Գիտնականները բացայայտել են արեւի լոյսի պակասի անսպասելի մահացու հետեւանքները

Գիտնականները պարզել են, որ արեւի լոյսի պակասը կարող է զգալիօրէն բարձրացնել ոչ միայն շաքարային դիաբետի եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների, այլեւ դեպրեսիայի, ընդհուպ մինչեւ ինքնասպանութեան մտքերի ռիսկը։
Արդիւնքները հրապարակւել են Journal of Health Economics-ում:
Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ այն մարդիկ, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում արեւի տակ, աւելի յաճախ են տառապում նիւթափոխանակութեան խանգարումներից, բարձր ճնշումից եւ էմոցիոնալ վիճակի վատթարացումից։
Հետազօտողների միջազգային խումբն այս ազդեցութիւնները կապում է վիտամին D-ի պակասի եւ ներքին կենսառիթմերի խանգարման հետ։ Երբ արեւի լոյսը բաւարար չէ, նւազում է սերոտոնինի (տրամադրութեան համար պատասխանատու հորմոն) արտադրութիւնը եւ միաժամանակ բարձրանում է մելատոնինի մակարդակը, որն առաջացնում է քնկոտութիւն եւ անտարբերութիւն (ապատիա)։ Այս անհաւասարակշռութիւնը յանգեցնում է սեզոնային դեպրեսիաների եւ ծանր դէպքերում, կարող է բարձրացնել ինքնասպանութիւնների ռիսկը։
Գիտնականները նաեւ յայտնաբերել են, որ արեւի լոյսի պակասի դէպքում բջիջներն աւելի վատ են արձագանքում ինսուլինին, ինչը մեծացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հաւանականութիւնը։ Միաժամանակ, անօթներում աճում է բորբոքային գործընթացների մակարդակը, վատանում է դրանց առաձգականութիւնը եւ բարձրանում սիրտ-անօթային հիւանդութիւնների ռիսկը։ Այսպիսով, արեւի պակասը համակարգային ազդեցութիւն է ունենում՝ նիւթափոխանակութիւնից մինչեւ հոգեկան վիճակ։
Հետազօտողները շեշտում են, որ նոյնիսկ արեւի տակ գտնւելու կարճ ժամանակահատւածները կարող են օգտակար լինել. օրական ընդամէնը 15-30 րոպէն բաւարար է վիտամին D-ի նորմալ մակարդակը պահպանելու եւ տրամադրութիւնը բարելաւելու համար։ Սա արեւայրուքի մասին չէ, այլ բնական լուսաւորութեան՝ զբօսանքների, բաց պատուհանների, առաւօտեան ճառագայթների մասին։
Գիտնականները յոյս ունեն, որ նոր տւեալները կօգնեն վերանայել քրոնիկ եւ հոգեկան հիւանդութիւնների կանխարգելման ուղեցոյցները, յատկապէս հիւսիսային շրջանների բնակիչների եւ նրանց համար, ովքեր ժամանակի մեծ մասն անցկացնում են փակ տարածքներում։
News.am



