Միշէլ Բաշելէն հրաժարւել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնի թեկնածութիւնից. Գրոսսին մնում է թեկնածուների շարքում

Չիլիի առաջին կին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների նախկին գերագոյն յանձնակատար Միշէլ Բաշելէն յայտարարել է իր ինքնաբացարկի մասին եւ դուրս է գալիս ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնի համար ընթացող մրցապայքարից:
AFP-ի հաղորդմամբ որոշումը յաջորդել է նախնական հարցման արդիւնքներին, որոնց համաձայն ութ թեկնածուների շարքում Բաշելէն զբաղեցրել էր 7-րդ տեղը։ Իր տարածած տեսաուղերձում նա ասել է, որ որոշել է չշարունակել իր թեկնածութիւնը, միաժամանակ նշելով, որ չի զղջում այս մարտահրաւէրին մասնակցելու համար։
Բաշելէի դուրս գալուց յետոյ մրցապայքարում մնացել է եօթ թեկնածու՝ չորս կին եւ երեք տղամարդ։ Նրանց շարքում է նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին։
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի լիազօրութիւնների ժամկէտը կաւարտւի 2026 թւականի դեկտեմբերի 31-ին։ ՄԱԿ-ի 80-ամեայ պատմութեան ընթացքում ոչ մի կին չի զբաղեցրել այս պաշտօնը։ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարներից մինչ այժմ միայն մէկն է եղել Լատինական Ամերիկայից՝ պերուացի Խաւիեր Պերես դէ Կուէեարը, որը պաշտօնավարել է 1982-1991 թւականներին։
Գլխաւոր քարտուղարի ընտրութեան ոչ պաշտօնական գործընթացում մինչ այժմ անց է կացւել քւէարկութեան երեք փուլ։ Առաջին երկու փուլերում Անվտանգութեան խորհրդում ձայների մեծ մասն իրենով է արել Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսփանին, իսկ երրորդ փուլում առաջին տեղն է զբաղեցրել Գոյեանի նախկին արտգործնախարար Քարոլին Ռոդրիգես-Բիրքեթը։



