ՀամայնքՆոր Ջուղա

Ս. Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում

Կիրակի՝ օգոստոսի 18-ին, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով: Զուգահեռ նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, ով իր քարոզում անդրադառնալով տօնի աւետարանական դրւագին, ինչպէս նաեւ Սուրբ Կոյսին՝ որպէս մայրութեան տիպար եւ առաքինի անձնաւորութիւն, շնորհաւորեց եկեղեցու անւանակոչութեան տօնը: Նա մաղթեց, որ բոլոր կանայք օրինակ վերցնելով Սուրբ Կոյս Մարիամի ապրելակերից, օրինակելի եւ հաւատացեալ կին ու մայր լինեն իրենց ընտանիքներում: 

Յաւարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցաւ խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողի կապոցները բաժանւեցին ներկաների միջեւ:

Տօնի առիթով Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցւել նաեւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button