ԹեհրանՀամայնք

«Րաֆֆի» օրացոյցների անաւարտ մնացած առաքելութիւնը

ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ

 

84 տարիներից յետոյ այս տարի առաջին անգամ ոչ միայն Թեհրանի ու Իրանի հայաշատ քաղաքների, նաեւ սփիւռքեան հեռաւոր քաղաքաների հայկական խանութների ցուղցափեղկերն ունեցան մի խոշոր բացակայ՝ «Րաֆֆի» օրացոյցները:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները եթէ ոչ առաջինն, առնւազն առաջիններից մէկն էին որ հայկական խանութների ցուցափեղկերից աւետում էին նոր տարւայ գալուստը:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները հաւատարիմ մնալով իրենց կոչմանն ամենաճշգրիտ կերպով ներկայացրեցին հայկական կրօնական ու ազգային տօները:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները եղան ամփոփ տարեգիրք իրենց մէջ ներառելով թիկունքում թողնւած տարւայ ոչ միայն հայկական աշխարհի՝ Հայաստան-Սփիւռք-Արցախ, այլ Իրանի ու աշխարհի իրադարձութիւնները:

«Րաֆֆի» օրացոյցները լոյս աշխարհ եկան 1941 թւականին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տարիներին, իրանահայ մշակութային, կրթական ու գաղափարական հանրայայտ գործիչ Տաճատ Պօղոսեանի ջանքերով ով շուրջ 40 տարի՝ մինչեւ 1981 թւականը կազմեց ու հրատարակեց օրացոյցները: Նրա վախճանումից յետոյ, սկսեալ 1982 թւականից օրացոյցների հրատարակման աշխատանքները կատարեցին հերթաբար նրա դուստրը՝ Արմինէ Պօղոսեանը, ապա որդին՝ Մարտիկ Պօղոսեանը, այնուհետեւ հարսը՝ Էռա Պօղոսեանը, իսկ վերջին տարիներին՝ Համլետ Յակոբեանը: 1982 թւականից յետոյ «Րաֆֆի» օրացոյցները կազմել են Արշալոյս Աբգարեանը (1982-1992), Ռոբերտ Մարգարեանը (1993-2013 եւ 2017-2025) եւ Արա Աւանէսեանը (2014-2016) շարունակ պահպանելով ու հաւատարիմ մնալով օրացոյցի հիմնադրի մշակած ու դաւանած արժէքներին ու սկզբունքներին:

Այս տարի «Րաֆֆի» օրացոյցները պիտի նշէին իրենց գոյութեան 85-ամեակը:

Ծրագրել էինք բացառիկ համարով նշել օրացոյցի 85-րդ տարին ու հնարաւորութեան դէպքում դա շարունակել ու բոլորել 90-ն ու 100-ը: Սակայն երկրում տիրող տնտեսական ծանր պայմաններն ու դրան զուգահեռ մի շարք տեխնիկական պատճառներ մեր կամքից անկախ խափանեցին մշակւած ծրագրերն ու մեր երազանքների իրականացումը:

«Րաֆֆի» օրացոյցների կեանքի սլաքները կանգ առան 84-ի վրայ: Գուցէ ժամանակաւոր: Դա դեռ չգիտենք:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները փորձեցին լաւագոյն կերպով իրականացնել իրենց վստահւած առաքելութիւնն ու դա շարունակում է մնալ անաւարտ քանի որ ժողովրդին ծառայելու առաքելութեան համար որեւէ վերջակէտ գոյութիւն չունի ու դա անաւարտ է:

Իսկ թէ որտե՞ղ ու ինչպէ՞ս կշարունակւի «Րաֆֆի» օրացոյցների անաւարտ մնացած առաքելութիւնը դա արդէն ժամանակը ցոյց կտայ:

Իսկ մինչ այդ «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմի կողմից մեր խորին շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնն ենք յայտնում մեր հետեւորդներին, ովքեր 84 տարիներ շարունակ վստահեցին մեզ, կանգնած մնացին մեր կողքին ու աջակցեցին մեզ:

Շնորհաւորում ենք Նոր Տարին եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը:

Related Articles

Back to top button