ՀամայնքՆոր Ջուղա

Հանդիպում՝ Իրանի Կենտրոնական շրջանի (Սպահան) Փաստաթղթերի եւ Ազգային գրադարանի հիմնարկի տնօրէնի հետ

Իրանի Կենտրոնական շրջանի (Սպահան) Փաստաթղթերի եւ Ազգային գրադարանի հիմնարկի տնօրէն դոկտ. Մոհսեն Հեսամ Մազահերին հանդիպում է ունեցել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ, որին ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Աշոտ Դաւթեանը, խորհրդի ատենադպիր Քարոլին Դիլանչեանը, Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիւատան տնօրէն Թովմա Գալստանեանը եւ Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի տնօրէն Վերգինէ Միրզախանեանը։

Հանդիպման սկզբում երկու կողմերը ներկայացրին իրենց կառոյցների գործունէութիւնը, առկայ հաւաքածուները, դրանց գրանցման եւ պահպանման եղանակները, թւայնացման ընթացքը, ինչպէս նաեւ հետազօտողների հետ իրականացւող աշխատանքները։

Կողմերը կարեւորեցին հետազօտողների եւ պատմական ու մշակութային ժառանգութեամբ հետաքրքրւողների համար փաստաթղթերի հասանելիութեան ապահովման տարբեր միջոցները։

Հանդիպման միւս կարեւոր թեմաներից էին փաստաթղթերի թւայնացումը, ընթերցման եւ վերծանման հմտութիւնների զարգացումը, ինչպէս նաեւ դրանց մասնագիտական գրանցումն ու պահպանութիւնը։

Առանձնայատուկ շեշտադրւեց ժամանակակից իրադարձութիւնների փաստագրումը, բանաւոր պատմութեան գրանցումը եւ տարբեր ծրագրերից, արարողութիւններից ու միջոցառումներից լուսանկարների, տեսանիւթերի եւ ձայնագրութիւնների հաւաքագրումն ու պահպանումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց նաեւ Սուրբ Ամենափրկիչ վանքի փաստաթղթերի վերականգնման բաժնին եւ առկայ սարքաւորումներին։

Խորհրդի ատենպետ Աշոտ Դաւթեանը շեշտեց, որ փաստաթղթերի պահպանումը միշտ եղել է Թեմական խորհուրդների առաջնահերթութիւններից։ Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթերը ոչ միայն հայ համայնքի, այլեւ Իրանի ազգային պատմամշակութային ժառանգութեան կարեւոր մասն են եւ ունեն համազգային նշանակութիւն։

Հանդիպման աւարտին տնօրէնն ծանօթացաւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի տարբեր բաժինների հետ, որտեղ տնօրէնը ներկայացրեց ընթացիկ գործունէութիւնը, ինչպէս նաեւ իրականացւած աշխատանքները՝ հնատիպ եւ արժէքաւոր գրքերի պահպանութեան, թւայնացման ու համակարգման ուղղութեամբ։

Հանդիպումն անցաւ կառուցողական մթնոլորտում։ Կողմերը կարեւորեցին հետագայ կապերի շարունակութիւնն ու համատեղ աշխատանքը։

 ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ

Related Articles

Back to top button