Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քաղաքագէտ. «Պատերազմի դէպքում իրանցի պաշտօնեան սպառնացել է «սրբել, տանել» Ալիեւի ռեժիմը, իսկ Փաշինեանը թմբուկ է նւագում»

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պատմաբան Արմէն Այւազեանը գրում է.

«Ուշադիր յետեւում եմ Իրանի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին։ Ժամեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ այաթ. Խամենէնին արեց խիստ կարեւոր յայտարարութիւն, ըստ որի՝ Իրանն ողջ ուժով կը պատասխանի իր դէմ ուղղւած ցանկացած հարւածի, եւ, ըստ նրա, պատերազմն այդ դէպքում անպատճառ ընդգրկելու է ամբողջ տարածաշրջանը։ Այս նախազգուշացումը պարզաբանելով՝ իրանցի պաշտօնեաներն ու վերլուծաբաններն ընդգծում են, որ իրանական զինւած ուժերը, ամերիկեան եւ իսրայէլեան ռազմական ու ենթակառուցւածքային թիրախներից բացի, ձգտելու են կատարելապէս կանգնեցնել տարածաշրջանից՝ Պարսից ծոցից եւ Ադրբեջանից, նաւթի եւ գազի արտահանումը՝ հարւածելով համապատասխան ենթակառուցւածքներին։ Մասնաւորապէս պրոֆ. Մոհամեդ Մարանդին, ում արեւմուտքում համարում են Իրանի ուժային կառոյցների խօսափողը, իրանական պետութեան անունից ուղղակի սպառնաց իսպառ վերացնել, «սրբել-տանել» (sweep away) Իլհամ Ալիեւի ռեժիմը, որը, նրա խօսքերով, համագործակցել է Իսրայէլի հետ անցեալ տարւայ 12-օրեայ պատերազմում։ Սա արդէն կը նշանակի իսկապէս մեծ տարածաշրջանային պատերազմ, որը չի կարող Հայաստանին չվերաբերել կամ նրա կողքով անցնել։ Հետեւանքները կարող են լինել ճակատագրական ե՛ւ ամբողջ տարածաշրջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար։ Իսկ թէ այս օրերին ու շաբաթներին ինչով է զբաղւած Փաշինեանը Հայաստանում, բոլորիս աչքի առաջ է՝ թմբուկ զարկել, երգել, պարել, եւ անվտանգութեան ամբողջ համակարգը լծել հայ հոգեւորականութեան հետապնդմանը… Զաւե՛շտ։

Յ. Գ. – Թրամփը կարող է նաեւ նահանջել իր մտադրութիւնից եւ չյարձակւել Իրանի վրայ, ինչը կը լինի աւելի ողջամիտ վարքագիծ, սակայն այդ յոյսով պետութիւն ղեկավարել եւ ազգային անվտանգութիւն ապահովել երբեք չի կարելի»։

Related Articles

Back to top button