
Հ. Մ. «Սիփան» միութեան կազմակերպած բանախօսութեան ընթացքում ազգային-հասարակական գործիչ Վիգէն Բաղումեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը քննադատական դիտարկումներ ներկայացրին Հայաստանի իշխանութիւնների կողմից իրականացւող ազգային մօտեցումների դէմ խնդրի, Արցախի ճակատագրի եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերեալ՝ ընդգծելով ներկայ կացութեան ճգնաժամային բնոյթը։
ՀԱՏԻՍ – Երէկ՝ երեքշաբթի, ապրիլի 29-ին, տեղի ունեցաւ Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնած բանախօսական միջոցառումը՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 111‑ամեակին։ Միջոցառմանը զեկուցումներով հանդէս եկան ճարտարագէտ Վիգէն Բաղումեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը։
Բանախօսութիւնների առաջին բաժնում Վիգէն Բաղումեանը ներկայացրեց «Հայոց Ցեղասպանութիւնը եւ պահանջատիրութիւնը» թեմայով զեկուցում։ Նա անդրադարձաւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին եւ այդ ուղղութեամբ տարբեր ժամանակահատւածներում Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքական մօտեցումների ազդեցութեանը։ Բաղումեանի գնահատմամբ՝ յատկապէս 2018 թւականից յետոյ իրականացւած քաղաքականութիւնը բացասաբար է անդրադարձել ճանաչման գործընթացի վրայ։ Նոյն համատեքստում նա շեշտեց նաեւ արցախահայութեան բռնի տեղահանման հարցը՝ նշելով, որ այն պատշաճ ձեւով չի ներկայացւել Եւրոպական եւ այլ միջազգային հարթակներում, ինչն, ըստ նրա, ուրացման քաղաքականութեան շարունակութիւն է պետական մակարդակով։
Նիստի երկրորդ բանախօսը՝ Սեւան Դանիէլեանն իր ելոյթում կենտրոնացաւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնաւորապէս՝ նախընտրական գործընթացների եւ քաղաքական ուժերի դասաւորման վրայ։ Նրա խօսքով՝ ընդդիմադիր դաշտում առանձնանում են չորս հիմնական քաղաքական ուժեր՝ «Հայաստան դաշինք», «Ուժեղ Հայաստանը», «Բարգաւաճ Հայաստանը» եւ «Միասնութեան թեւեր» (Թաթոյեանի խումբը)։ Դանիէլեանի կանխատեսմամբ՝ նշւած ուժերը համատեղ կարող են հաւաքել քւէների շուրջ 55 տոկոսը, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը, պետական համակարգի լծակներն օգտագործելով, ակնկալում է ստանալ շուրջ 35 տոկոս ձայներ։
Նա նաեւ նշեց, որ ընդդիմադիր դաշտում ներկայ են շուրջ 17 քաղաքական ուժեր, որոնցից, իր գնահատմամբ, միայն վերը նշւած չորսը կը յաղթահարեն խորհրդարան անցնելու տոկոսային շեմը։ Մնացած ուժերի ձայները համամասնական բաշխմամբ կը բաժանւեն խորհրդարան անցած քաղաքական ուժերի միջեւ։ Ս. Դանիէլեանը կարեւորեց ընտրողների, յատկապէս՝ տատանւող եւ պասիւ զանգւածների մասնակցութիւնը՝ ընդգծելով, որ «ընտրութիւններով ոչինչ չի փոխւում» տեսակէտի տարածումը կարող է ծառայել գործող իշխանութեան շահերին։
Բանախօսի համոզմամբ՝ առաջիկայ ընտրութիւնները վճռորոշ են Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի համար։ Նրա կարծիքով՝ ներկայ աշխարհաքաղաքական վերադասաւորումների պայմաններում երկիրը կարող է փրկել միայն ազգային արժէքներով առաջնորդւող քաղաքական ուղղւածութիւնը։
Ս. Դանիէլեանը յիշեցրեց նաեւ գործող իշխանութեան կողմից ժամանակին հռչակւած նպատակները՝ Արցախի հարցի լուծում, կոռուպցիայի դէմ պայքար եւ բարեփոխումներ, եւ ընդգծեց, որ, իր գնահատմամբ, այդ խոստումները չեն իրականացել։
Նա անդրադարձաւ նաեւ բանակի վիճակին, Սփիւռքի հետ կապերի թուլացմանը, համապատասխան նախարարութիւնների լուծարմանը եւ մշակութային քաղաքականութեան փոփոխութիւններին՝ դրանք համարելով ապազգային քաղաքականութեան դրսեւորումներ։
Երկու բանախօսներն էլ մտահոգութիւն յայտնեցին եկեղեցու դէմ իրականացւող գործողութիւնների, ազգային խորհրդանշանների արժէզրկման փորձերի, արտաքին քաղաքական կողմնորոշումների եւ Արցախի հարցի շուրջ ստեղծւած իրավիճակի առնչութեամբ։ Նշւեց նաեւ Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման, արցախահայութեան վերադարձի իրաւունքի, գերիների խնդրի եւ Հայաստանի պետական սահմանների անվտանգութեան վերաբերեալ մտահոգութիւնները։ Բանախօսները այս բոլոր զարգացումները բնորոշեցին որպէս ՀՀ գործող իշխանութեան դրսեւորումների հետեւանքով երկրում առկայ ճգնաժամային իրավիճակի արտայայտութիւն։
Հարցուպատասխանի ընթացքում քննարկւեց նաեւ այն հարցը, թէ ընդդիմադիր ուժերը հնարաւոր յաղթանակի դէպքում արդեօք կը ձեւաւորեն կոալիցիոն կառավարութիւն եւ ինչու նման միաւորում չի կայացել ընտրութիւններից առաջ։ Սեւան Դանիէլեանը պարզաբանեց, որ նախընտրական կոալիցիան կարող էր հանգեցնել ձայների կորստի, քանի որ տարբեր ուժերի ընտրազանգւածները կարող էին չընդունել միաւորւած ձեւաչափը։ Նրա կարծիքով՝ ընտրութիւններից յետոյ, ըստ ստացած ձայների յարաբերակցութեան, աւելի դիւրին կը լինի կազմել գործունէութեան կոալիցիա։
Ներկաների շարքում էին՝ Թ. Հ. Թ. ՊԺ-ի ներկայացուցիչները, Թեմական խորհրդի ատենապետը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչներ, Ցեղասպանութեան 111-ամեակի յանձնախմբի ատենապետը, ուսուցիչներ, դպրոցի տնօրէններ եւ արւեստի գործիչներ:



