Անդամալոյծ վերջոյթները վերստին կը կարողանան շարժւել. ի՞նչն է օգնել գիտնականներին հասնել նման առաջընթացի

Մտքի աննշան տեղաշարժը այժմ կարող է տարածւել ողնաշարի երկայնքով՝ առաջացնելով շարժում կաթւածահարւած վերջոյթներում, որոնք նախկինում հրաժարւում էին ենթարկւել ուղեղի հրամաններին։ Այդ հայեցակարգը, որը մի ժամանակ գիտաֆանտաստիկայի ոլորտին առնչւող երեւոյթ էր համարւում, գիտնականների նոր հետազօտութիւնների շնորհիւ աւելի է մօտենում իրականութեանը, գրում է HealthDay-ը։
Journal of NeuroEngineering and Rehabilitation բժշկագիտական հանդէսում հրապարակւած հետազօտութեան մէջ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ կենսաբժշկական ինժեներ Իսմայէլ Սիանիեզայի գլխաւորութեամբ, ուսումնասիրել են այս երեւոյթը։ Ողնաշարի վնասւածքներից զերծ տասնեոթ մասնակիցներ կրում էին ԷԷԳ պարկուճներ՝ ուղեղի ակտիւութիւնը գրանցելու համար, երբ նրանք շարժում էին ոտքերը կամ պատկերացնում էին ոտքերի շարժումը։
Արդիւնքում ստացւած տւեալները դեկոդերին վարժեցրել են զանազանել ակտիւ եւ երեւակայական շարժումները, հաղորդում է Фокус-ը։ Դեկոդերը կարողացաւ նոյնիսկ կանխատեսել շարժման մտադրութիւնը անգամ ֆիզիկական շարժման բացակայութեան պարագայում՝ ողնուղեղի արտաքին խթանում յարուցելով՝ ոտքի համար իրական ազդանշան ստեղծելու համար։
Նոր մօտեցումն օգտագործում է ուղեղի ազդանշանների միջեւ եղած նմանութիւններն՝ իրական եւ երեւակայական շարժումների ժամանակ։ Կենտրոնանալով մտադրութիւնների, այլ ոչ թէ գործողութիւնների վրայ՝ համակարգը վերացնում է դեկոդերը մարզելու համար ֆիզիկական գործողութիւնների անհրաժեշտութիւնը, ինչը մեծ առաւելութիւն է կաթւածից տառապող մարդկանց համար։ Հեղինակները կարծում են, որ եղանակի ոչ ինւազիւ բնոյթը, որն օգտագործում է արտաքին էլեկտրոդներ ԷԷԳ-ն գրանցելու եւ ողնուղեղը խթանելու համար, մեծացնում է դրա կլինիկական կիրառման ներուժը:
Ֆունկցիոնալ էլեկտրական խթանումը (FES), որն ցածր էներգիայի էլեկտրական ազդակներ է կիրառում՝ մկանային կծկումներ առաջացնելու համար, վաղուց օգտագործւել է տարբեր վերականգնողական գործընթացներում։ FES-ի ինտեգրումն ուղեղ-համակարգչային ինտերֆէյսների հետ կարող է բարելաւել ողնուղեղի ծանր վնասւածքների թերապիայի արդիւնաւէտութիւնը։
Ապագայում հետազօտական խումբը մտադիր է համապարփակ դեկոդեր մշակել, որն ի վիճակի կը լինի մեկնաբանելու տարբեր վիճակներում գտնւող մարդկանց լայն շրջանակի շարժիչ մտադրութիւնները։ Նման գործիքը կը հեշտացնի վերականգնողական գործընթացը, կը վերացնի անհատական դեկոդերի ուսուցման անհրաժեշտութիւնը եւ հնարաւոր է՝ արագացնի վերականգնման ժամանակը։
Այս հետազօտութիւնը նշանակալի քայլ է ողնաշարի վնասւածք ունեցող մարդկանց շարժունակութիւնը վերականգնելու ուղղութեամբ։ Ոչ ինւազիւ մանիպուլյացիայի միջոցով մտքերը շարժման վերածելով՝ այն նոր հնարաւորութիւններ է բացում անշարժ բուժառուների վերականգնման համար եւ խորացնում ուղեղի՝ տեխնոլոգիաների միջոցով ադապտացւելու եւ վերականգնւելու ունակութեան վերաբերյալ գիտնականների ըմբռնումը։
news.am