Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ուրբաթ, փետրւարի 23-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի նիստին, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը յատուկ հրաւէրով Թեհրանից ժամանել էր Թաւրիզ, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի հետ սոյն ժողովին մասնակցելու:
«Տէրունական աղօթք»-ը ներկայ ժողովականները միասնաբար կատարեցին. Պատգամաւորական ժողովի ա. ատենապետ Արմինէ Վահրամեանը ողջունեց ներկաներին, հակիրճ անդրադառնալով օրւայ օրակարգերին եւ դրանք արդիւնաշատ քննարկման ենթարկելու մեթոդներին: Ատենապետուհին գնահատեց ժողովականների ներկայութիւնը, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի աշխատանքային ժամանակահատւածը:
Նախորդ ատենագրութեան ընթերցումից եւ վաւերացումից յետոյ, իր հայրական խօսքը ներկայ ժողովականներին ուղղեց Սրբազան Հայրը: Թեմակալ առաջնորդը առաջին հերթին Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ողջոյնը հաղորդեց ներկաներին, Նորին Սրբութեան կողմից յաջողութիւն մաղթելով բոլոր ժողովականներին: Սրբազան Հայրը գնահատանքով արտայայտւեց Թեմական խորհրդի գործունէութեան մասին, շեշտելով այն անկեղծութեան մթնոլորտը, որը տիրում է սոյն կազմում, եւ այն հաւաքական ճիգը, որը Թեմական խորհուրդը ցուցաբերում է, առկախ մնացած եւ անցեալից ժառանգւած վարչական դժւարութիւնները լուծելու: Սրբազան Հայրը ուրախութեամբ յայտնեց, որ հեռաւոր եւ մօտաւոր անձեր իրենց օժանդակութիւնն են բերում, տնտեսական ներկայ դժւարին պայմաններում զօրավիգ կանգնելու թեմին: Նա իր բարձր գնահատանքը եւ երախտագիտութիւնը յայտնեց ԻԻՀ-ն, որը տարեկան յատկացումներով քաջալերում է թեմի աշխատանքային ծրագրերը, եւ նեցուկ է կանգնում մեր կառոյցներին:
Դիւանը իր որոշած օրակարգի հիմամբ, շարունակեց ժողովը: Թեմական խորհրդի նիւթա-բարոյական զեկոյցը ընթերցւեց Անահիտ Յակոբեանի կողմից, բոլորի ուշադրութիւնը հրաւիրելով այն մեծածաւալ աշխատանքի շուրջ, որը իրականացրել էր Թեմական խորհուրդը՝ անցնող շրջանում: Այս ծիրից ներս էին հանդիպումներ, հրատարակութիւններ եւ անցեալից ժառանգւած կալւածային բազմաշերտ խնդիրների դատական հետապնդում, պաշտօնէութեան պայմանագրային օրինականացում, որոնք արժանացան ներկայ ժողովականների բարձր գնահատանքին:
Ժողովի ընթացքիւն խօսքը տրւեց պատգամաւոր Արա Շահվերդեանին, ով իր տպաւորութիւնների լոյսի տակ գնահատեց Ատրպատականի հայոց թեմում կատարւող աշխատանքները: Պատգամաւորը յատկապէս հիացմունքով անդրադարձաւ Ատրպատականի հայոց թեմի բացառիկ աշխուժութեան, որը իր ազգային առաջնորդարանով, միութիւններով եւ կազմակերպութիւններով առօրեայ դրութեամբ առաջնագծում է: Նշենք, որ նոյն օրը նաեւ տեղի ունեցաւ դոկտ. Արա Շահվերդեանի հանդիպումը թաւրիզահայութեան հետ, կազմակերպութեամբ նրա շտաբի: Մէկ օր առաջ էլ Ուրմիայում էր տեղի ունեցել նրա նախընտրական պայքարի հանդիպումը՝ ուրմիահայութեան հետ:
Հաշւական եկամուտների եւ կատարւած ծախսերի շուրջ պարզաբանումներ կատարւեցին յատուկ օրակարգով, պատգամաւորների կողմից տրւած հարցերին ի պատասխան: Հաշւեքննիչ մարմնի անդամների շարքը համալրեց Պատգամաւորական ժողովից նշանակւած Գագիկ Յարութիւնեանը, օժանդակելու համար այս յոյժ կարեւոր բնագաւառին:
Կալւածների շահագործման օրակարգը, ինչպէս նաեւ թեմի տարբեր շրջաններում գտնւող կալւածների իրավիճակը ժողովական աշխատանքների կարեւոր նիւթերից հանդիսացաւ: Անցեալից ժառանգւած անօրինական մի շարք գործառնութիւնների քննարկում տեղի ունեցաւ, որոնք նաեւ դատական հետապնդման առարկայ են ներկայիս, եւ յոյսով, որ իրենց բարւօք լուծումը կը գտնեն, արդարութիւնը վերահաստատելով, ի շահ ազգին ու առաջնորդարանին: Այս գծով նաեւ վերստին շեշտւեց հայաթափւած շրջաններից հողամասեր փոխարինել հայաշատ քաղաքներում նոր կալւածներով:
Պաշտօնէութեան կարգավիճակի եւ նոր պաշտօնեայի ընտրութեան հարցով եւս զբաղւեց ժողովը, օրինական ամենալաւ պայմանները նախատեսելով նրանց համար, ապագայում ազգային առաջնորդարանը տնտեսական բարդ իրավիճակներից փրկելու հեռանկարով:
Սրբազան Հայրը եզրափակիչ խօսքով գնահատեց բոլորի նախանձախնդրութիւնը՝ ազգի Տան նկատմամբ: «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը, երեկոյեան ժամը 16:00-ին, որից յետոյ առաջնորդարանի սեղանատանը սիրոյ սեղան տրւեց ներկայ ժողովականներին: