Հայաստան - Արցախ

Աբրահամ Գասպարեան. «Առկայ խնդիրները լուծելու համար նախ պէտք է Արցախեան հարցն ակտուալ պահել»

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի եւ «ABC media»-ի ղեկավար Աբրահամ Գասպարեանը համոզւած է, որ Արցախեան վերջին պատերազմից յետոյ առկայ իրավիճակից դուրս գալու ճանապարհները մտածւած են: Դրանք իրականութիւն դարձնելու համար մեր ազգի մօտ պակասում է գործակցութեան մշակոյթը:

«Ազգային ու պետական շահերի ու քաղաքականութեան կողմնակից բոլոր առողջ ու սթափ ուժերը, անհատականութիւնները, հանրային-քաղաքական դաշտում իրենց խօսքի եւ գործի կշիռն ունեցող անձինք պարտաւոր են ձեւաւորել կոնսենսուս այնպէս, ինչպէս միջազգային հանրութիւնը գործող իշխանութեան հետ ձեւաւորել է կոնսենսուս՝ Արցախի հարցի իսպառ վերացման վերաբերեալ»,- ասաց Աբրահամ Գասպարեանը:

Յիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցութեան նախագահն նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին փակ հանդիպման էր հրաւիրել Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանին, ԱՀ պատգամաւորներին ու տարբեր հասարակական ու քաղաքական գործիչների:

Նախատեսւում է քննարկել երկրում ստեղծւած բարդ իրավիճակի վերաբերեալ հարցերն ու գտնել դրանց լուծումները:

Աբրահամ Գասպարեանը յայտնեց, որ իրենք հանդիպմանը եկել են ոչ թէ ճառեր ասելու կամ նոր մտքեր յղանալու, այլ մշակելու համատեղ աշխատանքի կոնկրետ մեխանիզմներ:

«Մեդիա դաշտում, առանց Արցախեան հարցն ակտուալ պահելու, քաղաքական ոչ մի ուժ չի կարող կենսունակութեան նշան ցոյց տալ Հայաստանին»,- ասաց Գասպարեանը:

Անդրադառնալով «168.am»-ի դիտարկմանը, որ Փաշինեանը մինչեւ օրս այդպէս էլ ժամանակ չի կարողանում գտնել՝ ընդունելու Արցախի ղեկավարին, Աբրահամ Գասպարեանը յայտարարեց, որ ՀՀ ներկայ իշխանութիւնները փորձում են թերարժեւորել առկայ գործընթացները:

«Թէ Նիկոլ Փաշինեանն ում կընդունի, ում՝ չէ, իր խնդիրն է, բնականաբար: Բայց ակնյայտ է մէկ բան, որ արւում է ամէն բան, որպէսզի նսեմացւի Արցախի հարցն ու Արցախի պահպանւած վերջին կառոյցը լուսանցք մղւի»,- ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի եւ «ABC media»-ի ղեկավար Աբրահամ Գասպարեանը:

Related Articles

Back to top button