ԱՄՆ-ը պաշտօնապէս անւանափոխել է Մեքսիկական ծոցն Ամերիկեանի
«ԱԼԻՔ» – ԱՄՆ ներքին գործերի նախարարութիւնը յայտարարել է Մեքսիկական ծոցն Ամերիկեանի վերանւանելու մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Նաեւ տեղեկացւել է, որ Հիւսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը նորից կը կրի Մակքինլիի անունը։
«Այս փոփոխութիւնները հաստատում են ազգի յանձնառութիւնը՝ պահպանելու Միացեալ Նահանգների նշանաւոր ժառանգութիւնը եւ երաշխաւորելու, որ ամերիկացիների ապագայ սերունդները կը յարգեն ազգի հերոսների ժառանգութիւնը եւ պատմական արժէքները»,- նշւել է ներքին գործերի նախարարութեան յայտարարութիւնում:
ԱՄՆ աշխարհագրական անունների խորհուրդը, որը ղեկավարում է ներքին գործերի նախարարութիւնը, աշխատում է Աշխարհագրական անունների տեղեկատւական համակարգում պաշտօնական դաշնային անւանացանկը թարմացնելու ուղղութեամբ՝ արտացոլելով այս փոփոխութիւնները, որոնք անմիջապէս կը գործեն դաշնային կիրառման համար:
«Ամերիկեան ծոցը, որը նախկինում յայտնի էր որպէս Մեքսիկական ծոց, երկրի պատմութեան եւ տնտեսութեան կարեւորագոյն արժէքներից մէկն է: Ձգւելով աւելի քան 1700 մղոն ԱՄՆ առափնեայ գծով եւ ընդգրկելով մօտ 160 մլն. ակր՝ ծոցը դարձել է ամերիկեան առեւտրի, էներգիայի արտադրութեան եւ ծովային արդիւնաբերութեան կարեւորագոյն զարկերակը»,- նշւել է գերատեսչութեան պարզաբանման մէջ:
Նաեւ ընդգծւել է, որ 1917 թ. երկիրը պաշտօնապէս յարգել է նախագահ Մակքինլիի յիշատակը՝ նրա անունով կոչելով Հիւսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը։
«Մօտ մէկ դար անց, սակայն, նախագահ Օբամայի վարչակազմը 2015 թ. հեռացրել է Մակքինլիի անունը դաշնային անւանացանկից, ինչը վիրաւորանք էր նախագահ Մակքինլիի կեանքի, ձեռքբերումների եւ զոհաբերութիւնների համար: Գագաթն իր պատմական անւանը վերադարձնելու որոշումը նախագահ Մակքինլիի մնայուն ժառանգութեան նշանակալի ճանաչումն է»,- նշւել ԱՄՆ ՆԳՆ յայտարարութիւնում: