ԻրանՀամայնքՔաղաքական

Գիլանի նահանգապետը՝ Արսէն Մինասեանի մասին. «Նա մարդասիրութեան եւ կրօնների համակեցութեան խորհրդանիշ է»

«ԱԼԻՔ» – Գիլանի նահանգապետ Հադի Հաղշենասը, հանդիպելով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովում Անզալիի եւ Ռաշտի պատգամաւոր Իսակ Իւնանէսեանի հետ, մեծ բարերար Արսէն Մինասեանին անւանել է մարդասիրութեան, բարեգործութեան եւ կրօնների խաղաղ համակեցութեան խորհրդանիշ` ընդգծելով նրա անսպառ դերակատարութիւնը Իրանի պատմութեան մէջ։ Հաղորդում է «Թրիբուն Գիլանը»-ը։

Նահանգապետը յիշեցրել է, որ Արսէն Մինասեանը Ռաշտ քաղաքում հիմնել է Իրանի առաջին բարեգործական դեղատունը՝ նշելով, որ նրա գործունէութիւնը երբեք սահմանափակւած չի եղել որեւէ համայնքով։

«Մինասեանի նւիրումն ու մարդասիրական ոգին ներշնչանքի օրինակ են բոլոր իրանցիների համար»,- ասել է Հաղշենասը։

Նա նաեւ շնորհակալութիւն է յայտնել Գիլանի հայ համայնքին՝ նահանգի մշակութային եւ սոցիալական կեանքի կարեւոր մասն լինելու համար։

«Գիլանում տարբեր կրօնների հետեւորդները միշտ ապրել են յարգանքով եւ փոխըմբռնումով, ինչը արտացոլում է Իրանի միասնականութեան, սիրոյ եւ մարդկային բարոյականութեան բարձր արժէքները»,- նշել է նա։

Իր հերթին՝ Իսակ Իւնանէսեանը շնորհակալութիւն է յայտնել նահանգապետին՝ ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների հանդէպ դրսեւորւած դրական վերաբերմունքի համար։

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում կրօնական փոքրամասնութիւնները լիովին ազատ են իրենց հաւատքն ու աւանդոյթները պահպանելու գործում եւ մշտապէս ապրել են եղբայրաբար՝ միւս ազգութիւնների եւ կրօնների ներկայացուցիչների կողքին։

«Այս խաղաղ համակեցութիւնը վկայում է իրանցիների հինաւուրց մշակոյթի ու նրանց հաւատարմութեան մասին մարդկային եւ աստւածային արժէքներին»,- ասել է Իւնանէսեանը։

Related Articles

Back to top button