ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱՐՏԱԶ» պաշտօնական ամսագրի. Անմարդկայինների սիրտը ճմլւի՛ թող

Աշխարհը տառապում է մարդկանց կողմից կիրառւած անմարդկայնութեան ախտից:
Օրական դրութեամբ, լրատւական ցանցերից կամ հեռուստակայաններից ո՞վ չի լսում կամ իմանում այս կամ այն աշխարհատարածքում տեղի ունեցող ռազմական հակամարտութեանց, կամ ոճրային գործողութեանց մասին…:
Բարեպաշտ հոգիների ընդվզումը եւ բողոքող հարցը, թէ՝ «Աստւած չկա՞յ», արդէն իսկ լայն տարածում է գտել:
Պատերազմներն ու անմարդկային արարքները նորութիւններ չեն այս երկնակամարի ներքեւում: Սակայն, զարգացած դարաշրջանում, անցեալի միեւնոյն՝ հարւածային քայլերով առաջադիմելու տգիտութիւնը, մարդկութիւնը առաջնորդում է դէպի յետ, դէպի տգիտութեամբ տիրապետւած ժամանակաշրջան, դէպի միմեանց սպանելով «կեանք վաստակելու» գործունէութիւն:
Ո՞վ է մարդը… Լռե՞նք, թէ՞ խօսենք…
Շատե՜ր դեռ չեն կարողացել պատասխանել այս հարցին, մինչդեռ մանկապարտէզի երեխաները իրենց պարզ միամտութեամբ ասում են՝ ԵՍ ԵՄ:
Մանկական նոյն միամտութիւնը այսօր անգիտակցաբար գործադրում են աշխարհի ինքնահռչակ «հերոս»-ները, կարծելով, որ իրօք իրենք քաջ են, ու անվախ:
Նոյն մանկական արտայայտութիւնները քա՛ջաբար ունենալու էին պատերազմների ընթացքին ռմբակոծութիւնների զոհ դարձած անմեղ երեխաները, որոնք այսօր իրենց երկնային օթեւաններում, ամուր ցանկապատով «խաղավայրում» նստած, արթուն հոգով ծիծաղում են աշխարհի ղեկավարների վրայ, որոնք զէնքերով դեռեւս մարտնչում են իրարու դէմ, մանկական անգրագէտ ու ծիծաղելի արտայայտութիւններով…: Ո՞վ է մարդը…: Դեռեւս չեն կարողանում այս հարցին պատասխանել անմիտ ղեկավարներ, որոնք ուրիշներին վախեցնող իրենց արտայայտութիւնները համարում են բարձրագոյն ուսման արդիւնք…:
Ո՞վ է մարդը…Լռո՞ղը, թէ՞ խօսողը…
Անմարդկային սիրտ ունեցո՞ղը, թէ՞ տառապողների իրավիճակին հաղորդ դարձողի, եւ ճմլւող սրտի տէրը: Պարզ է պատասխանը սոյն հարցի: Անմարդկային սիրտ ունեցողը մարդ չէ՛, որովհետեւ այստեղ պարզ ասւում է, որ դրա սիրտը մարդկային չէ՛, այլ՝ անմարդկային: Ուրեմն, Ճմլւելու յատկութիւն ունեցող մարդու սիրտն է միայն մարդկային, մնացածները մարդ չեն, սոյն բառի իսկական իմաստովը…:
Ո՞վ է մարդը:
Ուրիշի ցաւագին վիճակին ո՛չ միայն ականատեսն է իսկական մարդը, այլեւ նրա ցաւին ցաւակիցը: Այսօր, ուրիշի զգացած նոյն ցաւին մէկ այլ օրինակը կարող է մերը լինել, նոյն դրութեամբ, եւ կամ շա՛տ աւելի ծանր ազդեցութեամբ:
Խաղաղ, ու երջանկութեամբ յախուռն երկրների վախճանը ոչ ոք չի՛ կարող գուշակել: Տարիներ, դարեր, եւ անվերջ ժամանակներ կարող են անսպասելի եւ անհասկանալի փոփոխութիւնների ենթարկել աշխարհը: Յանկարծ, նոր ու առաւել եւս սնամիտ ղեկավարներ կարող են առաջանալ, կամ յայտնւել մարդկութեան կեանքում, որոնց համար խաղաղասէր եւ հանգիստ ժամանակահատւածում ապրող մարդկանց կեանքը ո՛չ մէկ արժէք չունի…:
Վերջապէս…ո՞վ է ՄԱՐԴ-ը:
Հարցը դեռեւս կրկնւում է, որովհետեւ անհնարին է մէկ պատասխանով սահմանել մարդու ինքնութիւնը:
Խաղաղասէր, եւ իր նմաններին իր սեփական անձի նման սիրող ու յարգող մարդն է իսկականը…, եթէ կարողանանք գտնել այն: Նրան գտնելու առաջին ու հիմնական միջոցը, մեր անձը ինքնաքննութեան ենթարկելն է:
Ճանաչո՞ւմ ես դու քեզ: Մի հատ ոգեղէն հայելու դիմաց կանգնի եւ ստուգի…:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 8, օգոստոսի 2026 թ.)



