Ուրմիայում նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ: Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը տւեց նաեւ օրւայ քարոզը, Թարգմանչաց վարդապետաց կատարած մշակութային գործունէութեանը ակնարկելով:
Սուրբ պատարագից անմիջապէս յետոյ, եկեղեցու բեմի առջեւ տեղի ունեցաւ մշակութային ելոյթ, մանկապարտէզի եւ նախակրթարանի երեխաների կողմից, որոնք նոր էին արձանագրւել ՀՕՄ-եան հովանաւորութիւնը վայելող «Նայիրի» կրթարանում:
Մշակութային ելոյթը բաղկացած էր ասմունքներով եւ երգով, մեծարելու համար Թարգմանչաց վարդապետների բեղուն գործունէութիւնը:
Նախակրթարանը ներկայացրեց մէկ խմբային ասմունք հայոց լեզւի մասին, երեք անհատական քառատողեր, նւիրւած Ս. Մեսրոպ Մաշտոցին, եւ մէկ ասոյթ՝ հայերէն լեզւին։
Այնուհետեւ Մանկապարտէզը ներկայացրեց մէկ խմբային ոտանաւոր, նւիրւած հայոց Այբուբենի գիւտարար եւ հայ մշակոյթի ծաղկման պատճառ՝ Ս. Մեսրոպ Մաշտոցին։ Ապա, երկու դասարանները միասնաբար երգեցին յատուկ երգ՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի ստեղծման փառքը հիւսող։
Գեղարւեստական ծրագրերի աւարտին, բոլոր ներկաները շնորհաւորեցին միմեանց Ս. Թարգմանչաց տօնի առիթով, իսկ ելոյթ ունեցող երեխանեը միասնաբար ասացին. «Շնորհաւոր մեր հայ մշակոյթի տօնը» բարեմաղթանքը։