Դաշնակցական Բեմ

Սիւնիքում ամերիկեան յենակէտ կը ստեղծւի. Կը յայտնւենք խաչաձեւ կրակի մէջ

ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական Համահայկական 12-րդ բանակումի ընդհանուր պատասխանատու, մանկավարժ Մհեր Գարագաշեանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում նշեց, որ թէեւ 12-րդ բանակումն անցաւ մի իրավիճակում, երբ ՀՅԴ-ն իշխանութիւնների թիրախում է, եղան ձերբակալութիւններ, բայց այդպիսի գործողութիւնները նորութիւն չեն, եւ բանակումը յաջողութեամբ աւարտել է աշխատանքները:

«Դաշնակցութեան նկատմամբ այս հալածանքները պարզ բացատրութիւն ունեն. Դաշնակցութիւնն առաջիններից է իր ազգային կեցւածքն ուժեղ կերպով արտայայտում: Մեր նպատակաուղղւած գործունէութիւնը մէկ հիմնաքարի վրայ է կերտւած՝ ծառայել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետութեանը, եւ ինքնաբերաբար, եթէ ուզես հարւածել ժողովրդի ազգային շահերին, ինքնութեանը, պէտք է հարւածես Դաշնակցութեանը: Շատ եմ լսել, որ Դաշնակցութիւնը մեր ժողովրդի իմունիտետն է. մենք այդ պարտականութիւնը մեզ վրայ վերցրել ենք՝ առանց իմանալու, որ իմունիտետի դեր ունենք»,- ասաց նա:

Մհեր Գարագաշեանը կասկած չունի, որ իշխանութիւնների յարձակումը Եկեղեցու, Դաշնակցութեան եւ միւս ազգային կառոյցների եւ ուժերի դէմ Ալիեւի յանձնարարութեան կատարումն է. «Ալիեւի պատւէրների ցուցակը երկար է, եւ այդ պատւէրների մէջ անպայման կայ հալածել, հարւածել ազգային արժէքներ ներկայացող ե՛ւ կազմակերպութիւններին, ե՛ւ հաստատութիւններին, իսկ իրենց դրւածքով Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցին եւ Դաշնակցութիւնն ունեն համաշխարհային ցանց: Բնական է, որ առաջին հարւածները պէտք է գնան այդ ուղղութեամբ»:

Եթէ իշխանութիւնները հրաժարւում են պաշտպանել մեր իրաւունքները, մենք պէտք է դա անենք․ ԱՀ պետնախարար

Մհեր Գարագաշեանը նկատեց՝ եթէ ինչ-որ աղանդի նկատմամբ արւէին այն գործողութիւնները, որոնք այսօր արւում են Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, արեւմտեան կառոյցները վայնասուն կը բարձրացնէին. «Վայնասուն կը բարձրանար, բայց այդ ձեւաչափը միայն Հայաստանին չի վերաբերում: Գազայում տեղի ունեցողը արեւմտեան տարբեր լրատւամիջոցներ կոչում են ինչպէս պէտք է՝ ցեղասպանութիւն, բայց մէյն սթրիմ մեդիայում այդպէս չի ներկայացւում»:

Կանադահայ համայնքի ջախջախիչ մեծամասնութիւնը, նրա խօսքով, հասկանում է՝ ինչ են անում Հայաստանի իշխանութիւնները, եւ որտեղից է գալիս պատւէրը.

«Ամէն շաբաթ մի նոր նիւթ են հիւսում, եւ սա էլ է խաղի մասին. եթէ ամէն շաբաթ կարող ես շեղել ժողովրդին՝ բուն վտանգից, ի վերջոյ յաջողում ես: Մեր աչքի առջեւ խօսւում է «Զանգեզուրի միջանցք» կոչւածի մասին, կարծես արդէն ծրագիրը կայ եւ պէտք է նոյնիսկ գործադրւի: Այսօր Սամուէլ Կարապետեանին է ձերբակալում, վաղը Եկեղեցու վերաբերեալ է յայտարարութիւն անում, որ՝ պէտք է գնանք եւ հեռացնենք Վեհափառին, ամուսնացեալ քահանայի տեղապահ նշանակենք, ի՞նչ սեւ զաւեշտ է սա: Նպատակը ժողովրդի հոգեւոր, բարոյական, ազգային արժէհամակարգը ոչնչացնելն է»:

Նիկոլ Փաշինեանը, որին Ալիեւն օրերս հերթական անգամ ծաղրեց, որեւէ կերպ չի պատասխանում Ալիեւին, փոխարէնը՝ երկրի ներսում իրեն քննադատողների հետեւից, օրինակ, իրաւապահներին է ուղարկում, ինչպէս դա եղաւ Սամուէլ Կարապետեանի կամ Միքայէլ Սրբազանի դէպքում:

Մհեր Գարագաշեանը վերոնշեալը համեմատեց այն մարդկանց հետ, որոնք դրսում գլուխները կախ են քայլում, իսկ տան մեջ աքլորի դերի մէջ են. «Ճիշտ նոյն վիճակն է: Թշնամին կարող է քեզ ծաղրել, պատեպատ զարկել, բերանդ չես բացում, բայց երկրի ներսում մահակն առած՝ այս կամ այն ընդդիմադրի ազատ խօսքին են խոչընդոտում: Եթէ մահակի ժողովրդավարութիւն աշխարհում կայ, ապա հէնց դա է»:

Ալիեւը յայտարարել էր, թէ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ով անցնելիս ադրբեջանցիները չպէտք է հայ սահմանապահների տեսնեն: Փաշինեանի խօսնակի մակարդակով եղաւ պատասխան, որ դա թաքնւած տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, ինչն ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցութիւնների, համաձայնութիւնների ոգուն եւ տառին: Միեւնոյն ժամանակ, Փաշինեանն իր ասուլիսին փորձում էր ԱՄՆ-ին միջանցքի արտապատւիրակման հնարաւորութիւնը համեմատել «Զւարթնոց» օդանաւակայանի կամ «Հայփոստի»: Դէպքերի հետ: Արդեօ՞ք ԱՄՆ-ին 100 տարով միջանցք տալով է լուծելու այդ հարցը, որ ադրբեջանցիները հայ սահմանապահների չտեսնեն:

«100 տարով միջանցք կոչւածն արտապատւիրակելով՝ դու քո ինքնիշխանութիւնը, սուվերեն իրաւունքները զիջում ես: Երբ Ալիեւն ասում է, որ հայ սահմանապահի չպէտք է տեսնի ճանապարհ կտրող ադրբեջանցին, դա ի՞նչ է նշանակում, որ ո՞ւմ տարածքն է դա: Ամերիկեան առաջարկը, որ ներկայացնում են շատ պրագմատիկ, եւ յանկարծ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը յայտարարում է, որ ցեղախմբային մտածելակերպը պէտք է վերանայ… Ամերիկեան կամ արեւմտեան յենակէտ կը ստեղծւի՝ ի հեճուկս Հայաստանի ժողովրդի: Եթէ Աստւած չանի, այդ սցենարն իրագործւի, Հայաստանը ոտքի տակ է գնալու: Ամերիկա-Իրան-Իսրայէլ եռանկիւնու առաջին էպիզոդը տեսանք՝ ինչ վտանգաւոր է, պատկերացրէք՝ վաղը 10 անգամ եթէ լինի, մենք կը յայտնւենք խաչաձեւ կրակի միջեւ: Տուժողը մենք ենք լինելու»:

Arfd.am

Related Articles

Back to top button