Հայաստան - Արցախ

Վարդան Օսկանեան. «Եթէ չկայ Լաչին, չկայ Արցախ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի նշոյլը չկայ, ինչի՞ միջանցքի հարց կայ, ինչի՞ դիմաց»

Այսօր օրակարգում կայ անկլաւների խնդիր, միջանցքի խնդիր, կայ Հայաստանի տարածքային ամբողջականութեան խնդիր, տարածաշրջանային խնդիրներ՝ «3+3», կայ գլոբալ խնդիր՝ հարց է դրւել Հայաստանի թեքումը մի ուղղութիւնից միւս ուղղութեան: Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը՝ անդրադառնալով Հայաստանի մարտահրաւէրներին եւ իշխանութեան վարած քաղաքականութեանը:

«Արցախեան հարցը շատ աւելի պարզ էր, կար հարցի կարգաւորման նախագիծ, կար Մադրիդեան փաստաթուղթ, կար յստակ ճանապարհային քարտէզ հարցի կարգաւորման, կար միջազգային հանրութեան միանշանակ աջակցութիւնը, կար Մինսկի խումբ, այդ բոլորը փոշիացրեցին ուղղակի, եւ արդիւնքում, մենք կորցրեցինք Արցախը եւ դատարկեցինք Արցախը: Հիմա քաղաքական, դիւանագիտական այս անմեղսունակները զբաղւում են արդէն շատ աւելի մեծ խնդիրներով, Հայաստանին վերաբերող խնդիրներով: Հայաստանի խնդիրն է դրւած, տարածաշրջանային խնդիրներն են, գլոբալ խնդիրներն են, այս երեք հարթութիւններում էլ այս նոյն մարդիկ են զբաղւում: Եթէ Ղարաբաղեան պարզ հարցում նրանք խճճւեցին եւ նման արդիւնք ունեցան, որեւէ մէկը յոյս ունի, որ այս իշխանութիւնները շատ աւելի բարդ եւ մեզ համար աւելի էքզիստենցիալ հարցերում կը կարողանան ճիշտ կողմնորոշւել: Այսօր օրակարգում կայ անկլաւների խնդիր, միջանցքի խնդիր, կայ Հայաստանի տարածքային ամբողջականութեան խնդիր, տարածաշրջանային խնդիրներ «3+3», կայ գլոբալ խնդիր, հարց է դրւել Հայաստանի թեքումը մի ուղղութիւնից միւս ուղղութեան: Արդեօք այս իշխանութիւնները կը կարողանան այս հարցերում ճիշտ կողմնորոշւել»,- ասել է նա:

Անդրադառնալով միջանցքի խնդրին՝ Օսկանեանը հարց է տալիս, թէ արդեօք այսօրւայ իշխանութիւններից որեւէ մէկը կը կարողանայ յօդաբաշխ բացատրութիւն տալ, թէ ինչու է այդ հարցը օրակարգում:

«Կարո՞ղ է որեւէ մէկը ինձ բացատրի, ինչի է այդ հարցը քննարկւում, ով բերանը բացում է, Թուրքիան, Միացեալ Նահանգները, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, բոլորը այդ միջանցքից են խօսում: Ինչո՞ւ է այդ հարցը օրակարգի վրայ, որեւէ մէկը կը կարողանայ ինձ բացատրել, եթէ չկայ Լաչին, չկայ Արցախ, Արցախում չկայ հայ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետքը, նշոյլը գոյութիւն չունի, ինչի՞ միջանցքի հարց կայ, ինչի՞ դիմաց: Սա նոյնն է, որ մենք գնանք Վրաստանից ինչ-որ միջանցք պահանջել Բաթում գնալու համար, ուղղակի միջանցք: Էդ մարդիկ մեզ չեն ասի, ընկեր, ինչի՞, ո՞վ էք դուք, ինչի էք ուզում միջանցք, հաւատացէ՛ք, այսօր նոյն խնդիրն է: Երբ կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, երբ կար Արցախ, երբ կար այնտեղ 120 հազարհայութիւն, ես հասկանում էի այդ հարցի բարձրացնելը Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը ասում էր, եթէ ես դա եմ տալիս քեզ, ուզում եմ, որ դու էլ հայելայինինձ տաս, բայց երբ այսօր չկայ, ո՛չ Լաչին, ո՛չ Արցախ, ո՛չ հայութիւն, ով կարող է ինձ յօդաբաշխ բացատրել՝ ինչու կայ միջանցքի հարց: Սա այս իշխանութիւնների անմեղսունակութեան արդիւնքն է»,- ասաց նա:

Օսկանեանը պնդում է, որ որոշ ժամանակ յետոյ խօսելու են Փաշինեանի հետագայ սխալների մասին, որոնց հետեւանքով աւելի մեծ կորուստներ են լինելու. «Ո՞րն է ելքը. մի ելք եմ ես տեսնում, կամ այս իշխանութիւնների մօտեցումները, գաղափարները հիմնովին փոխւում են, որ յոյս չունեմ, կամ այս իշխանութիւններն են հիմնովին փոխւում: Այլ ելք ես ուղղակի չեմ տեսնում»:

«News.am»

Related Articles

Back to top button