
ՀԱՏԻՍ – Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ ուրբաթ, սեպտեմբերի 4-ին, կազմակերպութեան կենտրոնատեղիի «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ՝ նւիրւած վաստակաւոր ուսուցչուհի եւ խմբավար Հրաչուհի Մակարեանի յիշատակին եւ գործունէութեանը։
Միջոցառման նախասրահում կազմակերպւել էր Հրաչուհի Մակարեանի գործունէութիւնը ներկայացնող լուսանկարների ցուցահանդէս։
Միջոցառման բացման խօսքին յաջորդեց Կարէն Մնացականեանի եւ Նանոր Նազարեանի պատրաստած՝ Հրաչուհի Մակարեանի կեանքի ու գործունէութեան մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրումը։ Ցուցադրմանը զուգորդւեց «Արարատ» երգչախմբի երաժշտական կատարումները՝ Արփի Սիմրոջեան-Նազարեանի ղեկավարութեամբ։
Այսպիսով Կոմիտասի «Հայր մեր»-ից յետոյ հնչեց «Ազգային Օրհներգը»։ Տեսաֆիլմում ներկայացւող Հրաչուհի Մակարեանի գործունէութեան տարբեր դրւագները ուղեկցւեցին երգչախմբի կատարումներով՝ երաժշտութիւնը դարձնելով պատմւածքի շարունակութիւնը։
Երեկոյի ընթացքում հնչեցին «Արցախ» (երաժշտ.՝ Լուդւիկ Բազիլի), «Սիփանայ Քաջեր» (Կոմիտաս), «Վո՛ւշ, վո՛ւշ» (Գրիգոր Սիւնի), «Ave Verum» (Մուցարտ), «Օհ, ինչ քաղցր բան» (Կոմիտաս), «Եար ջան, արի, էսօր ուրբաթ է եւ ջուր կուգայ» (Կոմիտաս), ինչպէս նաեւ օժանդակ խմբի եւ յանձնախմբի անդամների մասնակցութեամբ՝ «Արփա-Սեւան» ստեղծագործութիւնը (երաժշտ.՝ Էդգար Յովհաննիսեան, մշակում՝ Ալէք Բազուկեանի)։
Առանձին կատարումներով հանդէս եկան նաեւ Ալին Թաշճեանը՝ դաշնամուրային կատարմամբ ներկայացնելով Առնօ Բաբաջանեանի «Էլեգիա»-ն, եւ Մեղեդի Եղնազարեանը՝ Կոմիտասի «Գարուն ա»-ով՝ Ալին Թաշճեանի դաշնամուրային ընկերակցութեամբ։
Հատւածներ հնչեցին նաեւ «Չարի վերջը» օպերայից։ Աղւէսի եւ ագռաւի զուգերգը ներկայացրին Արա Զարգարեանը եւ Անի Հայրապետեանը՝ Արեգ Մարգարեանի դաշնամուրային ընկերակցութեամբ։ Երգչախմբային «Դու Մայրիկի պէս բարի» կատարումն էլ ուղեկցեց Լուիզա Աւետիսեանը։
Միջոցառման գեղարւեստական ղեկավարն էր Արփի Սիմրոջեանը։ Յատկանշական էր տեսաֆիլմի, կենդանի կատարումների եւ պատմութեան ընթացքի միջեւ ստեղծւած կապը։ Տեսաֆիլմից կենդանի կատարումներին անցումները, ապա կրկին պատմութեան շարունակութեանը վերադառնալը իրականացւում էր սահուն եւ մտածւած լուծումներով՝ առանց ժամանակային ու ռիթմային խափանումների։
Միջոցառման աւարտին Սրբազան Հօր պատգամը եւ ներկաներին ուղղւած ողջոյնները փոխանցելու համար բեմ բարձրացաւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։ Նա բարձր գնահատեց Հրաչուհի Մակարեանի ներդրումը համայնքում մշակութային օջախների ստեղծման եւ հայ երգի տարածման գործում՝ միաժամանակ կարեւորելով այդ աշխատանքը շարունակող սերունդների դերը, որոնց շնորհիւ դաստիարակւում եւ կրթւում են յատկապէս գալիք սերունդները։
Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը։ Նա, կարեւորելով նման միջոցառումների բարձրորակ ներկայացումը, բարձր գնահատեց մասնակիցների եւ օժանդակող խմբի ներդրումն ու հետեւողական աշխատանքը, որոնց շնորհիւ հնարաւոր է դառնում իրականացնել նմանօրինակ միջոցառումներ։
Իր ելոյթում նա անդրադարձաւ նաեւ արւեստին՝ մէջբերելով Կոստան Զարեանի խօսքերից, որոնք բնութագրում են արւեստի բացայայտման ուղղութեամբ տարւող աշխատանքների եւ գործադրւող ջանքերի էութիւնը։









