Երեք շաբաթ տեւող հազը կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին

Երեք շաբաթ եւ աւելի երկար տեւող հազը կարող է թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել։ Այս մասին զգուշացրել են Մեծ Բրիտանիայի Առողջապահութեան ազգային ծառայութեան (NHS) փորձագէտները։ Գիտնականների խօսքերը մէջբերում է Daily Mirror պարբերականը։
Ինչպէս պարզաբանում է պարբերականը, դէպքերի մեծ մասում հազը կապւած է աւելի բնորոշ պատճառների՝ մրսածութեան, գրիպի կամ COVID-19-ի հետ, սակայն երբեմն այն կարող է մատնանշել օնկոլոգիական գործընթացի զարգացումը։ NHS-ի տւեալներով՝ պէտք է զգուշացնեն այն հազը, որը չի անցնում կամ ուժեղանում է, շնչուղիների կրկնւող վարակները, արիւնոտ հազը, շնչելու ժամանակ կամ հազալիս առաջացող ցաւը, մշտական շնչահեղձութիւնը, հոգնածութիւնը, ախորժակի կորուստը եւ քաշի անբացատրելի կորուստը։
Ծառայութեան կայքում նշւում է, որ թոքերի քաղցկեղի աւելի հազւադէպ հանդիպող նշաններից են մատների ձեւի փոփոխութիւնները, դժւարացած կամ ցաւոտ կուլ տալը, խզզոցով շնչառութիւնը, խռպոտ ձայնը, ինչպէս նաեւ դէմքի կամ պարանոցի այտուցը։
«Հիմնական ռիսկի գործօնը շարունակում է մնալ ծխելը. դա հիւանդութիւնների աւելի քան 70%-ի պատճառ է հանդիսանում։ Միւս հնարաւոր պատճառների թւում նշւում են ռադոնի, ասբեստի եւ ածխի գոլորշիների ազդեցութիւնը»,- եզրակացրել են բժիշկները։
News.am



