ԱԿՆԱՐԿ. ՀԱԿԱ-ԻՐԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԶՈՒՐ ՓՈՐՁԵՐԸ…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու
1. Իրանի դէմ տնտեսա-քաղաքական շրջափակումների սաստկացման գործընթացում, ԱՄՆ կառավարութեան գլխաւոր ֆինանսիստ (գանձապետ) Բեսենտը յայտարարել է, որ ներկայ փուլում Իրանի դէմ տարատեսակ սանկցիաների մարտավարութիւն է կիրառւել «առաւելագոյն ճնշումից՝ ամբողջական մեկուսացման» ձեւաչափով։ Ըստ ամերիկացի գանձապետի, տւեալ դէպքում, ի շարս այլ երկրների, պահանջւել է Թուրքիայից ու Պակիստանից, որ Իրանի դէմ շրջափակման ցամաքային օղակները հնարաւորինս պէտք է սեղմւեն…։
2. Այս յայտարարութեանը զուգահեռ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, յար եւ նման իր թուրք լարախաղաց գործընկեր Էրդողանի, շտապել է զանգահարել ԻԻՀ նախագահ Փեզեշքիանին՝ վերջնիս հաւաստելո՜ւ երկուստեք կապերի խորացմանը հետամուտ լինելու իր երկրի մտադրութիւնը…։ Միաժամանակ էլ, Թուրքիայի մեջլիսի խօսնակն է կրկնել Ս. Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի համահեղինակութեամբ «Մեքքայի» եռակողմ համաձայնագրի բացառապէս պաշտպանական բնոյթի մասին խօսքերը, յաւելելով, որ նոյնիսկ Իրանն է կարող մասնակիցը դառնալ սոյն համաձայնագրի…։ Մինչ այդ, սակայն, նոյն Շարիֆը հայհոյախառն խօսքեր է շռայլել Եմէնի Հուսիների հասցէին, սրանց կողմից Ս. Արաբիայի դէմ զինական յարձակումների բերումով, քաջ գիտակցելով, որ Հուսիները մշտապէս հովանաւորել են ԻԻՀ աշխարհա-քաղաքական շահերը՝ տարածաշրջանում։
3. Վերոգրեալների ընդհանուր համատեքստում, օրերս էլ ԱՄՆ թիւ 1 «դիւանագէտ» Ռուբիօն տարիներից ի վեր յիշելով ՆԱՏՕ-ական յոյն գործընկերներին, աթենքեան այցի շրջանակներում պատմական զուգահեռներ է ընդգծում Բիւզանդական (յունական) քաղաքակրթութեան դէմ Աքեմենեան Իրանի թշնամական ախորժակների վերաբերեալ…։
…Հանթինգտոնեան «Քաղաքակրթութիւնների բախման» ջատագովն ու Ամերիկեան հեգեմոնիայի բարդոյթներով տառապող ամերիկացի արտգործնախարարն, ահա, այսպէս, քաղաքակրթական բնօրրան Աթենքից սուր է ճօճում ու սպառնում 2500-ամեայ պետականութեան ու հարուստ քաղաքակրթութեան տէր՝ Իրանի ու նրա հինաւուրց ժողովրդի նկատմամբ…։
4. Ռուբիոյի հետ համաքայլ, Անգլիան եւս, իր ներքին անվտանգային-լրտեսական գերատեսչութեան (ԷՄ-ԱՅ-5)-ի ղեկավարի միջոցով, որպէս քաղաքական յաւելեալ ճնշամիջոց, ԻԻՀ-ին է վերագրում Անգլիայում տեղակայւած ԱՄՆ-ական օդային «Ֆայրֆորդ» ռազմաբազայի դէմ յարձակման մտադրութեան մասին…։ Թէեւ պաշտօնական Իրանը անմիջապէս հերքեց ամբաստանութիւնը, բայց անգլիացիք մնացին անդրդւելի ու ԱԳՆ գերատեսչութիւն կանչեցին Լոնդոնում՝ ԻԻՀ լիազօր դեսպանին…։ Բրիտանական նման կեցւածքը, սակայն, իրանական իր բնութագիրն ստացաւ, ըստ որի՝ անգլիացիք այդկերպ փորձում են «արդարացնե՜լ» ԱՄՆ-Իսրայէլ հակա-Իրան տանդեմին տուրք տալն ու սեփական մեղսակցութիւնը։
5. Ինչքան էլ ոչ-զարմանալի, բայց միաժամանակ ՆԱՏՕ-Եւրոմիութիւն դատապարտանքի նորացւա՜ծ ու համատեղ յայտարարութիւն տարածւեց, դեռեւս անցնող տարւայ փետրւարին իրանական խժդժութիւնների մասին, մինչդեռ այս օրերին համաշխարհային ընտանիքն ականատես է լինում նոյն Եւրոպայի սրտում՝ Փարիզում ու Բրիւսէլում, դպրոցական աշակերտութեան բողոքների դէմ դատապարտելի բռնաճնշումների…։
6. Այսպէս, ահա, ԻԻՀ-ի դէմ քաղաքական-քարոզչական նորանոր ռեպրեսիաները, միտում են երիցս արդարացնե՜լ հակա-Իրան ըստ ամենայնի անմարդկային ու անարդար պատժամիջոցները, ընդհուպ՝ հող նախապատրաստելով նոր սպառնալիքների ու առաւել եւս՝ ռազմական նոր վայրագութիւնների համար։
7. Իրանը, սակայն, ի հեճուկս այդ ամենի, մտադիր է ինչպէս երբեւէ, արժանապատւօրէն դիմագրաւել բոլոր կարգի սպառնալիքներն ու տէր կանգնել իր հայրենական ու պետական շահերին ու իրաւունքներին։ Այդ ճամբին երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան նախընտրութիւնն, ոչ այլ կերպ՝ քան դիւանագիտական-քաղաքական երկխօսութիւնն է. այլապէս՝ յանուն երկրի ամբողջականութեան ու ինքնիշխանութեան, իրանցիք վերստին պատրաստ են յաչս աշխարհի՝ երիցս ցուցադրել համազգային նոր զոհողութիւնների արժանապատիւ օրինաչափութիւնները…


