
Հոկտմբերի 1-ին, «Չիլոյեան» հանգստեան տնում, նշւեց տարեցների միջազգային օրը եւ տան 60-ամեայ յոբելեանը:
Ծրագրին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրան նահանգի եւ քաղաքի բարեկեցութեան երկու կենտրոնների պատասխանատուները, Կաթողիկէ համայնքի Թ. Խ. փոխատենապետ Արաքս Մատթէոսեանը, պատւոյ հիւրեր, բնակիչներ եւ ողջ աշխատակազմը:
«Չիլոյեան» հանգստեան տան տնօրէն Վահէ Յովակիմեանը բարի գալուստ մաղթելով՝ հիւրերին եւ բոլոր ներկաներին շնորհաւորական խօսք ուղղեց երկու տօների կապակցութեամբ, մաղթելով առողջութիւն եւ յաջողութիւն բոլորին: Նա շարունակեց, որ այսօր մեր ծերանոցների կանգուն մնալը, արդիւնքն է սրտցաւ եւ անձնազոհ աշխատակազմի եւ գնահատեց բոլորին: Այնուհետեւ խօսքը ուղղելով պարսիկ հիւրերին, շնորհաւորելով Տարեցների միջազգային տօնը նշեց, որ ողջ Իրանում գոյութիւն ունի չորս հայկական ծերանոցներ, որից մէկը գտնւում է Ջուղայում ու շնորհակալութիւն յայտնեց պետական երկու կենտրոնների հետեւողականութեան համար:


Խօսքը շարունակեց կենտրոնների պատասխանատու Նիքրուն, նա փոխանցեց, որ հայկական ծրանոցները, ի մասնաւորի «Չիլոյեան»-ը չի նմանւում այլ ծերանոցներին եւ յատուկ մթնոլորտ է տիրում այստեղ, որը ցոյց է տալիս մտերմիկ եւ հանգիստ յարաբերութիւնները, եւ ունենալով պահանջած հնարաւորութիւնները դասւում է լաւ ծերանոցների շարքում:
Արտայայտութիւնների վերջում «Չիլոյեան»-ի առողջապահական հարցերով տեղակալ Քարմելլա Յարութիւնեանը անդրադարձաւ Իրանի դէմ Իսրայէլի 12-օրեայ պարտադրեալ պատերազմի օրերին ծերանոցի մօտ դիպչած սակայն չպայթած ռումբի մասին, անդրադառնալով երիտասարդ աշխատակազմի արագ ու հոյակապ գործողութեան մասին գնահատելով նրանց 10-օրեայ աշխատանքները, որը խիստ գնահատւեց ներկաների կողմից:
Ծրագրի աւարտին պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը թէ՛ տարեցներին, եւ թէ՛ աշխատակազմին գնահատելով նւիրեց ծաղկիներ: Ծաղիկներ շնորհւեցին երկու կենտրոնների պատասխանատուների կողմից, այնուհետեւ կատարւեց տորթի արարողութիւնը, 60-ամեակի տորթը կտրւեց պատւոյ հիւրերի եւ աշխատակազմի միջոցով եւ հիւրընկալւեցին ներկաները:
Ծրագիրը աւարտւեց համատեղ նկարահանմամբ, որը երկար տարիներ կը մնայ բոլորի յիշողութիւնում:
ՔԱՐՄԵԼԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ



