Գիտնականները պարզել են, թէ ինչու է COVID-19 համավարակը յանգեցրել է ԱՄՆ-ում սրտի նոպայով հոսպիտալացումների թւի կրճատմանը
COVID-19 համավարակը յանգեցրել է ԱՄՆ-ում սրտի նոպայի պատճառով հոսպիտալացումների 35%-ով նւազմանը, բայց նոյնիսկ հիմա այդ ցուցանիշը շարունակում է նւազել։ Ինչո՞ւ։ Նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ թէեւ համավարակի ժամանակ բժշկական օգնութիւնից խուսափող մարդիկ նպաստել են հիւանդութեան կարճաժամկէտ անկմանը, սակայն այս նւազման միտումի հիմնական պատճառը սրտի նոպայի առաւել արդիւնաւէտ կանխարգելումն է:
JAMA Cardiology-ում հրապարակւած ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ սրտի նոպայի առիթով բժշկին այցելութիւնները եւ հոսպիտալացումները եղել են ամենացածր մակարդակում, երբ համավարակը հասել է գագաթնակէտին, ինչն ապացուցւում է COVID-19-ից մահացութեան ցուցանիշերով: Նոյնը վերաբերում է այլ հրատապ կամ ցաւոտ վիճակներին, ինչպիսին, օրինակ, երիկամներում եղած քարերն են: Սա ենթադրում է, որ մարդիկ, որոնք սովորական պայմաններում կարող էին դիմել բժշկական օգնութեան, նախընտրել են մնալ տանը, երբ COVID-19-ով վարակւելու վտանգը մեծ է եղել:
Գիտնականները փորձել են ճշտել այնպիսի գործօնները, ինչպիսիք են COVID-19-ից յաւելեալ մահացութիւնը, այսինքն՝ մահացութիւնների թիւը, որ գերազանցել է սովորական պայմաններում ակնկալւող մահերի թիւը: Սակայն, այս ճշգրտումը չի պարզաբանել հիւանդանոց այցելութիւնների թւի կրճատումը, ուստի հետազօտողները եկել են այն եզրակացութեան, որ բժշկական օգնութիւնից խուսափելը համավարակով պայմանաւորւած կրճատման հիմնական պատճառն է եղել:
Բայց նոյնիսկ այն բանից յետոյ, երբ չեղարկւեցին համավարակի պատճառով սահմանափակումները, բժիշկների այցելութիւնների եւ հոսպիտալացումների թիւը մնաց աւելի ցածր մակարդակի վրայ, քան մինչեւ համավարակն էր: Սա արտացոլում է սրտի նոպաների յաճախականութեան աւելի լայն եւ կայուն նւազումը: Հետազօտողները ենթադրում են, որ այս միտումը մի շարք պատճառներ ունի, այդ թւում այն, որ մարդիկ սկսել են աւելի քիչ ծխել, հնարաւոր է, սկսել են աւելի առողջ սնունդ օգտագործել, ինչպէս նաեւ բարելաււել է ուղեկցող հիւանդութիւնների բուժումը, ինչպիսիք են խոլեստերինի բարձր մակարդակը եւ արեան բարձր ճնշումը: