ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների գնահատման երեկոյ

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական խորհրդի միասնական նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի Հայոց Ազգային Երաժշտական Թանգարանում տեղի ունեցաւ ազգային մարմինների գնահատման երեկոյ՝ նւիրւած շրջանաւարտ ազգային մարմինների անդամների ծառայութեան եւ կատարած աշխատանքների արժեւորմանը։

Երեկոյի բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար Վանանդ Իսաղուլեանը, որը վարեց միջոցառման ընթացքը՝ ապահովելով ծրագրի սահուն եւ կազմակերպւած ընթացքը։

Ծրագրի առաջին բաժնում Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետը երախտագիտութեան խօսքով գնահատեց շրջանաւարտ Թեմական, Կրօնական եւ Հաշւեքննիչ մարմններին, կարեւորելով նրանց նւիրումը եւ զոհաբերութիւնը երկրում առկայ տնտեսական դժւարին պայմաններում: Ապա նրանց գնահատագրերը յանձնելու համար հրաւիրւեցին դիւանի ատենապետ՝ Նոէլ Մինասեանը եւ անդամներ՝ Սքարլետ Հայրապետեանն ու Նորւիկ Պօղոսեանը։

Իսկ Թեմական խորհրդի ենթակայ շրջանաւարտ մարմիններին գնահատագրեր յանձնելու համար հրաւիրւեցին խորհրդի ներկայ եւ նախկին ատենապետներ՝ Աշոտ Դաւթեանն ու Վաչիկ Հայրապետեանը, ինչպէս նաեւ ներկայ խորհրդի դիւանի անդամներ Քառոլին Դիլանչեանն ու Տարօն Տէր Մարտիրոսեանը։

Ծրագրի ընթացքում օրւայ առիթով ելոյթներով հանդէս եկան Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանն ու Թեմական խորհրդի ատենապետ Աշոտ Դաւթեանը, ովքեր շնորհակալական եւ գնահատանքի խօսքեր արտայայտեցին ազգային մարմինների անդամներին՝ արժեւորելով նրանց ազգային ծառայութիւնն ու կատարած աշխատանքները։

Ատենապետները ընդգծեցին համայնքի կեանքում պատասխանատու ծառայութեան կարեւորութիւնը եւ իրենց պարտականութիւնները նւիրումով իրականացրած անձանց ներդրումը՝ իրենց երախտագիտութեան խօսքն ուղղելով ազգային մարմինների անդամներին, որոնք իրենց ժամանակը, գիտելիքներն ու ջանքն են ի սպաս դրել համայնքային կեանքի կազմակերպման, ազգային կառոյցների աշխատանքների իրականացման եւ հայ համայնքի ծառայութեան գործում։

Գնահատանքի երեկոյի գեղարւեստական բաժնում դաշնամուրային կատարումներով հանդէս եկաւ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը՝ ներկայացնելով իր ստեղծագործութիւնները եւ երաժշտական գեղեցիկ մթնոլորտ ստեղծելով ներկաների համար։

Յատկանշական է, որ Կրօնական խորհրդը աւելի վաղ՝ կազմակերպել էր իր ենթամարմինների գնահատման միջոցառումը։

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՍԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ

Related Articles

Back to top button