Այլ

Յայտնաբերւել է ծերացման ընթացքում շարժողական ունակութիւնները պահպանող առանցքային սպիտակուց

Շւէյցարիայի Լօզանի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների անցկացւած նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ պտղաճանճերի շրջանում տարիքով պայմանաւորւած շարժողական ունակութիւնների նւազման դէմ կարելի է պայքարել երեք սպիտակուցների արտայայտման ուժգնացման միջոցով, ինչը հնարաւորութիւն է ընձեռում մշակել տարիքին առնչւող շարժողական ակտիւութեան անկման բուժման հնարաւոր եղանակներ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cell Reports հանդեսում:

Տարիքի հետ մեր շարժողական ունակութիւնները նկատելիօրէն նւազում են, ինչն իր հերթին անդրադառնում է մեր կեանքի որակի եւ անկախութեան վրայ: Դա կարող է պայմանաւորւած լինել նէյրոմկանային հանգոյցներում տեղի ունեցող փոփոխութիւնների հետ՝ այն կրիտիկական կէտերում, որտեղ նեարդային բջիջները փոխազդում են մկանների հետ:

Շարժողական ունակութիւնների վատթարացումը սերտօրէն կապւած է մոտորային սինապտիկ վերջաւորութիւնների այլասերման հետ, որոնք ազդանշաններ են փոխանցում ողնաշարի նեարդերից դէպի մկանները։

Տարիքի հետ այս վերջաւորութիւնները ենթարկւում են կառուցւածքային հատւածաւորման, ինչը նւազեցնում է նէյրոհաղորդիչների արտադրութիւնը, որոնք կարեւոր են մկանային շարժումներ անելու համար: Ի վերջոյ, դա յանգեցնում է շարժողական գործունէութեան նւազմանը, յատկապէս լարւած շարժումներ կատարելիս:

Ներկայում Բրայան Մաքքէյբի գլխաւորած խմբի հետազօտութիւնը դա կանխելու հնարաւոր միջոց է յայտնաբերել: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ սինապսի կառուցւածքը կարգաւորող Trio սպիտակուցի քանակը ծերացող պտղաճանճերի (Drosophila melanogaster) մէջ նւազում է, ինչը յանգեցնում է շարժողական ունակութիւնների նւազմանը:

Սակայն Trio սպիտակուցի քանակի աւելացումը պահպանում է շարժիչային սինապսների ամբողջականութիւնը եւ դանդաղեցնում շարժողական գործունէութեան վատթարացումը:

Գիտնականների թիմն առաջին անգամ բացայայտել է, որ Trio-ի մակարդակը շարժողական սինապսներում տարիքի հետ նւազում է: Ելնելով դրանից՝ հետազօտողները կենտրոնացել են Trio սպիտակուցի ազդեցութեան վրայ՝ գենետիկօրէն մեծացնելով դրա արտայայտութիւնը ծերացող պտղաճանճերի մէջ: Դա նրանց հնարաւորութիւն է ընձեռել ուսումնասիրել՝ ինչպէս է սպիտակուցի մակարդակն ազդում նեարդամկանային հանգոյցների կառուցւածքային եւ ֆունկցիոնալ կայունութեան վրայ:

Գիտնականները յանգել են այն եզրակացութեան, որ Trio սպիտակուցի գործողութեան ուժգնացումը կարող է կայունացնել սինապտիկ ճարտարապետութիւնը, իսկ դա  նշանակում է, որ տարիքի հետ շարժողական ունակութիւնների նւազումը հնարաւոր է մեղմել:

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button