ջուղայագիտութեան մրցոյթ՝ Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան-Կատարինեան» դպրոցի յարկի տակ

Հայեցի դաստիարակութեան աշխատանքների ծիրում, հայրենիքն ու Նոր Ջուղայի հինաւուրց համայնքը մատաղ սերնդին առաւել չափով ծանօթացնելու նպատակով, Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէնութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ նոյեմբերի 15-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում կազմակերպւեց հայրենագիտութեան եւ ջուղայագիտութեան մրցոյթ՝ մասնակցութեամբ դպրոցի 24 սաների եւ ծնողների, ովքեր մրցակցեցին վեց խմբերի ներքոյ:

Երեկոյին ներկայ էին՝ Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ Վեհանուշ Տէր-Մարտիրոսեանն ու Լորիս Նաւասարդեանը եւ դպրոցի անձնակազմը, ծնողներն ու աշակերտները:

Որպէս ծրագրի բացման խօսք արտայայտւեց փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանը: Նա իր գնահատանքի խօսքն ասելով երեկոյի կազմակերպիչներին, մրցոյթին մասնակից ծնողներին ու աշակերտներին եւ ի մասնաւորի գեղարւեստական խմբերի ղեկավարներին՝ ընդգծեց հայկական պարերի մեծ վարպետ Գագիկ Գինոսեանի երազանքը՝ ազգագրական ու ռազմական պարերը դպրոցներում եւ զինւորանոցներում ուսուցանելու կապակցութեամբ եւ աւելացրեց, որ «Քանանեան-Կատարինեան» դպրոցում փորձեր են կատարւում հայկական պարարւեստն ու երգարւեստը ծանօթացնելու եւ տարածելու ուղղութեամբ:

Մինչեւ մրցութային բաժնի մեկնարկը աշակերտներ՝ էմիլի Նաւասարդեանն ու Անիա Յովսէփեանն ասմունքեցին Վահագն Դաւթեանի «Այր մի Մաշտոց» բանաստեղծութիւնը, այնուհետեւ դպրոցի «Ղօղանջ» երգչախումը հանդէս եկաւ Կոմիտասից եւ ժողովրդական երգերից շարաններով, իսկ պարախումբը կատարեց պարային երկու համարներ՝ ծնողների եւ աշակերտների միասնական կատարումներով: Ասմունքի, երգի եւ պարի կատարումների ղեկավարներն էին՝ հերթաբար Ռիմա Սիմոնեանը, Նայիրա Ալեքսանեանն ու Քաթրին Մարկոսեանը:  

Շարունակութեան մէջ տեղի ունեցաւ մրցութային բաժինը՝ ուսուցչուհի Սեդա Դիլանչեանի մրցավարութեամբ:  Տրւած պատասխանները գնահատւեցին իրավարար կազմի անդամներ՝ Ռիմա Սիմոնեանի, ուսուցչուհի Քարոլին Դիլանչեանի եւ զբօսաշրջութեան ուղեվար Նորայր Կարապետեանի միջոցով: Համակարգչային համակարգողն էր ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը:

Նշելի է, որ մրցոյթին նախապատրաստւելու համար դպրոցի կողմից մասնակիցներին տրամադրւել էր հայրենագիտութեան գիտելիքների գրքոյկ, իսկ ջուղայագիտութեան շրջագծում նրանք իրենց տեղեկութիւնների շարքը համալրել էին «Շրջապտոյտ Նոր Ջուղայում» ծրագրին մասնակցելով, որտեղ զբօսավար Նորայր Կարապետեանի ուղեկցութեամբ այցելութիւններ էին կատարել Նոր Ջուղայի տեսարժան վայրեր: Զբօսաշրջութեան այս ծրագիրը տեղի է ունեցել Սպահանի հայոց թեմի Առաջնորդարանի Հանրային կապի եւ Զբօսաշրջութեան գրասենեակների համագործակցութեամբ, իսկ մրցութային բաժնի գլխաւոր կազմակերպիչներն էին՝ Սեդա Դիլանչեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը: 

Աւարտին արդիւնքների ամփոփումից յետոյ յաղթող ճանաչւեց «Կատարինէ» խումբը, որից յետոյ դպրոցի տնօրէնուհի Անահիտ Սարհադեանի, իրաւարար կազմի եւ մրցավարի միջոցով գնահատագրեր շնորհւեցին բոլոր մասնակիցներին, իսկ յաղթող խումբը պարգեւատրւեց նւէրներով:

Ծրագիրն աւարտւեց դպրոցի ծնողական խորհրդի կազմակերպած հիւրասիրութեամբ:

Ստորեւ ներկայացնում ենք մասնակից խմբերի անւանացանկը.

«Չարենց» խումբ

Դեզիրէ Մկրտչեան, Սիլւա Փանոսեան, Ալին Վարդումեան, Վանէ Խաչիկեան

«Զարթօնք» խումբ

Ժենիկ Թահմազեան, Վիոլետ Ղազարեան, Նելին Մարուքեան, Լիլիան Ծառուկեան

«Կռունկ» խումբ

Սիլւա Վարդանեան, Հռիփսիմէ Համբարձումեան, Ջիւանի Թահմազեան, Նատալի Յակոբեան

«Քանանեան» խումբ

Մառինէ Ղարիբեան, Ժուլիետ Ղազարեան, Անիա Յովսէփեան, Էդլին Յովսէփեան

«Կատարինէ» խումբ

Ֆրիդա Քեշիշեան, Այլին Շահբազեան, Նինելիա Իսաղուլեան, Էմիլի Ծատուրեան

«Կեսարացի» խումբ

Այլին Քեշիշեան, Ալենուշ Խուդավերդեան, Տեսիլ Գալստանեան, Էմիլ Ծատուրեան

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button