«Դրօշակ»-ի առաջնորդող. Ճակատագրական ճամբաբաժանը
Նախ արձանագրենք փաստեր, որոնց մասին բարձրաձայնել են ազգային ուժերը՝ մերժելով իշխանութիւնների կեղծ տեսակէտները եւ որոնք այսօր արդէն կատարւած իրողութիւններ են։
– Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական վերջին ագրեսիան, շրջափակումից յետոյ արցախահայութեան դէմ ուղղւած ցեղասպանական եզրափակիչ գործողութիւնն էր։
– Ադրբեջանի պատերազմական նոր վայրագութիւնների պայմաններում ողջ արցախահայութիւնը բռնագաղթեց բնօրրանից, որովհետեւ ի տարբերութիւն Նիկոլ դաւաճանի եւ նրա արտաքին հովանաւորների կեղծ հաւաստիացումների Արցախի հայութիւնը համոզւած էր, որ դարաւոր ջարդարարի իշխանութեան ներքոյ չի կարող ունենալ խաղաղ, անվտանգ կեանք։
– Ադրբեջանին ուղղւած Արեւմուտքի բոլոր յորդորներն ու դատապարտումները, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի եւ միջազգային այլ ատեանների քննարկումներն ու որոշումները ձեւական բնոյթ էին կրում, քանի որ չէին ամրագրւում կոնկրետ գործողութիւններով, ինչն էլ զսպելու փոխարէն աւելի խրախուսում էր Ադրբեջանին՝ խտրութիւն չդնելու հայութեան դէմ նոր ցեղասպանութիւն իրականացնելու միջոցների մէջ։ Աւելին, նոյն Արեւմուտքը երկիմաստօրէն «զգուշացնում էր» արցախահայութեանը, որ Ադրբեջանի գերիշխանութիւնը չընդունելու դէպքում, չեն կարող երաշխաւորել ադրբեջանական ջարդերից։ Որ Արեւմուտքի բոլոր ցաւակցութիւնները, յորդորներն ու դատապարտումները իրենց երեսը գթասրտութեամբ շպարելու համար էին փաստում է եւ այն իրողութիւնը, որ Արցախի հարցը, ըստ իրեն, լուծելուց յետոյ Ադրբեջանի ղեկավարը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին՝ պահանջելով անկլաւային բնակավայրերը։ Երեսպաշտ Արեւմուտքն էլ իր մխիթարութեան խօսքերով ու նիւթական փշրանքներով յայտնւեց այստեղ ճիշտ Արցախի հայաթափւելու յաջորդ օրը։
– Աւելացնենք, որ Ադրբեջանի իշխանութիւննների համար 44-օրեայ պատերազմից ցայսօր ոչ պակաս կարեւոր թիկունք է Հայաստանի ղեկավարը, ով ձեւական մի քանի յայտարարութիւնների քողի ներքոյ ծածկադմփոց է անում ադրբեջանական (չմոռանանք նաեւ թուրքական) վայրագութիւնների փաստերը, չի կազմում համապատասխան թղթածրարներ եւ չի հետապնդում յանցագործութիւնների ամրագրման յանցագործներին պատասխանատւութեան ենթարկելու խնդիրները։ Աւելին, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, 2023 թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից առաջ յայտարարելով, թէ Հայաստանը չի միջամտելու, իսկ յետոյ գնահատելով, թէ Արցախի հայութեանը վտանգ չի սպառնում՝ նա նախ հաւաստեց Հայաստանի քաղաքական ու ռազմական չէզոքութիւնը, այնուհետեւ արդարացրեց տեղի ունեցած պատերազմական յանցագործութիւնները։
– Ցաւօք ճիշտ էր հայութեան սթափ, հայրենասէր հատւածը, որը ոչ միայն անցնող հինգ տարիներին, այլեւ արցախեան պայքարի սկզբնաւորման շրջանից զգուշացնում, աղաղակում էին, որ Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախի անկումից յետոյ գալու է Զանգեզուրի հերթը։ Իրապէս էլ Արցախը հայաթափելուց անմիջապէս յետոյ մեծացավ ճնշումը անկլաւների, ինչպէս եւ Զանգեզուրի միջանցքի հարցով։ Ոչ մի կասկած չկայ, որ Թուրքիան այս հարցում ոչ միայն հրահրող թիկունք է Ադրբեջանի համար այլեւ, առաւել շահագրգռւած լինելով, աւելի մեծ ճնշում է գործադրում Հայաստանի անողնաշար ղեկավարութեան վրայ։
– Որքան էլ դժւար է հաշտւելը այս եզրակացութեան հետ, ստիպւած ենք, սակայն արձանագրել, որ գրեթէ կասկած չի յարուցում, Զանգեզուրի միջանցքը յանձնելու հարցում ընդհանուր փոխհամաձայնութեան գոյութիւնը՝ բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչեւ Արեւմուտք ու Ռուսաստան։ Անշուշտ սրանցից իւրաքանչիւրը տւեալ հարցում հետապնդում է իր շահը, սակայն երբ Հայաստանի ղեկավարութիւնը պատրաստակամութիւն է յայտնում յանձնելու երկիրը եւ մի հարց ունի միայն՝ իրեն նախապէս չեն ասում, թէ մինչեւ ինչքան տարածք են ուզում, իւրաքնչիւրը փորձում է զարգացումների գործընթացի մէջ լինել յաղթող կողմը, կամ թէ ստանալ առաւելագոյնը։ Այսօր արդէն ակնյայտ է, որ, ինչպէս գրում են իրանցի քաղաքագէտները, ադրբեջանաթուրքական տանդեմի երազած պանթուրանական միջանցքը միաժամանակ նատոյական միջանցք է, որով Արեւմուտքը պէտք է հասնի կենտրոնական Ասիա, Ռուսաստանից կտրի ու հակառուսական պլացդարմի վերածի Ադրբեջանն ու կենտրոնասիական հանրապետութիւնները, միաժամանակ չէզոքացնելով Չինաստանի ազդեցութիւնը նրա սահմանների մօտ խարիսխ նետելով։
Ռուսաստանը, որն իր աւանդական քաղաքականութեանը հաւատարիմ, շարունակում է թուրքական տարրի հետ արեւմուտքի դէմ ճակատ կազմելու փորձերը միաժամանակ Զանգեզուրի միջանցքը տեսնում է որպէս իր տնտեսական զարկերակը վերակենդանացնելու այլընտրանքային տարբերակ։
Այս այլեւս բացայայտւած ծրագրերը ակնառու են դարձնում արցախեան փակ դուռը բացելու արտաքին ուժերի նպատակը։ Ընդ որում ելնելով աշխարհում եւ մեծ տարածաշրջանում աճող լարւածութիւնից շահագրգիռ ուժերը շտապում են խնդիրների ցանկալի լուծմանը հասնել օր առաջ՝ քանի դեռ նոր իրողութիւնները այլ կերպ չեն ձեւաւորւել։ Իսկ եղած պատկերից նորն ստանալու համար Արեւմուտքը ձգտում է նաեւ անկայունացնել կովկասեան տարածաշրջանը երկրորդ ճակատ բացելով Ռուսաստանի դէմ։ Աշխարհաքաղաքական այս մեծ խաղի մէջ ենթակայից առարկայի վերածւած Հայաստանը, ունենալով հանգուցային դիրք, երկրի բախտախնդիր իշխանութիւնների քաղաքականութեան պատճառով յայտնւել է այդ խաղի կենտրոնում, որպէս ռազմադաշտ, որին, օտար վերլուծաբաննների իսկ բնորոշմամբ, սպառնում է վերածւելը մշտապէս բռնկւող նոր բալկանների։ Տարածաշրջանով շահագրգիռ բոլոր տէրութիւննները մեր շուրջն իրականացնում են ակտիւ ու ագրեսիւ արտաքին քաղաքականութիւն, իրավիճակը յիշեցնում է մեծ պատերազմի նախօրեակ եւ այս բոլորի կողքին միակը, որի քաղաքականութիւնը աջ ու ձախ զիջումներով գերուժերի երաշխաւորած խաղաղութեանը հասնելն է բզկտւող Հայաստանն է՝ իր դաւաճան իշխանութիւններով։ Այս իշխանութեան վզի շխթաները, թէ դէպի ուր են ձգւում յայտնի է եղել իշխանութեան գալու առաջին օրերից, եթէ չասենք՝ դրանից առաջ։ Թէ մինչեւ 44-օրեայ պատերազմը եւ, թէ դրան հետեւած տարիների ողջ գործունէութիւնն ու գիտակցւած անգործութիւնը փաստում են գործող իշխանութեան ազգադաւ ծրագրերի մասին։ Այժմ նրանք կանգնած են յանձնելու գործընթացի յաջորդ փուլի առջեւ եւ իրենց գերխնդիր այն է, որ հերթական յանձնումը իշխանութիւնը կորցնելու պատճառ չդառնայ։ Կատարւած ու տեղի ունեցող իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ Հայաստանի դաւադիր իշխանութիւնն իր հակահայ ծրագրերը իրականացնում է, գործողութիւնները ներդաշնակելով Ադրբեջանի հետ։
Անկլաւների ու Զանգեզուրի միջանցքի հարցով վերջինիս սպառնալիքները շատ լաւ փոխանցւում են Նիկոլ Փաշինեանի թիմին, որը այս ընթացքում երկրում փորձում է ստեղծել մօտալուտ պատերազմի սպառնալիքի մթնոլորտ։ Որքան էլ անցանկալի է այս մասին գրելը, սակայն, ելնելով նախադէպերից սպասելի է, որ առաջիկայում Ադրբեջանը դիմելու է փոքր ու մեծ սադրանքների հայկական կողմին պատճառելով կորուստներ, որոնք ի վերջոյ «փրկիչ» ղեկավարին պէտք է «ստիպեն» զիջելու ինչ որ բան մնացածը պահպանելու, կորուստներին վերջ տալու համար։ Չկասկածենք սակայն, որ սա եւս վերջը չի լինելու, գտնւելու է հազար ու մէկ պատրւակ թուրքադրբեջանական շարունակական առաջխաղացման համար՝ մինչեւ Հայաստանի վերջնական կործանում։
Միւս կողմից ճանապարհին եղած արտաքին խոչընդոտներից հիմնականը վերացնելու համար այս շրջանում աւելի գործնական ու շօշափելի են դարձել Ռուսաստանի եւ նրա ռազմական համակարգի հետ կապերը խզելու հայ ղեկավարութեան քայլերը։ ՆԱՏՕ-ին տարածաշրջան բերելու համար Ռուսաստանն արդէն իսկ պատժում է Հայաստանին, սակայն անգամ «Արցախում եւ հեռու սահմանների մօտ» պատերազմը կարող է այնքան սարսափելի չթւալ պարզ հայաստանցու մաշկի համար, որքան տնտեսական, էներգետիկ այն «միջոցառումները», որոնք Ռուսաստանը կը կիրառի մեր երկրի դէմ։ Սրանով հանդերձ երկրից փախուստ տալուց առաջ Փաշինեանը շտապում է գլխակորոյս եւ առանց հետեւանքների մասին մտածելուն իրականացնել ստանձնած պարտաւորութիւնները։
Այս ազգակործան ծրագրեն իրականացնելու ճանապարհին ներքին խոչընդոտը չէզոքացնելու համար երկրում իրականացւում է տոտալ քարոզչութիւն։ Կեղծիքի ու զրպարտութեան տարածման համար, առանց միջոցների խնայողութեան գործի են դրւած պետական, պաշտօնական քարոզչամիջոցները եւ, այսպէս կոչւած, ֆէյքերի ֆաբրիկան։ Այդ քարոզչութիւնն այսօր ունի մի քանի ուղղութիւն
1. արդարացնել Փաշինեանի կատարած բոլոր դաւաճանական քայլերն ու ծրագրերը,
2. հարւածել ընդդիմութեանը՝ ի դէմս որոշ անհատների ու յատկապէս Դաշնակցութեան եւ
3. բորբոքել լայնատարած հակառուսական հիստերիա։
Առանձին հակաքարոզչութեան թիրախ է արցախահայութիւնը, որին Հայաստանի մտասեւեռւած ղեկավարը տեսնում է որպէս նոր խոչընդոտ ու վտանգ իր եւ իր ծրագրերի ճանապարհին։ Հայաստանի իշխանութիւնն իր գործունէութեամբ եւ ծրագրւած անգործութեամբ առաջիկայում ամէն ինչ անելու է արցախահայութեանը Հայաստանից դուրս մղելու համար։ Նրա հրահանգով արդէն իսկ սկսւել է կեղտոտ քարոզչութիւնը խոչընդոտելու, վարկաբեկելու եւ չէզոքացնելու նպատակով Արցախի ու արցախահայութեան իրաւունքների համար պայքարը։ Ցաւօք երեւոյթների խորքը չտեսնելով շատ մարդիկ ակամայից դառնում են տւեալ ազգադաւ քարոզչութեան կրողը եւ սպասարկուն։ Տարւելով օրւայ տաք թեմաներով յատկապէս համացանցային հոսանքի մէջ յայտնւած զանգւածը յաճախ չի ընկալում, որ «չգիտես որտեղից յայտնւած» տեղեկատւական փորձաքարը իրեն եւս բերում է դաշտը մի գզւռտոցի, որը բխում է իշխանութեան ծրագրերից եւ որի թիրախը ազգային-պետական շահերն են։ Հմտօրէն մանիպուլացնելով յատկապէս համացանցային դաշտը իր ֆէյքերի նոսրացած շարքերի միջոցով իշխանութիւնը տպաւորութիւն է ստեղծում, թէ երկրում կայ տեսակէտների ինչպէս եւ քաղաքական ուժերի նկատմամբ համակրանք-հակակրանքի մեծ բաժանում եւ փորձում է դա «ծախել» հանրութեան վրայ որպէս իր նատմամբ դեռեւս գոյութիւն ունեցող հզօր աջակցութեան արտայայտութիւն։
Ինչպէս ցոյց տւեցին Երեւանի աւագանու ընտրութիւնները անգամ ողջ իշխանական լծակներն ու պետական համակարգին ենթակայ մարդկային ռեսուրսը մոբիլիզացնելու դէպքում նրան յաջողւում է ապահովել նւազագոյն ձայներ։ Ակնյայտ է, որ ժողովուրդը ատում է Փաշինեանին եւ նոյնքան ակնյայտ է, որ ժողովուրդը չի վստահում ընդդիմութեանը, իսկ աւելի ստոյգ՝ չի հաւատում, որ այսօրւայ ընդդիմութիւնը ունակ է իր որդեգրած օրինական ճանապարհով իշխանափոխութիւն իրականացնելու։ Ժողովուրդը թերեւս չի ընկալում, որ ինքն, ըստ էութեան, նոյն ընդդիմադիր ճամբարում եւ եթէ ցայսօր իշխանափոխութիւն տեղի չի ունեցել պատճառը մէկ կողմից բռնապետական անօրէն ռեժիմի դէմ օրինական ճանապարհով յաղթանակի հասնելու անհնարինութիւնն է, միւս կողմից թերագնահատումը այն հսկայ ուժի, որը իշխանութեան առջեւ կանգնած պաշտպանում է նրան՝ ի դէմս պետական ողջ համակարգի, ուժային կառոյցների, քարոզչական հզօր մեքենայի եւ այն արտաքին ուժերի, որոնց համար այսօրւայ դրածոյ իշխանութեան գոյութիւնը միակ երաշխիքն է Արցախի ու Հայաստանի հետ կապւած իրենց բոլոր ծրագրերի իրականացման համար։
Ժողովրդի մի զգալի հատւածի ներկայ թմբիրը, զոմբիացւած վիճակը, հանրութեան ակտիւ հատւածի գնալը սխալ թիրախների յետեւից նոյնպէս հիմնական գործօն են, որոնք ապահովում են իրեն սպառած, սակայն դեռեւս պատմութեան աղբանոցում չյայտնւած իշխանութեան գոյութիւնը։ Որքան էլ դժւար է այս մասին բարձրաձայնելը, սակայն ակնյայտ է, որ ազգովի գտնւում ենք մեծ ճամբաբաժանի առջեւ՝ կամ մենք կը փրկենք երկիրը կամ կառավարող խունտան պետութեանն ու մեզ կը տանի վերջնական կործանման։