Դաշնակցական Բեմ

Փառամոլութիւն

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Փառամոլութիւնը բարոյական բացասական յատկութիւն է որ կատարւում է ուշադրութիւն գրաւելու, փառքի հասնելու եւ կեղծ հիացմունք ստեղծելու համար, միթէ Հայաստանի իշխանիկները իրենց գլխաւորի ղեկավարութեամբ, ջանք չեն խնայել ալիեւների, էրդողանների, Շարլ Միշելների եւ այլոց ուշադրութիւնը գրաւելու եւ նոյնիսկ, նւաստանալու, ծաղր ու ծանակի ենթարկւելու գնով, աշխատել են  կեղծ հիացմունք առաջացնել իրենց շուրջ։

Փառասիրական ձգտումները մղում են մարդուն հաշւի առնել ազգային շահերը այնքանով, որքան համապատասխանում է իր անձնական կարիքներին ու շահերին եւ քանզի ազգային շահերը չեն համընկնում Հայաստանի իշխանիկների շահերին, նրանք աչքաթող են արել Ադրբեջանի կողմից օկուպացւած մեր տարածքների յետ ստացման, ռազմագերինների եւ Ադրբեջանում, ապօրինի պահւող հայ պատանդների  ազատութեան աշխատանքները եւ չեն պաշտպանում, Արցախի էթնիկ զտման եւ ըստ միջազգային օրէնքների, արցախցինների վերադարձի իրաւունքները նոյնիսկ չեն համարձակւում ընդդիմանալ, Ալիեւի անօրէն պահանջներին եւ սպառնալիքներին, այլ հլու հպատակ կերպով, կիրառել են զիջողական քաղաքականութիւն բռնակալի հանդէպ։

Փառամոլութիւնը, շատ բաներով նման է հպարտութեան եւ բարձրամտութեան որը դրսեւորւում է ուրիշների նկատմամբ արհամարհական, անյարգալից, գոռոզ եւ անհանդուրժող վերաբերմունք որն համեստութեան ու խոնարհութեան  հակադիր յատկութիւն է, իշխանիկները, իշխանութեան հասնելուց ի վեր, ժողովրդի նկատմամբ դրսեւորել են հայհոյալից լեզու,  խուլիգանական վերաբերմունք, պատին ծեփելու, ասֆալտին պառկեցնելու եւ բանտարկելու սպառնալիքներ, ձեռնարկել են երեսին թքել, գոռոզաբար ծեծել,  անօրէն ձերբակալել եւ անյարգել։

Փառամոլ անձինք հաշւի են առնում միայն այն ամէնը, ինչ յագուրդ է տալիս նրանց փառքի հասնելու ծարաւին, առ այդ մեր իշխանիկներին հետաքրքրում են միայն այն խնդիրները որոնցով կարող է գրաւել հասարակութեան ուշադրութիւնը եւ լսել քծնողների շողոքորթական խօսքերը եւ մերժել՝ որեւէ շիտակ քննադատութիւն իրենց նկատմամբ։

Փառամոլութիւնը ուռճացած եսասիրութիւն եւ իրականից աւելի լաւ եւ բարձր երեւալու ցանկութիւն է որն մարդու մէջ առաջացնում է այլոց չհանդուրժելու եւ ոչնչով չզիջելու ձգտում, ինչպէս մեր իշխանիկները որպէս անկուշտ եսասէրներ, ոչ միայն չեն հանդուրժում տեսնել, այլ անհաշտ պայքար են տանում, իրենցից  աւելի բարձր գիտակցութեամբ անձնանց եւ իրենց կեղծ գաղափարխօսութիւնից, աւելի բարձր ազգային գաղափարախօսութեան դէմ, ինչպիսիք են հայրենիքը իր պատմական տարծքով ու ժողովրդով, լեզւով ու մշակոյթով, նիստ ու կացով եւ վարք ու բարքով, հայրենասիրութեամբ, մեր Հայաստանեայց Առաքելական Ս․Եկեղեցին, իր Էջմիածնով, Գահակալով եւ հոգեւորականութեամբ եւ աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերով։

Փառամոլութիւնը, ժողովրդի կողմից բնութագրւած է որպէս ամբարտաւանութիւն եւ անսկզբունքայնութիւն, որն քանդում է ազգային հասարակական արժէքները եւ արգելք է հանդիսանում նրանց իրականացմանը։

Հասարարական-բարոյական արժէքները հիմնւած են՝ փոխադարձ սիրոյ, մտերմութեան, յարգանքի, հանդուրժողականութեան եւ շահերի ընդհանրութեան վրայ։

Յանուն ազգային բարոյական արժէքների անխախտ պահպանման, բոլորիս պարտականութիւնն է բոլոր միջոցներով եւ ամենուրէք, պայքարել փառամոլութեան եւ փառամոլների դէմ։

Երեւան

23.7.2025 թ․

Related Articles

Back to top button