OpenAI-ը եւ Oracle յայտնել են, որ արհեստական բանականութիւնը թոյլ կը տայ արագ բուժել հիւանդութիւնները, ներառեալ քաղցկեղը
«ԱԼԻՔ» – Արհեստական բանականութեան (ԱԲ) տեխնոլոգիաների զարգացումը թոյլ կը տայ արագացւած թերապիայի, ինչպէս նաեւ քաղցկեղի յայտնաբերման եւ բուժման նոր մեթոդներ մշակել։ Այս մասին ըստ News.am-ի՝ Սպիտակ տանն ունեցած ելոյթում յայտնել են OpenAI եւ Oracle ընկերութիւնների ղեկավարներ Սեմ Ալթմանը եւ Լարի Էլիսոնը։
«Այս տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ՝ մենք կը տեսնենք, որ հիւանդութիւնները բուժւում են աննախադէպ արագութեամբ: Մենք կը զարմանանք, թէ ինչ արագութեամբ կը բուժւեն քաղցկեղն ու սրտի հիւանդութիւնները»,- հաւաստիացրել է Ալթմանը։ Նրա խօսքով՝ ԱԲ տեխնոլոգիաները նաեւ հնարաւորութիւն կը տան ապահովել «բարձրորակ բուժսպասարկում» իջեցւած արժէքով։
«Ամենայուզիչ մօտեցումներից մէկը, որի վրայ մենք աշխատում ենք, քաղցկեղի դէմ պատւաստանիւթն է»,- նշել է Էլիսոնը: Ըստ նրա՝ խօսքը «քաղցկեղի վաղ յայտնաբերման» մեթոդների մասին է՝ արեան անալիզի միջոցով եւ արհեստական բանականութեան օգնութեամբ՝ արեան մէջ «ուռուցքների փոքր բեկորները» յայտնաբերելու համար։
«Մենք օգտագործում ենք ԱԲ-ն արեան ստուգման համար: Այդ կերպ կարելի է բացայայտել մարդու համար վտանգաւոր քաղցկեղի տեսակները»,- պարզաբանել է նա։ Էլիսոնի խօսքով՝ արհեստական բանականութիւնը կարող է նաեւ հնարաւոր դարձնել 48 ժամւայ ընթացքում «պատւաստանիւթի ստեղծումը իրաքանչիւր կոնկրետ անձի համար»:
Ալթմանը եւ Էլիսոնը ելոյթ են ունեցել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ԱՄՆ նախագահը յայտարարել է երկրում Stargate ընկերութեան ստեղծման մասին, որը 500 մլրդ. դոլար կը ներդնի արհեստական բանականութեան զարգացման համար։ Նախագծին մասնակցում են OpenAI, SoftBank Group եւ Oracle ընկերութիւնները: