Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ Ս. Գէորգ եկեղեցում
Երեքշաբթի, փետրւարի 6-ին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին՝ 451 թւականին, Ղեւոնդ Երէցի նման արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկուի դէմ դուրս եկած զօրավարներին։
Այդ առիթով նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Սուրբ Գէորգ եկեղեցում, Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի ձեռամբ մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ: Արարողութեանը ներկայ էին թեմի քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին սուրբ եւ անմահ պատարագին: Իրենց մասնակացութիւնն էին բերել՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ Հայկազ Շիրւանեանը, եկեղեցիների խորհուրդների ներկայացուցիչներն ու նկատառելի թւով հաւատացեալներ:
Սրբազան Հայրը քարոզի ընթացքում անդրադառնալով օրւայ խորհրդին, ասաց. «Այսօր մեր եկեղեցու մեծագոյն տօներից մէկն է, Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնը։ Հոգեւորականներ, որ իրենց մէջ խտացրել են հաւատքի ու հայրենիքի սիրոյն խորհուրդը։ Տօն՝ որ մեր հայրերի գնահատմամբ մեծագոյն տօնն է, պարզապէս դրա համար, որ մեր ժողովրդի հայրերը իրենց հաւատքի սիրոյն Քրիստոսին խոստովանեցին իբրեւ Տէր եւ Փրկիչ եւ նահատակւեցին»։ Նա յաւելեց, որ Ղեւոնդեանց քահանաների նահատակումը նւիրագործում է քահանայութիւնը. ապա ասաց՝ ամբողջ Վարդանանց պատերազմի էութիւնը եւ հոգեկան ուժը Ղեւոնդ Երէցից սկսեց։ Նա, որ քաջ հերոս էր հաւատքի եւ երբեք չզլացաւ խոստովանելու իր հաւատքը եւ երբ նախարարները առ երես ուրացան քրիստոնէութիւնը Տիզբոնի մէջ, որպէսզի փրկեն իրենց հայրենիքը,Ղեւոնդ Երէցը Անգղ գիւղի մէջ ապստամբութեան հրաւիրեց ժողովրդին մոգերի ու նրանց զինւորների դէմ ու վռնդեցին հայրենիքից։
Սրբազան Հայրը իր խօսքի այլ բաժնում ասաց, որ նահատակութիւնը սուրբ պարտականութիւն եւ սրբութիւն է բոլոր նրանց համար, ովքեր Քրիստոսին ընդունել են, որպէս Տէր եւ Փրկիչ եւ Իր սիրոյն նահատակւել են, որոնք ամէն ձեւով փորձել են իրենք իրենց հաւատարիմ պահեն։ Ապա վերադառնալով օրւայ սրբերին ասաց, որ նրանք, որպէս այդպիսիք աննկուն հաւատքով դիմադրել են չարչարանքներին, տառապանքներին եւ ոչ մի ժամանակ չեն տկարացել իրենց հաւատքի մէջ, որովհետեւ հաւատքը այն ներգործող ուժն է, որ մարդուն անարատ է դարձնում եւ զօրացնում ու ամրացնում է իր կեանքի եւ իր գործի մէջ։ Նա անդրադառնալով օրւայ Աւետարանական հատւածին, որ ասում է. «Մի վախեցէք նրանցից, որոնք մարմինն են սպանում եւ ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէք Աստծուց, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի դժոխք գցելու», հաստատեց այն իրողութիւնը, որ բազում քրիստոնեաներ իրենց կոչումի համար նահատակւել են, բայց իրենց մահը եղել է ֆիզիկական, ուստի ապրել է նրանց հաւատքը։
Նա յաւելեց, որ դարեր վասն հաւատոյ եւ վասն Հայրենիքի կարգախօսը մեր ազգի ներշնչման աղբիւրն է եղել ու այսպէս մեր սէրը հայրենիքի հանդէպ ամրացնում, զօրացնում, անհրաժեշտութեան պարագային նոյնիսկ մեզ նահատակութեան է մղում: Սրբազան Հայրը յաւելեց, որ փաստը մեր վերջին երեսուն տարիների պատմութիւնն է: Արցախեան պատերազմի աւելի քան տասնհինգ հազար նահատակները, որոնք պայքարեցին իրենց հաւատքը եւ հայրենիքը պահելու համար, եւ այսօր ունենք մեր հայրենիքը եւ յուսով ենք, որ շուտով կը տիրանանք մեր Արցախին։ Սրբազան Հայրը մաղթեց քահանայ հայրերին Ղեւոնդեանց քահանաների հաւատքով շարունակեն իրենց առաքելութիւնը։
Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ հանգուցեալ քահանաների հոգիների խաղաղութեան համար։
Կէսօրին ի պատիւ քահանայ հայրերին Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս եւ Բարթուղիմէոս եկեղեցիների Եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կենտրոնատեղիում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ