
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյեան Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում, քաղաքամասի միութիւնների ու Եկեղեցակսն խորհրդի համատեղ բանախօսական գեղարւեստական ծրագիր իրականացաւ նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին։ Միջոցառումը նախաձեռնել էին՝ Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, Հ. Մ. «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեանը կից «Անի» միութիւնները:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը։ Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագրի բացման խօսքով յանուն կազմակերպիչ յանձնախմբի հանդէս եկաւ Ժասմենա Առաքելեանը նշելով, որ մշակոյթը այն շունչն է, այն կենդանի օրգանը որով մենք ապրում ենք:
Ծրագրի գեղարւեստական յայտագիրը յագեցած էր մշակոյթի տարբեր ոլորտներին անդրադարձող տեսահոլովակի ներկայացմամբ:
Բանախօսական բաժնում Արփի Ալավերդեանը համպարփակ գծերով եւ շահեկան ելոյթով անդրադառնալով Հայաստանեայց Առաքելական Ս. եկեղեցու անմնացորդ դերակատարութեանը ժայ ժողովրդի գոյապայքարի եւ մշակոյթի ու արւեստի պահպանման, զարգացման ու տարծման բնագաւառներում ցաւով նշեց, որ այսօր հայրենի երկրում հալածանքի են ենթակայ հայ հոգեւորականութիւնը: Նա նշեց. «Հայ իրականութեան մէջ Եկեղեցու ներսում են զարգացել գիտութիւնը, մշակոյթը, առաջընթաց ապրել գիտութեան բազում ճիւղեր, եւ հէնց եկեղեցականներն են, որ եղել են նաեւ գիտնականներ, ուսումնասիրողներ, փիլիսոփաներ, գիտութեան մշակներ: Հայ Առաքելական եկեղեցին տօնում է Մեսրոպ Մաշտոցի, նրա աշակերտների՝ Եղիշէի, Մովսէս Խորենացու, Դաւիթ Անյաղթի, ինչպէս նաեւ Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Շնորհալու յիշատակը»։ Բանախօսը ընդգծեց. «Հայոց աշխարհում Մեսրոպեան գիրը դարձաւ ինքնապաշտպանութեան զէնք ու վահան, դարձաւ հայ ժողովրդի յարատեւ գոյութեան երաշխիքը՝ ապահովելով հայ ժողովրդի ինքնութիւնը»: Արփի Ալավերդեանը կարեւորելով հայ ժողովրդի պատմական կոթողների պահպանման անհրաժեշտութեանը, անդրադարձաւ Արցախի կորստին, եւ այսօրւայ ցաւալի պայմաններին, որի հետեւանքով պատմական Արցախում միտումնաւոր ոչնչանում եւ օտարւում են հայկական դարաւոր եկեղեցիները՝ Ամարասը, որտեղ մեր առաջին ուսուցիչ՝ Մեսրոպ Մաշտոցն հիմնում է առաջին հայկական դպրոցը, Գանձասարը եւ բոլոր հայկական կոթողները ու փորձ է արւում հայոց աշխարհը ներկայացնել ոչ հայկական: Նա ընդգծեց, որ եթէ բոլորս մեր մատաղ սերնդի մօտ սերմանենք հայոց պատմութիւնը, գիր ու գրականութիւնը եւ փոխանցենք մեր մշակութային հարուստ արժէքները, յատկապէս ընտանեկան յարկերում այլեւս ոչ ոք չի կարող ասել, որ Արարատը կամ Արցախը հայկական չեն: Բանախօսը իր ելոյթում կարեւորութեամբ անդրադարձաւ նաեւ հայկական իրականութեան մէջ հայ կնոջ դերակատարութեանը:
Ապա առանձին հատւածներում ելոյթներով հանդէս եկան Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան «Ամարաս» խմբից Ամրին Մարգարեանը քանոնի եւ Մինէ Վարդանեանը ֆլէյտայի կատարումներով: Հայկական պարը ներկայացրեցին «Ակունք» պարային համոյթի սաներից Սերին Երեմեանը, Շարլին Հայրապետեանը եւ Էմիլի Ղազարեանը, «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մանուչերեան, ասմունքով հանդէս եկաւ Էմելիա Պօղոսեանը, իսկ հայկական երգերի շարանով խմբով եւ առանձին ելոյթներով հանդէս եկան Եօլանդա Մանսուրեանը, Այլին Իսայեանը, Փոլետ Վլադիքան, Նորիկ Աբրահամեանը եւ Գեղարդ Իսայեանսը:
Գեղարւեստական յայտագրի աւարտին բեմ հրաւիրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Ժորժ Հայրապետեանը: Նա ընդգծեց որ անհրաժեշտ է նոր սերնդին հաղորդակից դարձնել հայկական մշակոյթի տարբեր ոլորտներին՝ ինչպէս նկարչութեան, արձանագործութեան եւ արւեստի գանձերի կերտողների հետ, որպէսզի նոր սերունդը հպարտանքով անդրադառնայ մեր ժողովրդի պատմութիւնը կերտողներին:
Ապա հրաւիրւեց իր խօսքը եւ Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ողջոյնները փոխանցելու Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը: Տէր հայրը ընդգծեց. «Մշակութային արժէքների պահպանումը գալիս է ընտանիքներից եւ աւելացրեց, որ Սրբազան հայրը մշակոյթի առիթով յղած իր պատգամի մէջ գեղեցկօրէն անդրադարձել է այդ հարցերին եւ այս տարի խօսքը ուղղել է հայ երիտասարդ ծնողներին, այն նկատելով որպէս նոր սերնդի դաստիարակող առաջին մշակութային կենտրոնը»:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:
Յատկանշական է, որ յանձնախմբի կողմից գնահատւեցին բանախօսը եւ գեղարւեստական յայտագրին մասնակիցները, սրահում կազմակերպւել էր ձեռքի աշխատանքների, պատմական գրքերի ցուցահանդէս եւ ընդունելութիւն:















